Թմրամիջոցից կախվածությունը պետք է բուժել, ոչ թե պատժել
19:02, November 29, 2014 | Նորություններ, Սեփական լրատվություն | Պացիենտների իրավունքներ | Թմրամիջոցներ գործածողներ, Ոստիկանություն2014 թ. նոյեմբերի 26-ին Կոնգրես հյուրանոցում տեղի ունեցավ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից կազմակերպված աշխատանքային քննարկում, որի նպատակն էր քննարկել ՀՀ-ում թմրամիջոցերի բնագավառի քաղաքականության հիմնախնդիրները:
Աշխատանքային քննարկմանը ներկայացվեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից պատրաստված «2010-2012 թթ. ՀՀ-ում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ծրագրի» վերլուծությունը թմրամիջոցներից կախվածություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության տեսանկյունից և «Մարդու իրավունքների վիճակը Հայաստանի Հանրապետության նարկոլոգիական բուժհաստատություններում 2013 թ.» զեկույցները:
Զեկույցները պատրաստվել են ՀՀ նարկոլոգիական բուժհաստատություններում իրականացված մշտադիտարկման արդյունքների ամփոփման, Ազգային ծրագրի իրականացման արդյունքների գնահատման, պաշտոնական տեղեկանքների ուսումնասիրման և ԶԼՄ-ով տարածված նյութերի դիտարկման միջոցով:
Զեկուցների կազմումն ու հրատարակումն իրականացվել է Կայունություն և զարգացում ծրագրի շրջանակներում, Բաց Հասարակության հիմնադրամների (ԲՀՀ) ֆինանսական օժանդակությամբ:
ԲՀՀ Հայաստան կազմակերպության ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը կարևորելով թմրամիջոցների բնագավառում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրականացրած գործունեությունը, նշեց, որ ՀՀ-ում առկա են մի շարք հիմնախնդիրներ, որոնց պատճառով պալիատիվ բուժօգնության կարիք ունեցող պացիենտները զրկվում են առանց ցավի ապրելու իրավունքից: Մասնավորապես՝ Դ.Ամիրյանն առանձնացրեց թմրամիջոց պարունակող դեղամիջոցների անհասանելիություն՝ բժշկական նպատակներով օգտագործելու տեսանկյունից:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, ներկայացնելով «2010-2012 թթ. ՀՀ-ում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ծրագրի» կատարողականի գնահատման արդյունքները, նշեց, որ Ազգային ծրագրի ժամանակացույցով սահմանված 87 միջոցառումներից ամբողջությամբ կատարվել են 27-ը, չեն կատարվել 23-ը:
Հատկանշական է այն հանգամանքը, որ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանությունը հանդիսանում է ծրագրի իրականացման, մոնիթորինգի, գնահատման պատասխանատուն, սակայն չկատարված միջոցառումների մեծ մասի կատարման պատասխանատուն հանդիսանում է հիշյալ գերատեսչությունը:
Անդրադառնալով 2011-2013 թթ. ԶԼՄ-ով և պաշտոնական կայքէջերով հրապարակված նյութերի բնույթին, Ա. Սաքունցը նշեց, որ դիտարկված 1723 նյութերից կեսից ավելին իրենց բնույթով հետաքննության վերաբերյալ են և պատժիչ բնույթի նյութեր են:
Իրավունքի խախտման տեսանկյունից ԶԼՄ նյութերով խախտվում է անձանց անձնական տվյալների գաղտնիության իրավունքը: Մասնավորապես՝ հրապարակվում են անձանց անունը, ազգանունը, բնակության հասցեն, ծննդյան թիվը և այլն: Անձանց անձնական տվյալների գաղտնիության իրավունքը խախտող նյութեր հրապարակվում են ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջում: Որտեղ հրապարակվում են անյպիսի տեսանյութեր, որտեղ ոչ միայն ցուցադրվում է անձի դեմքը, այլև խախտվում է անձի անմեղության կանխավարկածը:
Ա. Սաքունցը ամփոփելով 2010-2012 թ. Ազգային ծրագրի միջոցառումների բնույթը և դրա կատարման արդյունքները, արձանագրեց, որ ՀՀ-ում թմրամիջոցների բնագավառում պետության քաղաքականությունն ունի պատժիչ բնույթ:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի պացիենտների հարցերով իրավաբան Սուզաննա Ղարաղաշյանը ներկայացրեց թմրամիջոցներից կախվածություն ունեցող անձանց տրամադրվող առողջապահական ծառայությունների հիմնախնդիրները:
Հիշյալ հիմնախնդիրները բացահայտվել են ՀՀ նարկոլոգիական բուժհաստատություններում 2013 թ. իրականացված մշտադիտարկման արդյունքում և ամփոփվել են «Մարդու իրավունքների վիճակը ՀՀ նարկոլոգիական բուժհաստատություններում 2013 թ.» զեկույցում:
Ս. Ղարաղաշյանը նշեց, որ բացի նարկոլոգիական բուժհաստատություններում իրականացված մշտադիտարկումից, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, որպես առողջապահական ծրագիր, ուսումնասիրում է նաև Գլոբալ հիմնադրամի ֆինանսական օժանդակությամբ իրականացվող Մեթադոնային փոխարինող բուժման ծրագրի իրականացման ընթացքը, Ծրագրին դիմողների շարժը:
Թմրամիջոցից կախվածություն ունեցող անձանց տրամադրվող առողջապահական հիմնախնդիրներից առանձնացվել են նարկոլոգիական հաստատությունների շենքային անբավարար պայմանները, բուժանձնակազմի թվաքանակի և որակի չապահովվածությունը, բժշկական ծառայությունների անմատչելիությունը և մեթոդների անարդյունավետությունը և բժշկական ծառայություններից օգտվողների իրավունքների անպաշպանվածությունը:
Արձանագրվեց մեկ կարևոր հանգամանք՝ առողջապահական ծրագրերի իրականացման համար ներգրավված է ՀՀ ոստիկանության ներկայացուցիչը: Մասնավորապես՝ մեթադոնային փոխարինող բուժման ծրագրում անձանց ընդունման հանձնաժողովի կազմում ընդգրկված է ՀՀ ոստիկանության ներկայացուցիչը, բացառություն է կազմում ՀՀ Լոռու մարզը:
Աշխատանքային քննարկմանը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ներկայացվեցին առաջարկություններ, որոնք ուղղված են թմրամիջոցների բնագավառում պատժիչ քաղաքականության վերացմանը և առողջապահական ծրագրերի մատչելիության բարձրացանը:
Արձանագրված խնդիրները և առաջարկությունները ամբողջությամբ ներկայացված են պատրաստված զեկույցներում, որոնք կարող եք տեսնել ստորև: