«Չորսի նախաձեռնություն»-ը ճգնաժամի հաղթահարման ուղիներ է ներկայացրել
18:04, July 29, 2016 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԻրավապաշտպաններ Ավետիք Իշխանյանը, Արթուր Սաքունցը, հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանը և քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ստեղծել են «Չորսի նախաձեռնություն» (պայմանականորեն) և հանրային քննարկման ներկայացրել երկրում տիրող ճգնաժամի հաղթահարման ուղիները։ Խմբի մշակած փաստաթուղթն առաջ է քաշում երկու հրատապ քայլ՝
Վստահության մթնոլորտի ձևավորման ուղղված հրատապ քայլեր՝
1.Քաղբանտարկյալների ազատ արձակում։
2. Հուլիսի 17-ից սկսած բոլոր բերման և կալանքի ենթարկված անձանց ազատ արձակում։
3.ՊՊԾ գնդի տարածքում գտնվողների սննդի, բուժօգնության ապահովվում։
4.Հրապարակային և արդյունավետ քննություն՝ ոստիկանական կազմակերպված բռնության և ապօրինի գործողությունների վերաբերյալ։
5. «Սասնա ծռեր»-ի անդամների հետ բանակցությունների վերսկսում:
6. Բազմակողմանի և օբյեկտիվ քննություն ոստիկանության գնդապետ Ա. Վանոյանի սպանության գործով՝ ներառելով միջազգային և հասարակական անկախ փորձագետներ։
Կարճաժամկետ հրատապ քայլեր
1. Կոռուպցիայի դեմ պայքարի անկախ հանձնաժողովի ձևավորում՝ ներառելով հանրության վստահությունը վայելող, կառուպցիայի դեմ պայքարում հմտություններ ունեցող լրագրողական և իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ։
2.Կառավարության փոփոխություն։
3.Ոստիկանության, ԱԱԾ պետերի հրաժարական։
4. Ոստիկանության, ԱԱԾ-ի և ՊԵԿ-ի վերակազմավորում՝ որպես նախարարություն։
«Չորսի նախաձեռնություն»-ը նաև առաջարկում է Ընտրական նոր օրենսգրքի ընդունում, ԿԸՀ լուծարում և հանրության վստահությունը վայելող նոր կազմի ձևավորում, Արցախի հետ կապված բանակցային գործընթացի թափանցիկություն, առկա փաստթղթերի հրապարակում, ՀՌԱՀ (hեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողով) հանձնաժողովի լուծարում և հանրության վստահությունը վայելող անձանց ներգրավում։
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը կարծում է, որ այս պահին հայ ժողովուրդը կանգնած է պետականության կորստի առաջ և հանրապետությունում տիրում է բևեռացման, կասկածամտության և անվստահության մթնոլորտ։ Նշում է՝ երկրում տիրող բողոքի ալիքը հասել է իր գագաթնակետին, հնարավոր է՝ այս իրավիճակը վատ կամ շատ վատ վախճան ունենա, քանի որ այս իրավիճակն առավել լուրջ է՝ անհամեմատելի նախորդների հետ: Այդ իսկ պատճառով պետք է հասարակական ճնշում լինի՝ այս փաստաթուղթում առաջ քաշված թեզերը ընդունելու և ի կատար ածելու համար։
Հանրային քննարկմանը ներկա մասնակիցներից մեկն առաջարկեց կենտրոնանալ ոչ թե փաստաթղթեր ձևավորելու, ոստիկանության և ԱԱԾ-ի լուծարման վրա, այլ հասարակության հետ աշխատել, նրանց մեթոդներ և ուղիներ առաջարկել՝ իրավիճակը փոփոխելու, առաջ տանելու համար։
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը հաստատում է՝ փաստաթուղթը հաջողված է, բայց և ներկայացված առաջարկները ոչ ոք չի լսելու, բացի բողոքող կողմից. «Կարող եմ փաստել՝ իշխանության վերին օղակներն ունեն հետևյալ գաղափարախոսությունը՝ եթե գնում են փոքր-ինչ զիջման, ապա այն կդիտարկվի որպես թուլության նշան։ Իշխանության վերին օղակները տեսնում են, որ կա դժգոհություն, բայց այն համարում են սահմանափակ դժգոհություն, քանի որ կտրված են իրականությունից»։ Նա նշում է՝ առաջարկներ որքան էլ արվեն, կլինեն անիրականանալի, եթե իշխանությունների վրա ժողովրդական ճնշում չգործադրվի: