Փորձագետը բացառում է երեխայի կայծակնային մահվան վարկածը
15:45, May 29, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Երեխաների իրավունքներ | Լիա ՄիսակյանՓորձագետ Գագիկ Հարությունյանն Aravot.am-ին ասաց, որ մինչ դատարան գալը համբուրել է իր վեց ամսեկան թոռանը, եկել, որ ամեն բան ասի, ներկայացնի իրենց եզրակացությունը: Երկու տարեկան Լիա Միսակյանի մահվան փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել երկու մանկաբույժների` Լիլիթ Վարդանյանի եւ Զարինե Այվազյանի նկատմամբ:
Դատական նիստերը շարունակվում են Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Լեւոն Ավետիսյանի նախագահությամբ: Բացի բժիշկների մերձավոր շրջանակներից ու սակավաթիվ լրագրողներից, դահլիճը համարյա դատարկ է:
Մանկաբույժների պահվածքից չես ասի, թե նրանք կատարվածի համար ամաչում են, նրանցից հաճախ կարող ես տեսնել Լիլիթ Վարդանյանին ժպտալիս: Այսօր դատարան հրավիրված փորձագետ Գագիկ Հարությունյանն ասաց, որ երեխայի կյանքը հնարավոր էր փրկել, եթե ժամանակին կատարվեին ախտորոշումները, անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումները: Ըստ նրա, հիվանդության պատմագրի վիճակը, երբ ուսումնասիրել են, եղել է անբավարար, «աղքատ»:
Հիվանդի բուժհաստատություն ընդունվելուց հետո գրանցումներ չեն կատարվել, հիվանդի վիճակի մասին գրառումներ չեն կատարվել: Փորձագետը բացառեց խոզի գրիպով վարակված լինելը, հիվանդության կայծակնային բնույթը.«Ուզում եմ ձեզ հիասթափեցնել: Չկա, չի եղել նման խնդիր: Բուժանձնակազմի հսկողության տակ կայծակնային մա՞հ: Խոսք լինել չի կարող: Մենք գործ ունենք թարախային թոքաբորբի հետ»:
Մեղադրանքը պաշտպանող Դավիթ Կարապետյանի հարցին էլ, թե ինչ միջոցառումներ պետք է ձեռնարկեին մանկաբույժները, փորձագետը պատասխանեց. «Արյունը տեղեկատվական բնույթ ունի: Երեխայի դիմադրողականությունը եղել է ցածր: Առկա վիճակը խոսել է թոքերի վնասման մասին: Պետք է արվեր ռենտգեն, արյան անալիզից առաջ»:
Ըստ Գ. Հարությունյանի, արյան փոխներարկում պետք է արվեր, եւ երեխան էլ վերակենդանացման բաժին տարվեր: Դատախազը նաեւ հայտնեց, թե պաշտպանական կողմը հակափաստարկների մեջ նշում է այն, որ հիվանդության վաղեմությունը որոշել հնարավոր չէ, ասել է, թե` «Մեկի ճակատին կրակես, ասել`սիրտը ինչու է կանգնել»:
Պաշտպան Երեմ Սարգսյանը կոռեկտ չհամարեց դատախազի հարցը, իսկ դատավորն էլ հարցը հանեց: Պաշտպան Գիվի Հովհաննիսյանին էլ հետաքրքրում էր, թե փորձագետն իր եզրակացությունը տալիս, ինչ գրականություն է ուսումնասիրել, նա մեջբերեց առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներից, որոնք ձեռք էին բերվել համացանցից: Փորձագետը ասաց, որ առողջապահության միջազգային կազմակերպությունը եւ նրա «պրոտոկոլները» չեն բուժում հիվանդին, այլ բժիշկն է բուժում: Պաշտպաններ Գիվի Հովհաննիսյանի եւ Երեմ Սարգսյանի հարցաքննությունը կիսատ մնաց: Հաջորդ դատական նիստը նշանակվեց մայիսի 31-ին:
Աղբյուրը՝ www.aravot.am