«Այս Սահմանադրությունը ձեր կյանքում միայն մի բան է փոխելու. դուք ավելի քիչ հնարավորություն եք ունենալու հղում անել Սահմանադրությանը ձեր իրավունքների համար». Հրանուշ Խառատյան
16:54, October 29, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն | Սահմանադրական փոփոխություններՀոկտեմբերի 28-ին Վանաձոր քաղաքում կազմակերպվել էր սեմինար-քննարկում՝ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ: Քննարկումը վարում էր ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, բանախոսներն էին «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» հասարակական կազմակերպության նախագահ Ստեփան Դանիելյանը, ազգագրագետ, պատմական գիտությունների թեկնածու Հրանուշ Խառատյանը և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության նախագահ Հայկուհի Հարությունյանը:
Բանախոսները նախ անդրադարձան վիճահարույց հարցերի՝ առանձնացնելով Սահմանադրության նախագծում տեղ գտած մի շարք հոդվածներ, որոնցով սահմանափակվում են մարդու իրավունքները, հավելյալ խոչընդոտներ են ստեղծվում մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության գործընթացում: «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» հասարակական կազմակերպության նախագահ Ստեփան Դանիելյանն իր խոսքում կարևորեց առանց կեղծիքների ընտրությունների անցկացումը, ապա անդրադարձ կատարեց Սահմանադրության նախագծում տեղ գտած մի շարք ձևակերպումների՝ նշելով, որ դրանք կարող են լուրջ խնդիրներ հարուցել: Հրանուշ Խառատյանն էլ առավելապես անդրադարձավ սոցիալական ոլորտին առնչվող հարցերի՝ ընդգծելով. «Այս Սահմանադրությունը ձեր կյանքում միայն մի բան է փոխելու, դուք ավելի քիչ հնարավորություն եք ունենալու հղում անել Սահմանադրությանը ձեր իրավունքների համար»: «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության նախագահ Հայկուհի Հարությունյանը ներկայացվող խնդիրներին անդրադարձավ իրավաբանական տեսանկյունից՝ շեշտելով հատկապես այն հանգամանքը, որ մարդու իրավունքներին առնչվող հոդվածներում տեղ գտած ձևակերպումներով պետությունն այլևս «չի պարտավորվում» ապահոովելու մարդու իրավունքների պաշտպանությունը, այլ միայն խթանում կամ աջակցում է:
Քննարկման մասնակիցները հարցեր ուղղեցին բանախոսներին՝ անդրադառնալով նրանց խոսքում տեղ գտած որակումներին ու ձևակերպումներին, կարևորեցին քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությունը նմանօրինակ գործընթացներում:
Ամփոփելով՝ բանախոսները միաբերան նշեցին, որ փաստորեն, մեզ առաջարկում են՝ հաստատել մի փաստաթուղթ, որում տեղ գտած նորմերը կարգավորվելու են դեռևս անորոշ օրենքներով, որոնց բովանդակության վրա ազդելու ոչ մի լծակ քաղաքացիները չեն կարող ունենալ: