Գ. Կոստանյանը համապատասխան միջնորդությամբ պետք է հանդես գա՝ քվեարկության արդյունքները չեղյալ հայտարարելու վերաբերյալ
23:01, December 29, 2015 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Սահմանադրական փոփոխություններԻնչպես հայտնի է, դեկտեմբերի 6-ին Հայաստանում հանրաքվեի ընթացքում տեղի ունեցած ընտրախախտումների դեպքերի առթիվ իրավապահ մարմինները 5 տասնյակից ավելի քրեական գործ են հարուցել, եւ իրականացվում է քննություն:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը, ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադառնալով քրեական գործերի քննությանը, նախ նշեց, թե գործընթացը համարում է ձեւական աշխատանք, որի նպատակն, ըստ նրա, զուտ ձեւական հաշվետվություն ներկայացնելն է միջազգային մարմիններին. «Որոնց կողմից, ինչպես գիտենք, արդեն հրապարակվել էր հայտարարություն հանրաքվեի արդյունքների վերաբերյալ, որ իշխանությունը պետք է ջանքեր գործադրի, որ մեծապես մեծացնի վստահությունը հանրաքվեի արդյունքների նկատմամբ: Հիմա այդ քրեական գործերի հարուցման քանակի եւ իբր քննություն կատարելու միջոցով փորձելու են ինչ-որ հաշվետվություն կազմել, ինչ-որ մի փաթեթ՝ թվական տվյալներով՝ քանի գործ են հարուցել, քանի խախտման վերաբերյալ ահազանգ, քանիսն է պարունակել փաստեր, որոնք բավարար են եղել քրեական գործ հարուցելու համար: Բայց մի բան մոռանում են, որ այն, ինչ կատարվեց ՀՀ-ում, դա բոլորի աչքի առաջ է տեղի ունեցել, նույնիսկ լռողների համար է պարզ, որ դա լայնածավալ լցոնումների արդյունքն է, ոչ թե իրական քվեարկության թիվ»,- ասաց իրավապաշտպանը:
Ըստ մեր զրուցակցի՝ ՀՀ իրավապահ մարմինները ՀՀ իշխանությունների հովանավորությամբ ոչ թե պետք է միջազգային կառույցներին համոզելու համար ինչ-որ գործընթացներ իրականացնեն, այլ նախ պետք է անեն ՀՀ քաղաքացու՝ ընտրողի առաջ.
«Այդ առումով ես վերստին պնդում եմ մեր կազմակերպության կողմից ներկայացված հաղորդումը, որ ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազության ու հատուկ քննչական ծառայության հասցեով: Խոսքը վերաբերում է 60 տոկոս եւ ավելի մասնակցություն գրանցած ընտրական տեղամասերում լցոնումների փաստի վերաբերյալ հիմնավոր կասկածի մասին, որ պարտավոր են այդ տեղամասերում ստուգել քվեարկողների իսկությունը, իրենց ստորագրությունների համապատասխանության առումով, եւ նոր կարող ենք համարել, որ տեղի է ունեցել արդյունավետ քննություն, որի պարագայում միայն կարող են հերքվել կասկածները, որ ԿԸՀ-ի կողմից հրապարակված թվերը համապատասխանում եմ իրական քվեարկությանը, քանի դեռ նման ստուգում չի իրականացվել եւ նման հիմքով քրեական առերեւույթ եւ հիմնավոր կասկածների հիմքով քրեական գործ չի հարուցվել եւ քննություն չի իրականացվել, չի կարող խոսք գնալ քվեարկության նկատմամբ վստահության մասին»,- նշեց նա:
Ա. Սաքունցն ակնհայտ կեղծիք է համարում Գ. Կոստանյանի այն հայտարարությունը, թե չկա որեւէ իրավական մեխանիզմ արդեն ԿԸՀ-ի կողմից հրապարակված պաշտոնական տվյալներից հետո քվեարկության արդյունքները վերանայելու համար. «Ավելի ճիշտ ոչ միայն կեղծիք, այլ նաեւ հանցագործությունը, որի մասին ես հիմնավոր կասկած եմ հայտնում 60 տոկոս եւ ավելի մասնակցություն ապահովելու միջոցով, այդ հանցագործությունը կոծկելու վարքագիծ, միաժամանակ ասում եմ, երբ որ կստուգեք ստորագրությունների համապատասխանությունները քվեարկողների ստորագրություններին եւ նաեւ իրական քվեարկության մասնակիցների թիվը գրանցված ընտրական տեղամասերում քվեարկության մասնակիցների թվի հետ, որի համար ունի իշխանությունը բավարար ռեսուրսներ, դրանից հետո նոր կարող ենք խոսել, թե արդյո՞ք պետք է վերանայվի կամ չվերանայվի հանցագործության բացահայտման, կամ հանցագործության փաստն արձանագրելու դեպքում այդ բոլոր հանձնաժողովների նախագահները, որոնց տեղամասերում նման տվյալներ են արձանագրվել, պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության անգործության պատճառով, հակառակ դեպքում մենք մեղադրելու ենք նույն գլխավոր դատախազին անգործության համար: Այն ժամանակ, երբ որ պարզ կլինի, որ իրապես հարուցված քրեական գործի քննության արդյունքում քվեարկության հրապարակված տվյալները չեն համապատասխանում իրականությանը, ապա այդ դեպքում գլխավոր դատախազը քրեական գործի նյութերի հիման վրա ոչ միայն պետք է մեղադրանք առաջադրի կեղծիքներ իրականացրած հանձնաժողովների նախագահներին եւ անդամներին, որոնք պետք է բացատրություն տան, թե ինչպես է եղել, ով է կատարել, այլ նաեւ համապատասխան միջնորդությամբ պետք է հանդես գա քվեարկության արդյունքները չեղյալ հայտարարելու վերաբերյալ»,- գտնում է իրավապաշտպանը:
Անդրադառնալով մեր այն հարցին, թե որքանո՞վ է հավանական համարում, որ ՀՀ իրավապահ մարմինները կիրականացնեն այդպիսի քննություն, Ա. Սաքունցը նշեց.
«Նշանակում է՝ դուք ասում եք, որ մեր երկրում արդարադատությունը չի գործելու, դա նշանակում է, որ իրավական գնահատական եք տալիս, որ անձամբ գլխավոր դատախազը կոծկում է հանցագործությունը, դա նշանակում է նաեւ, որ ընդհանրապես հանցագործության բացահայտման ուղղությամբ կամք չկա, նաեւ իրենց ենթադրյալ հաշվետվությունը՝ իբր արդյունավետ քննություն իրականացնելու հանրաքվեի ընթացքում կեղծիքների ուղղությամբ, նույնպես չի համապատասխանում իրականությանը»,- նշեց իրավապաշտպանը՝ հավելելով, թե դրանք օրենքով սահմանված գործողություններ են, որոնք պարտավոր են իրավապահ մարմիններն իրականացնել:
«Տեղի է ունեցել զանգվածային գործողություն, որի մեջ առնվազն երկու հազար տեղամասային ընտրական հանձնաժողովներ են ներգրավված եղել, դրանցից մի մասում 60 տոկոս եւ ավելի մասնակցություն է եղել քվեարկության, այդ հանձնաժողովները պետք է առանձնացվեն, այդ հանձնաժողովների կողմից քվեարկության թերթիկները, գրանցամատյանները պետք է հաշվարկվեն, ստուգվեն այդ տեղամասերում քվեարկության առկա ընտրողների ստորագրությունների հետ, գնահատվեն, թե քանի ընտրող կա իրականում, քանիսն են բացակայում, քանիսն են այդ քվեարկության օրը եղել, զանգվածային միջոցառման հետ կապված խնդիրը, կամ հանցագործության հետ կապված հաղորդումը ստուգելու համար լայնածավալ միջոցներ պետք է կիրառվեն, եւ առանձին քավության նոխազների միջոցով իրական հանցագործության պատկերը չի կարող կոծկվել ու հանրությանը հրամցնել, թե արդյունավետ քննություն է կատարվել: Եթե դա կլինի սուտ, թող քրեական գործ հարուցեն՝ սուտ մատնության համար»:
Աղբյուրը՝ galatv.am