Ոստիկանությունը և բողոքի ակցիաները. իրավապաշտպանների պնդմամբ` պաշտոնատար անձինք ճիշտ չեն մեկնաբանում հավաքների մասին օրենքը
19:29, June 29, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԱռաջատար իրավապաշտպանները քննադատել են գիշերվա ընթացքում ցուցարարների հետ դիմակայության ընթացքում ոստիկանության պահվածքը և հայտարարությունները:
Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիա անցկացնող քաղաքացիների մի մասը նախորդ գիշեր տեղափոխվեց Ազատության հրապարակ այն բանից հետո, երբ ոստիկանությունը հայտարարեց, որ ակցիայի մասնակիցները «խախտում են համակեցության կանոնները»:
«Հավաքների ազատության մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ոստիկանությունը կարող է դադարեցնել հավաքը այն դեպքում, եթե այլ կերպ հնարավոր չէ կանխել այլ անձանց սահմանադրական իրավունքների կամ հանրության շահերի անհամաչափ սահմանափակումը:
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարել էր, որ ցուցարարները դադարեցնեն անօրինական գործողությունները՝ բազմաբնակարան շենքերի մոտ աղմկելը, սուլելը, ծափահարելը արգելվում են:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ոստիկանության նման հայտարարությունը համարում է սադրանք և ճնշում խաղաղ ցուցարարների իրավարար կամքի նկատմամբ:
«Համակեցության տեսակետից նույն ոստիկանությունը չի տեղավորվում իր ապօրինությունների ու համակեցության կանոնների մեջ: Հոդվածը մեջբերելը դեռ չի նշանակում որ այդ հոդվածը հիմքեր ունի այն կիրառելու համար, այսինքն` ոչ միայն անգրագետ, այլ գիտակցված անգրագետ մոտեցում է»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Սաքունցը:
Վաղ առավոտյան Ազատության հրապարակ այցելած ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, ի նկատի ունենալով Բաղրամյան պողոտայում ընթացող բողոքի ակցիան, հայտարարել է, որ ոստիկանությունն այսօր ևս հանդուրժողականություն է դրսևորում, սակայն այն երկար չի կարող տևել, քանի որ հասարակական կարգը պետք է վերականգնվի:
Այդուհանդերձ, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ոստիկանությունը պետք է պահպանի հասարակական կարգը, այդ թվում՝ հավաքի մասնակիցների անվտանգությունը, իրականացնելով խաղաղ հավաքին աջակցելու իր պարտականությունը:
«Իրավունքի և ազատության» կենտրոնի նախագահ, իրավապաշտպան Վարդան Հարությունյանը նշում է. քաղաքացիները խաղաղ ցույցերի միջոցով իրականացնում են իրենց սահմանադրական իրավունքը, առանց անօրինականության, բռնության և հակասահմանադրական կոչեր հնչեցնելու, ուժի կիրառումը արդարացված չի լինելու:
Անդրադառնալով համակեցության կանոնների խախտմանը` Հարությունյանը ասում է «ԱրմենիաՆաուին». «Ցանկության դեպքում ցանկացած օրենքի կարելի է հղում անել, բայց դա դեռ չի նշանակում, թե այդ օրենքի կիրառումը իրենց կողմից որքանո՛վ իրավաչափ կլինի»: