Լիա Միսակյանի գործով շարունակվում է վկաների հարցաքննությունը
15:39, May 29, 2014 | Նորություններ, Սեփական լրատվություն | Երեխաների իրավունքներ | Լիա Միսակյան2014 թ. մայիսի 29-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասությանդատարանում, նախագահությամբ դատավոր՝ Լ. Ավետիսյանի, շարունակվեց 2-ամյա Լիա Միսակյանի մահվան դեպքի առթիվ Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի նկատմամբ հարուցված քրեական գործով ապացույցների հետազոտումը: Դատաքննության ընթացքում հարցաքննվեց գործով դատակոչված վկա, «Դատաբժշկական, գիտա-գործնական կենտրոնի» փորձագետ Գագիկ Հարությունյանը:
Հանձնաժողովային փորձաքննության եզրակացությամբ վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ առաջադրված առաջին հարցի պատասխանում փորձագետների հանձնաժողովը հանգել է հետևության այն մասին, որ հիվանդանոց ընդունվելուց հետո Լիա Միսակյանի ախտորոշումը կատարվել է թերի: Գործով մեղադրող Դ.Կարապետյանը ճշտեց, թե ինչ հանգամանքներից ելնելով է կատարվել նման հետևությունը: Փորձագետը պարզաբանեց, որ այդպիսի հետևության կարելի էր հանգել նաև երեխայի անամնեստիկ տվյալներից, որոնք տվյալ դեպքում հերթապահ բժշկուհուն հայտնվել են Լիա Միսակյանի ծնողների կողմից: Անամնեստիկ տվյալներն ընթերցելիս անգամ կարծիք է ստեղծվում, որ երեխայի վիճակը լուրջ է եղել, հիվանդությունն առաջացել է շուրջ 14 օր առաջ, երեխան ունեցել է հազ, ցնցումներ, շրթունքները կապտած են եղել: Բացի այդ երեխայի շնչառության հաճախությունը եղել է 32, ինչը 2,5 տարեկան երեխայի համար շատ է, այն պետք է լիներ գոնե 28: Տնքոցներով շնչառությունը, էրորալ ցիանոզն արդեն իսկ խոսում են խորը թոքաբորբի մասին: Փորձագետը նշեց, որ այս տվյալներն արդեն բավարար են և պետք էր կատարել լաբորատոր անալիզներ, ռենտգեն նկարահանում, որից հետո պետք է նշանակվեր հակաբակտերիալ բուժում: Մեղադրողի առաջադրած հարցին ի պատասխան փորձագետը հայտնեց, որ որևիցե բժշկական հաստատությունում ջերմության պատճառվ կամ թանձրացած լինելու պատճառով արյան նմուշ վերցնելու անհնարինության խնդիրներ չեն ծագում, իսկ անգամ տեխնիկական պատճառներով չստացվելու պարագայում հերթապահ բուժքույրը պետք է հայտներ այդ մասին բժշկուհուն՝ Լիլիթ Վարդանյանին: Փորձագետ Գ. Հարությունյանն իր ցուցմունքում հայտնեց, որ արյան անալիզների արդյունքները ստանալուց հետո պետք է կտրուկ միջոցներ ձեռնարկվեին, այն է՝ նշանակվեր հզոր հակաբակտերիալ բուժում, քանզի լեյկոցիտների ցածր քանակը խոսում է ցածր դիմադրողականության մասին: Բացի այդ, արյան անալիզի պատասխանը չունենալու հանգամանքը որևէ կապ չի կարող ունենալ ռենտգեն նկարահանում կատարելու հետ:
Փորձագետը դատաքննության ընթացքում հայտնեց նաև այն մասին, որ երրորդ օրը նշանակված դեքսամետազոն դեղամիջոցը հակացուցված է եղել Լիա Միսակյանին, իսկ մյուս դեղորայքային բուժումը հակացուցված չի եղել: Գ. Հարությունյանը նշեց, որ եթե դեկտեմբերի 31-ին կատարվեր ճիշտ ախտորոշում, ապա պետք է պարտադիր կատարվեր արյան փոխներակում: Փորձագետը բացառեց դատաքննության ընթացքում վկայություն տված բժիշկների կողմից հայտնած տվյալների իսկությունը, նշելով, որ Լիա Միսակյանի մոտ չէր կարող գրանցվել կայծակնային մահ, քանի որ երեխան հիվանդանոց ընդունվել է 2013 թ. դեկտեմբերի 31-ին ժամը 20:20-ին, եթե երեխան գտնվել է հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ, չի կարող խոսք լինել կայծակնային մահվան մասին, բացի այդ փորձագետը հայտնեց, որ թոքաբորբից առաջացած կայծակնային մահվան պարագայում, երեխայի ներքին օրգաններում պետք է լինեին արյունազեղումներ, մինդեռ Լիա Միսակյանի մոտ դրանք բացակայել են, փոխարենը թոքերում հայտնաբերվել է թարախազին զանգված: Փորձագետը հերքեց նաև խոզի գրիպի հետևանքով մահանալու հանգամանքը, հավելելով, որ եթե բուժանձնակազմը երեխայի մոտ նկատել է այդ գրիպի վարակի առկայությունը, ապա պետք է արագ արձագանքեր հիվանդությանը և կատարեր համապատասխան բուժում:
Տուժողի իրավահագորդ Գերոգի Միսակյանի այն հարցին, թե ինչ է նշանակում ֆիբրիլ ցնցում, Գ. Հարությունյանը պատասխանեց, որ դա հիմնականում բարձր ջերմության հետևանք է, իսկ նշանակված նատրի քլորը բուժման միջոց չէ, անհրաժեշտ է գտնել ցնցման պատճառը և նշանակել համապատասխան բուժում: Առաջադրված հարցին ի պատասխան փորձագետը կարծիք հայտնեց, որ ծանր գնահատված վիճակի դեպքում նպատակահարմար կլիներ Լիա Միսակյանին տեղափոխել ոչ թե բոքսային բաժանամունք, այլ վերակենդանացման բաժանմունք:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ա. Սաքունցը փորձագետին հարցեր ուղղեց պատմագրի ոչ պատշաճ լրացնելու վերաբերյալ, որի առնչությամբ փորձագետը հայտնեց, որ հանձնաժողովը անբավարար է գնահատել պատմագրի լրացման մակարդակը, մասնավորապես, մեկ օրվա մեջ գրեթե գրառումներ չեն կատարվել, նույնիսկ տվյալներ չեն նշվել ջերմության, շնչառության, սրտի աշխատանքի հաճախականության վերաբերյալ, մինչդեռ պատմագիրը միակ իրավաբանական փաստաթուղթն է և այն պետք է լրացվի պատշաճորեն: Առաջադրված հարցին ի պատասխան փորձագետը նշեց, որ հունվարի 2-ի տվյալներով երեխայի հիվանդության զարգացման աճ շատ չի եղել և դրական գնահատեց այդ օրը հերթապահած բժշկուհի Իրինա Մամյանի ձեռնարկած միջոցառումները:
Գործով ամբաստանյալ Լիլիթ Վարդանյանի փաստաբան Գ.Հովհաննիսյանը փորձագետից ճշտեց, թե արդյոք կան ախտորոշելու, բուժում նշանակելու չափորոշիչներ: Փորձագետը հայտնեց, որ նման չափորոշիչներ գոյություն չունեն, բոլոր բժիշկները տալիս են հիպոկրատի երդում, գոյություն ունեն արձանագրություններ, որոնց վերաբերյալ դասընթացներ են արվում, սակայն բուժման հիմքում դրվում են ուսման ընթացքում ձեռք բերած բժշկական գիտելիքները: Փաստաբանը հայտնեց, որ գոյություն ունի առողջապահության միջազգային կազմաերպության կողմից սահմանած չափորոշիչներ, որոնք ընդունվել են նաև ՀՀ-ում՝ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, և ըստ այդ չափորոշիչների, թոքաբորբի դեպքում շնչառության հաճախությունը պետք է կազմի 42: Փորձագետը պնդեց, որ երեխայի մոտ սրտի հաճախականությունը 32-ի դեպքում արդեն նշանակում է հաճախաշնչություն, քանի որ սահմանված նորման 26-28 է: Փաստաբանը փորձեց պարզել, թե ինչ գրականության փորձագետը կարող է հղում անել իր հայնած տվյալները հաստատելու համար: Փորձագետը նշեց, որ մասնագիտական գրականությունը բավականին շատ է: Հանձնաժողովային փորձագիտական եզրակացությունը տալու համար օգտագործված գրականության ցանկը սակայն, դատաքննության ընթացքում հնարավոր չեղավ պարզել, որի պատճառով անհրաժեշտություն առաջացավ հետաձգել դատական նիստը:
Այդպիսով, սույն գործով հաջորդ դատական նիստը նշանակվեց 2014 թ. մայիսի 31-ին, ժամը 11:00-ին, որի ընթացքում կշարունակվի փորձագետ Գ. Հարությունյանի հարցաքննությունը, ինչպես նաև կհարցաքննվեն գործով դատակոչված մյուս փորձագետները: