«Սա ի՞նչ թատրոն է». Իրավապաշտպանը՝ ԱԱԾ գործողությունների մասին
15:37, November 29, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԻրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրառում է թողել՝ անդրադառնալով ԱԱԾ վերջին գործողություններին, որոնք լրատվամիջոցները բնութագրեցին որպես հակաահաբեկչական ձեռնարկումներ:
Ա. Սաքունցը գրել է. «Ահաբեկչություն չի եղել, որ տեսագրեն էլ, իսկ եթե եղել է, ապա շաատ հետաքրքիր կլիներ իմանալ՝ այդ երբ են կատարել այդ ահաբեկչությունը, որ չենք իմացել: Արդեն իսկ գաղտնի պահված ահաբեկչական գործողությունների փաստեր էլ ունե՞ք: Շաատ հետաքրքիր է դառնում այս պատմությունը: Ավելի լավ է հնարավորինս տեղավորվել փաստերի օբյեկտիվության մեջ, քան փորձել դեմքը փրկելու ճիգեր գործադրել, որն ավելի է վատթարացնում Ձեր իրավիճակը:
Եթե նույնիսկ փորձում եք զուգահեռներ տանել հոկտեմբերի 27-ի կատարված ահաբեկչական գործողության հետ, ապա ամբողջությամբ տարեք: Ինչով էր պայմանավորված և հնարավոր, որ Նաիրի Հունանյանի խումբը ակնկալում էր աջակցություն նույնիսկ «ժողովրդի» կողմից՝ իրենց խայտառակ ահաբեկչական գործողության ավարտից հետո, և ինչու եք նաև այս խմբի համար հնարավոր համարում նմանատիպ աջակցությունը «ժողովրդի» կողմից;
Ուրեմն ընդունում եք, որ հոկտեմբերի 27-ի ժամանակահատվածում և դեկտեմբերի 6-ի այս ժամանակահատվածի իրավիճակների միջև առկա է և նմանություն, և ընդհանրություններ, այն է՝ մոնոպոլ իշխանության ապահովման խնդիրը:
Ի դեպ, այն ժամանակ Նաիրի Հունանյանը հրապարակավ է հայտարարել, հավաքվեք եկեք, ամեն ինչ վերջացրել եմ, իսկ այս դեպքում նման մտքի մասին հայտնում է ԱԱԾ-ի աղբյուրը: Հենց սրանով ապացուցվում է, որ նման զուգահեռներ տանելով՝ ԱԱԾ-ն փորձում է փրկել իր անհաջողության մատնված սցենարը:
Ավելին, իսկ թե ինչու չհաջողվեց կանխել հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը, իսկ այ սա հնարավոր եղավ. շաատ ուշագրավ խոստովանություն է՝ հապա, հապա, էլի խոսեք, բացվեք իմանանք:
Իսկ ինչու չհաջողվեց կանխել հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը, որի համար թիվ մեկ պատասխանատուն Սերժ Սարգսյանն էր… Այս մասին էլ խոսեք, դե…. Մի՞թե այդ աստիճան ամբողջությամբ արհամարհական վերաբերմունք կարելի՞ է ունենալ մարդկանց մտածելու, վերլուծելու կարողության նկատմամբ:
Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը չկանխելու համար պատասխանատու անձը ՀՀ նախագահի պաշտոնում է, և կարծում եք կկարողանա կանխել երկրին սպառնացող վտանգնե՞րը: Սա ի՞նչ թատրոն է»,- գրել է իրավապաշտանը:
Աղբյուրը՝ galatv.am