Հայաստանում դաժան ծեծի է ենթարկվել ակտիվիստ
12:11, September 29, 2015 | Այլ, ՀայտարարություններՀարկավոր է դադարեցնել բողոքի խաղաղ ցույցերի խոչընդոտումը
(Բեռլին) Ինչպես այսօր հայտնել է «Հյումն Ռայթս Ուոթչ» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, 2015թ. սեպտեմբերի 21-ին մայրաքաղաք Երևանում տեղի ունեցած բողոքի ցույցից հետո դաժան ծեծի է ենթարկվել Հայաստանի կառավարության դեմ քննադատաբար տրամադրված անկախ քաղաքական կազմակերպության անդամներից մեկը: Իշխանությունները պետք է անմիջապես հետաքննեն «Ազատամարտիկների դաշինքի» անդամ Սմբատ Հակոբյանին ծեծի ենթարկելու դեպքը և պատասխանատվության ենթարկեն մեղավորներին: «Որևէ խաղաղ ցուցարար չպետք է մտավախություն ունենա, որ ինքը դաժան ծեծի կենթարկվի պարզապես իր կարծիքն արտահայտելու համար», ասել է «Հյումն Ռայթս Ուոթչ» կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի փոխտնօրեն Ռեյչլ Դենբերը, – «Սմբատ Հակոբյանի վրա գործած դաժան հարձակման հետաքննության արդյունավետությունն իրականում ցույց կտա, թե որքան լուրջ են Հայաստանի իշխանությունները վերաբերվում ազատ արտահայտվելու և խաղաղ հավաքների ազատության իրավունքի իրացումն ապահովելու իրենց պարտավորությանը»: «Հյումն Ռայթս Ուոթչ» կազմակերպությունը հեռախոսով կապ է հաստատել ծեծի ենթարկված Հակոբյանին օգնություն ցուցաբերած առաջին ակտիվիստներից մեկի հետ: Նա ասաց, որ արյունաթաթախ Հակոբյանին գտել է բողոքի ցույցի անցկացման վայրից ոչ հեռու գտնվող շինհրապարակում: Ակտիվիստի խոսքերով՝ ինքն օգնության է կանչել և սկսել է առաջին օգնություն ցուցաբերել: Այնուհետև Հակոբյանը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց՝ վերակենդանացման բաժանմունք, քանի որ ունեցել է գլխի և դեմքի լուրջ վնասվածքներ, կողերի կոտրվածք և թոքերի վնասվածք: Ըստ ակտիվիստի՝ ոստիկանությունը ժամանել է միայն մեկ ժամ անց: Ակտիվիստ կինը խնդրել է չնշել իր անունը՝ վախենալով հետապնդումներից: Ըստ նրա՝ Հակոբյանն իրեն ասել է, որ երթի ավարտից կարճ ժամանակ անց իրեն անծանոթ հինգ տղամարդուց բաղկացած մի խումբ քաշելով տարել են իրեն ցանկապատված շինհրապարակ և դաժան ծեծի ենթարկել: Ակտիվիստների խոսքով՝ տարածքում տեղադրված են բազմաթիվ տեսախցիկներ, որոնք կարող է օգնել հարձակվողների անձը հաստատելու գործում: Հայաստանի անկախության օրվա առթիվ մի քանի տասնյակ ցուցարարներ, հիմնականում՝ փոքրաթիվ ընդդիմադիր կուսակցության կողմնակիցները և «Ազատամարտիկների դաշինքի» անդամները, երթով շարժվեցին դեպի իշխող Հանրապետական կուսակցության գրասենյակ՝ իշխանությունների վարած քաղաքականությունից իրենց դժգոհությունն արտահայտելու նպատակով: Ցուցարարների խոսքով՝ նրանք պաշտոնական թույլտվություն ունեին բողոքի ակցիան անցկացնելու համար: «Ազատամարտիկների դաշինքը» միավորում է Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքների համար ընթացող պատերազմի մասնակիցներին, ովքեր բացեիբաց քննադատում են կառավարությունը: Հակոբյանի վրա գործած հարձակումը մեկ տարվա ընթացքում դաշինքի առաջատար անդամների վրա գործած արդեն երկրորդ հարձակումն է Երևանում: 2014 թվականի տարեվերջում անհայտ անձինք հարձակվել են դաշինքի երեք անդամների վրա, ովքեր մասնակցել են մի քանի ընդդիմադիր հանրահավաքների: Ոչ ոք այդպես էլ պատասխանատվության չենթարկվեց նշված հարձակումների համար:
Ընթացիկ տարվա ընթացքում ֆիզիկական բռնության են ենթարկվել նաև այլ ցուցարարներ: Հունիսի վերջին ոստիկանությունն ուժ է կիրառել 17 տոկոսով էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դեմ անցկացվող բողոքի ցույցի մասնակիցների նկատմամբ: Դրան հաջորդեցին ոստիկանության կողմից ուժ կիրառելու դեմ բողոքի ցույցեր: Սեպտեմբերին ոստիկանությունը կրկին բռնի ուժի կիրառմամբ ցրեց էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դեմ երկրորդ բողոքի ցույցը: Որպես Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի մասնակից պետություն՝ Հայաստանը հստակ պարտավորություն է ստանձնել ոչ միայն հարգելու խաղաղ հավաքների իրավունքը, այլև ապահովելու այդ իրավունքն իրացնող անձանց անվտանգությունը և նրանց իրավունքը պաշտպանելու այլոց կողմից անօրինական սահմանափակումներից: Հայաստանը պարտավոր է նաև իրականացնել անձի անձեռնմխելիության և անձնական անվտանգության սահմանափակման դեպքերի արդյունավետ հետաքննություն և ապահովել, որ ոստիկանության կողմից ուժի կիրառումը համապատասխանի միջազգային չափանիշներին: Նշված չափանիշների համաձայն՝ ուժի կիրառումը սահմանափակվում է այնպիսի իրավիճակներով, երբ առկա է ոստիկանների կամ այլոց դեմ ուղղված ֆիզիկական սպառնալիքների նկատմամբ պատասխան գործողություններ ձեռնարկելու բացարձակ անհրաժեշտություն, և անգամ նման դեպքերում կիրառվող ուժը պետք է լինի խիստ համաչափ և ոչ խտրական: «Հայաստանում խաղաղ ցուցարարները չպետք է ենթարկվեն լուրջ վնասվածք ստանալու վտանգի», ասել է Դենբերը, «իշխանությունները պետք է պարզ հասկացնեն բոլորին, որ խաղաղ ցուցարարների գործունեությունը խոչընդոտողները պատասխանատվության կենթարկվեն օրենքի ողջ խստությամբ՚: