Հայաստանն արդեն վտանգավոր սահմանագծին է հասել
11:27, September 29, 2015 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ
Lragir.am-ի հարցերին պատասխանում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը
Պարոն Սաքունց, ակնհայտ է, որ Հայաստանի ռազմավարական գործընկեր համարվող Ռուսաստանը մի կողմից Հայաստանի նկատմամբ չի կատարում իր դաշնակցային պարտավորությունները, մյուս կողմից ագրեսիան հայ-ադրբեջանական սահմանին ավելանում է: Եվրասիական տնտեսական միություն պաշտոնապես մուտք գործելուց հետո արդեն մեկ տարի է անցել, իսկ Հայաստանի անվտանգության շուրջ մարտահրավերները գնալով ավելանում են, երկիրը խոցելի է դառնում, ի՞նչ իրավիճակ է ստեղծվել:
Հայաստանի արտաքին մարտահրավերների գնահատման տեսակետից շատ կարևոր է հասկանալ, թե ինչ իրավիճակում է գտնվում Հայաստանի Հանրապետության ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանի Դաշնությունը միջազգային հարաբերություններում: Այն իրավիճակը, որում գտնվում է այսօր Ռուսաստանը, որոշիչ նշնակություն ունի Հայաստանի խնդիրների լուծման տեսակետից: Եվ հստակ է, որ հատկապես վերջին երկու տարիներին միջազգային ամենատարբեր ֆորումներում, հանդիպումներում, մասնավորապես, ԵԱՀԿ-ի ձևաչափով քննարկումների և հանդիպումների ժամանակ Ռուսաստանի Դաշնությունն ակնհայտորեն գտնվում է միջազգային մեկուսացման մեջ: Ավելին, Ռուսաստանի ներկայացուցիչներին հրապարակավ, դեմ առ դեմ մեղադրում են ագրեսիվ քաղաքականության, միջազգային իրավունքի նորմերի կոպիտ խախտումների, հարևան երկրների նկատմամբ ակնհայտ ագրեսիվ գործողությունների իրականացման, ընդհուպ մինչև միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումների մեջ: Դա վերաբերվում է թե Ղրիմի բռնակցման, թե Ուկրաինայի Արևելքում պատերազմի իրականացման և թե այդ տարածքներում, որոնք կոնֆլիկտային գոտիներ են հանդիսանում, մարդու իրավունքների խայտառակ խախտումների մեջ Ռուսաստանի մասնակցությանը: Ռուսաստանի ներկայացուցիչների կողմից բոլոր փորձերը՝ խուսափելու պատասխանատվությունից կամ հայտնելու, որ դրանում իրենք բացարձակապես որևէ մեղք կամ պատասխանատվություն չունեն, չնայած հենց անձամբ ՌԴ նախագահն է բազմիցս հրապարակավ խոստովանել Ռուսաստանի անմիջական միջամտության մասին, հանդիպում են ոչ թե քննադատության, այլ ծաղրանքի: Նման դաշնակից ունենալն ինքնին, որը միաջզգային իրավունքի բոլոր նորմերի ցինիկ ոտնահարողն է հանդիսանում, խոցելի է դարձնում նրա հետ համագործակցող երկրին, տվյալ դեպքում՝ հենց նաև Հայաստանի Հանրապետությանը:
Հայաստանի քաղաքականությունը հատկապես վերջին տարիներին կարծես ռուսական շահի սպասարկմանն է ուղղված: Տարբեր միջազգային կառույցներում Հայաստանը կարծես Ռուսաստանի ձայնն է: Ի՞նչ վտանգ է սա առաջացնում երկրի համար:
Հայաստանը իր պետական շահերի, իր քաղաքացիների օգտին իր քաղաքական դիրքորոշումներն ու վարքագիծը չիրականացնելով՝ ակամա հայտնվում է մեկուսուցման մեջ: Իր դաշնակցի ագրեսիվ քաղաքականության հետևանքով Հայաստանն ինքն էլ է հայտնվում մեկուսացման մեջ, որն ամեևին չի բխում ՀՀ շահերից: Այս տեսակետից բոլոր այն երկչոտ փորձերը, որոնք արվում են Հայաստանի ներկայացուցիչների կողմից՝ ցույց տալու, որ իբր իրենք ՌԴ դաշնակիցը լինելով, այնուամենայնիվ ինքուրույն որոշումներ կայացնելու ունակ են կամ իրենց որոշումները բխում են ՀՀ շահերից, նույնպես արդեն ոչ միայն համոզիչ չեն, այլ նաև խղճահարություն են առաջացնում: Այսինքն՝ միանշանակ է այլևս, որ մենք արդեն հասել ենք մի այնպիսի սահմանագծի, որ նման դաշնակցի շահերին համապաատսխան վարքագծի դրսևորումը վտանգում է Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների թե իրավունքները, թե շահերը: Այսինքն՝ մենք վտանգավոր սահմանագծի ենք հասել արդեն, և այս պարագայում այլևս այդ դաշնակցային հարաբերությունները սպառնալիք են Հայաստանի անվտանգության համար:
Ի՞նչ պետք է անել ստեղծված իրավիճակում:
Խոսքն այստեղ միայն հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին չէ: Դա հետևանքներից մեկն է ընդամենը: Խնդիրն այն է, որ դու միջազգային ասպարեզում այլևս չես ընկալվում որպես ինքնուրույուն միավոր, քո որոշումներն այլևս չեն ընկալվում որպես քո շահերից բխող, և նույնականացվում ես միջազգային իրավունքի բոլոր նորմերը կոպիտ խախտող պետության հետ: Այս պարագայում կոնկրետ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության պատկերի վրա քո ռեսուրսները և քո շահերից բխող քայլերը՝ ազդելու այդ իրավիճակի վրա, որպեսզի հետագա լարվածությունը նվազեցվի, կամ պատասխանատվության առումով հարցը միանշանակ ադրբեջանական կողմին հասցեագրվի, ըստ էության արդյունավետ չեն, ավելին, նույնիսկ համոզիչ չեն թվում: Այսինքն՝ դու, դադարելով լինել ինքնուրույն միավոր, զրկվում ես նաև այն հնարավորությունից, որով կարող ես քո օրինական շահերը ներկայացնել, որոնք ակնհայտորեն ոտնահարվում են թե Ռուսաստանի, թե Ադրբեջանի կողմից: Այստեղ իրավապես տեսական նշանակություն է ձեռք բերում Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային հարաբերությունների վերնայումը, ընդհուպ մինչև դադարեցումը: Այն խղճուկ կարգավիճակը, որն ստեղծվել է Հայաստանի վարչախմբի ներկայացուցիչների քաղաքականության հետևանքով, իրապես բավական վտանգավոր է: Այս խնդրի լուծման հետաձգումն արդեն անդառնալի կորուստների կարող է բերել, գլխավորապես մարդկային կորուստների: Դրա ամբողջ պատասխանատվության չգիտակցումը պարզապես աններելի է: Սա արդեն այնքան պարզ է, այնքան ակնհայտ, որ որևէ դիվանագիտական ճարտասանությամբ հնարավոր չէ կոծկել: Մյուս կարևոր հանգմանքը, որը շատ ակնհայտ է արդեն, այն է, որ պուտինյան վարչակազմը և Ադրբեջանի ալիևյան վարչակազմը շատ ավելի իրար հետ համագործակցող կառույցներ են հանդիսանում և ներդաշնակ են գործում, որովհետև իրենք երկուսն էլ նույն բավանդակությունն ունեն, նույն արժեքային համակարգում են գտնվում:Այսինքն՝ մեր թե տնտեսական, թե քաղաքական, թե ռազմական բաղադրիչները, որոնք ՀՀ քաղաքացիների ու պետության անվտանգոթյան կարևոր բաղադրիչներ են հանդիսանում, գտնվում են այնպիսի համակարգի մեջ, որը չի կարող համարվել արդյունավետ և Հայաստանի քաղաքացիների անվտանգության ապահովման երաշխավոր:
Այսօր Հայաստանի քաղաքական դաշտում այնպիսի պատկեր է ստեղծվել, որ քաղաքական ուժերը քննադատության են ենթարկում իշխանություններին ներքին խնդիրների համար, իսկ արտաքին կողմնորոշման ու ընդհանրապես արտաքին քաղաքականության հարցերի շուրջ կարծես լռություն է: Կարելի՞ է ասել, որ իշխանությունների հետ հավասար ստեղծված իրավիճակում իրենց մեղքի բաժինն ու պատասխանատվությունն ունեն նաև քաղաքական ուժերը:
Երբ ասում եմ, որ Հայաստանը պետք է վերանայի իր քաղաքականությունը, խոսքը բոլորիս է վերաբերում: Իշխող վարչակազմի հետ միասին հավասար պատասխանատվություն ունեն նաև Եվրասիական տնտեսական միությանը կողմ և ռուսական վեկտորով կողմնորոշվածները, այնինչ դա քաղաքական մահ է հենց իրենց համար: Այսինքն՝ դա քաղաքական փակուղի է հենց իրենց համար, ոչ մի տեղ չտանող ճանապարհ է: Եվ արհեստականորեն տարանջատել ոչ լեգիտիմ ու անպատասխանատու իշխանության հետ կապված ներքին մարտահրավերները արտաքինից, դա առավել քան անտրամաբանական է: Այդ մարտահրավերի գիտակցված անտեսումը ընկալելի չէ, ավելին, դա նույնիսկ վտանգավոր է: Այստեղ պատասխանատվությունը բազմակողմանի է և միայն քաղաքական համակարգի սուբյեկտներին չի վերաբերում, նաև քաղաքացիական հասարակության մասին է խոսքը:
Աղբյուրը՝ lragir.am