«Կոմունսերվ» ընկերությունը չի վճարում աշխատակիցների աշխատավարձը
19:12, November 29, 2014 | Նորություններ, Սեփական լրատվություն | Աշխատանքային իրավունքներՀՔԱ Վանաձորի գրասենյակ իրենց իրավունքների պաշտպանության հարցով դիմել են 3 քաղաքացիներ, ովքեր հայտնել են, որ ամիսներ շարունակ չի վճարվում իրենց աշխատավարձը:
Քաղաքացիները հայտնել են, որ արդեն ամիսներ շարունակ «Կոմունսերվ» ընկերությունը չի վճարում իրենց աշխատավարձերը:
Նշենք, որ Վանաձորի քաղաքապետարանի հայտարարած մրցույթը շահած «Կոմունսերվ» ընկերությունը այժմ իրականացնում է Վանաձորի կանաչապատման և մաքրման աշխատանքները:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ նախ դիմել է Ռազմիկ Հովհաննիսյանը, ում՝ կազմակերպություն ներկայացրած դիմումի հիման վրա, ՀՀ ԱՆ աշխատակազմի առողջապահական տեսչության պետին և Վանաձորի քաղաքապետին դիմում է ուղարկվել, որով նրանց հայտնել են, որ «Կոմունսերվ» ընկերության աշխատակիցը 4 ամիս, ըստ կնքված պայմանգրի, աշխատել է, սակայն աշխատավարձ է ստացել միայն մեկ ամսվա համար:
Ի պատասխան կազմակերպության 2014 թ. սեպտեմբերի 15-ի դիմումի, ՀՀ ԱՆ առողջապահական պետական տեսչությունից 2014 թ. հոկտեմբերի 1-ին ստացվել է հետքրքրական պատասխան:
Գրությամբ տեղեկացրել են, որ հարուցվել է վարչական վարույթ, որը սակայն կարճվել է, քանի որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակ դիմած Ռազմիկ Հովհաննիսյանը գրավոր դիմում է ներկայացրել, հայտնելով, որ իր պահանջը բավարարվել է և հրաժարվում է դիմում- բողոքից:
Գրությանը կցված է ՀՀ ԱՆ ԱՊՏ Լոռու մարզային պետին՝ Մելանյան Սարուխանյանին ուղղված դիմումը, որով Ռ. Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Մ. Սարուխանյանին իր ոտնահարված իրավունքները վերականգնելու և չստացած աշխատավարձը ստանալու համար:
Գրությանը զարմալիորեն կցված է նաև մեկ այլ դիմում, որն ուղղված է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցին, որով ևս Ռ. Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱՆ Առողջապահական տեսչությանը աշխատավարձը ստանալու համար, և միաժամանակ հայտնել է, որ հրաժարվում է կազմակերպությանը ներկայացված դիմումից:
Վերոհիշյալ գրությունը ստացվել է 2014 թ. հոկտեմբերի 7-ին, իսկ հոկտեմբեր ամսվա վերջին կազմակերպություն են դիմել ևս երկու քաղաքացիներ, ովքեր նույնպես հայտնել են, որ «Կոմունսերվ» ընկերությունը չի վճարել իրենց աշխատավարձերը:
Այս քաղաքացիների աշխատավարձերի չվճարման հարցով ևս ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2014 թ. հոկտեմբերի 31-ին դիմում է ուղարկել ՀՀ ԱՆ աշխատակազմի առողջապահական պետական տեսչություն, որտեղից դեռևս պատասխան չի ստացվել:
Ակնկալում ենք, որ այս անգամ ՀՀ ԱՆ աշխատակազմի առողջապահական պետական տեսչությունը կլուծի ոչ թե մեկ քաղաքացու խնդիրը, այլ լուծում կտա «Կոմունսերվ» ընկերության աշխատակիցների աշխատավարձերի չվճարման խնդրին: