Ռուսաստանի քաղաքացուն հայ իրավապահներն առանց հիմքերի չէին ձերբակալի
15:44, August 29, 2016 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԱյսօր սպասվում է, որ հայաստանյան դատարանը պետք է որոշում կայացնի՝ ուրբաթ օրը երեկոյան Զվարթնոց օդանավակայանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Միրոնովին արտահանձնելու է ամերիկյան կողմին, թե ոչ:
Միրոնովի փաստաբան Վրեժ Խաչիկյանը Lragir.am-ին ասաց, որ դատական նիստի անցկացումը նախատեսված է ժամը 15:00-ի սահմաններում:
Հիշեցնենք, որ ռուս-բելառուսական տեսատեխնոլոգիական ընկերության 30-ամյա աշխատակից Միրոնովը պատմել էր, որ կնոջ հետո հանգստանալու էր եկել Հայաստան, սակայն օդանավակայանում իրեն ձերբակալել են ԱԱԾ աշխատակցիները: Ըստ պաշտոնական տեղեկության՝ ԱՄՆ իշխանությունները նրան կասկածում են ռազմական տեխնոլոգիաների փոխանցման և փողերի լվացման մեջ:
Սերգեյ Միրոնովի ռուսաստանցի փաստաբան Կարեն Ներսեսյանը այս գործում քաղաքական ենթատեքստ է տեսել: Նա հայտարարել է, որ սա ռուս-ամերիկյան դիվանագիտական պատերազմի շարունակությունն է և որ Միրոնովի նկատմամբ հետախուզում չի եղել:Այնինչ, Միրոնովի հայաստանցի փաստաբան Վրեժ Խաչիկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ չի կարծում, թե այս գործում քաղաքական ենթատեքստ կա: «Մեզ դեռևս որևէ նյութ չի տրամադրվել, դեռ լավ ծանոթ չենք գործին, բայց եթե հետախուզում չլիներ նրա նկատմամբ, չեմ կարծում, որ նրան մեր ոստիկանությունը ձերբակալեր Ինտերպոլի պատվերով»,- ասաց փաստաբանը:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը նույնպես այս գործում քաղաքական ենթատեքստ չի տեսնում: «Խնդիրն այն է, որ Ռուսաստանի ու ԱՄՆ միջև հարաբերությունների բնույթն այնպիսին է, որ ցանկացած հարց քաղաքականացնելու են, բայց դա չի նշանակում, որ դա իրապես քաղաքական ենթատեքստ ունի: Ինքնին անձի պատկանելությունը որևէ երկրի, տվյալ դեպքում ՌԴ-ին, դեռևս չի նշանակում, որ այստեղ անպայման կա քաղաքական ենթատեքստ»,- Lragir.am-ին ասաց Սաքունցը:
Ըստ նրա՝ այն հիմքերը, որոնց հիման վրա ԱՄՆ իրավապահ մարմինները հետախուզում են հայտարարել ռուսաստանցու նկատմամբ Ինտերպոլի միջոցով և որոնց հիման վրա անձը ձերբակալվել է, դրանց մասին հստակ տեղեկատվություն չկա:
«Բայց միանշանակ է, որ առանց պատշաճ հիմքերի ՀՀ իրավապահ մարմիններն անձին չէին ձերբակալի: Իսկ դա նշանակում է, որ բավարար հիմքեր են եղել: Իսկ եթե փորձ է արվում անձի քաղաքացիությունից ելնելով` մեկնաբանություններ տալ ռուս-ամերիկյան հարաբերությունների համատեքստում, դա արդեն մեկնաբանողների խնդիրն է”,- ասաց իրավապաշտպանը: