Հետաձգվեց Անի Բոշյանի գործով բողոքի քննությունը
11:07, June 29, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն2015 թ. հունիսի 26-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Ա. Մկրտչյանի, շարունակվեց ՀՀ ՀՔԾ քննիչ Ն. Բարսեղյանի՝ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշման դեմ տուժող Անի Բոշյանի ներկայացուցիչ Արթուր Սաքունցի կողմից բերված բողոքի քննությունը:
Հիշեցնենք, որ սույն գործով նախորդ դատական նիստը հետաձգվեց վարույթն իրականացնող մարմնի կողմից գործի նյութերը բողոքաբերին և դատարան ներկայացնելու պատճառով:
Սույն դատական նիստին բողոքաբերի ներկայացուցիչ Ա. Սաքունցը հայտնեց, որ վարույթն իրականացրած Ն. Բարսեղյանը գործի նյութերն իրեն տրամադրել է դատական նիստի նախորդ օրը՝ 13:00-ի սահմաններում, և ինքը բավարար ժամանակ չի ունեցել նյութերին ծանոթանալու համար: Միաժամանակ, պարզվեց, որ քրեական գործի նյութերը դեռևս դատարան չէին ներկայացվել:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ դատարանը հետաձգեց բողոքի քննությունը և նշանակեց 2015 թ. օգոստոսի 3-ին, ժամը 15:30-ին: