ՀՀ ազգային անվտանգությանը սպառնացող վտանգի մասին հիմքերը հրապարակման ենթակա չեն
16:02, July 29, 2015 | Նորություններ, Սեփական լրատվությունԻնչպես արդեն նշել էինք Շանթ Ոսկերիչյանի /Ժեան Բապտիստ Օզկիրիսյանի/ ներկայացուցիչներ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի և գրասենյակի իրավաբան Անի Չատինյանը դիմել են ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն, որով պահանջել են տրամադրել Շանթ Ոսկերիչյանի /Ժեան Բապտիստ Օզկիրիսյանի/ կողմից ՀՀ պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին այլ լուրջ և հիմնավոր սպառնալիքների վերաբերյալ փաստարկները և հիմնավորումները, և թե կոնկրետ ինչումն է կայանում նրա վտանգավորությունը ՀՀ պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը Շանթ Ոսկերիչյանի /Ժեան Բապտիստ Օզկիրիսյանի/ ներկայացուցիչների դիմումին ի պատասխան հայտնել է, որ ՀՀ ազգային անվտանգության մարմինների կողմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տեղեկատվության հիման վրա, համաձայն «Օտարերկրացիների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «զ» ենթակետի, արգելվել է Ֆրանսիայի քաղաքացի Ժեան Բապտիստ Օզկիրիսյանի / Շանթ Ոսկերիչյանի/ մուտքը ՀՀ:
Միաժամանակ հայտնել են, որ «Օպերատիվ-հետախուզական գործողությունների» մասին ՀՀ օրենքի 41–րդ հոդվածի 1–ին մասի համաձայն՝ «օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքների մասին տեղեկությունները հանդիսանում են պետական գաղտնիք և հրապարակման ենթակա չեն»:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը նման պատասխան տալով, ըստ էության խուսափել է Շանթ Ոսկերիչյանի ներկայացուցիչներին տրամադրել վերջինիս ՀՀ պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին այլ լուրջ և հիմնավոր սպառնալիքների վերաբերյալ փաստարկները և հիմնավորումները, նաև չեն ներկայացվել, թե կոնկրետ ինչումն է կայանում Շ. Ոսկերիչյանի վտանգավորությունը ՀՀ պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին:
Ժեան Բապտիստ Օզկիրիսյանի /Շանթ Ոսկերիչյանի/ խախտված իրավունքների վերականգնման ուղղությամբ ձեռնարկվելիք գործողությունների մասին տեղեկատվությունը կներկայացվի հետագայում: