ԱՆ դիտորդական խմբին թույլ չեն տվել տեսակցել «Սասնա ծռերին»
22:53, June 29, 2017 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Սասնա Ծռեր«Սասնա ծռեր» խմբավորման անդամներից երեքի՝ Արայիկ Խանդոյանի, Սմբատ Բարսեղյանի եւ Արեգ Կյուրեղյանի նկատմամբ կիրառված բռնությունների հերքերով երեկ «Նուբարաշեն» ՔԿՀ է այցելել Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը: Խմբի նախագահ Արայիկ Զալյանը մեզ հետ զրույցում ասաց, որ եղել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, սակայն բռնության ենթարկվածներին տեսակցել չի հաջողվել, քանի որ պատճառաբանվել է, թե տեսակցություններն ու հեռախոսազրույցները սահմանափակված են: «Սակայն մենք դիտարկեցինք ընդունելության մատյանը, որտեղ արձանագրվում են մարմնական վնասվածքները: Արձանագրումները «Սասնա ծռեր» խմբի երեք անդամների վերաբերյալ են՝ Արայիկ Խանդոյան, Արեգ Կյուրեղյան, Սմբատ Բարսեղյան: Սակայն արդյոք նշված արձանագրումները իրականում համապատասխանում են նշված անձանց ստացած վնասվածքներին, արդյո՞ք բոլոր վնասվածքներն են արձանագրվել, թե ոչ՝ ես ասել չեմ կարող, քանի որ անձամբ տեսակցել, տեսնել չհաջողվեց»,-ասաց Զալյանը: Թե մարմնական հատկապես ի՞նչ վնասվածքների մասին է եղել ՔԿՀ-ի արձանագրումը՝ պրն Զալյանը չմանրամասնեց, նշելով, որ այդ մասին առաջիկայում հանդես կգան հայտարարությամբ: Խմբի ղեկավարը նշեց նաեւ, որ արձանագրմանը պետք է իրավական ընթացակարգ տրվի՝ կապված յուրաքանչյուր մարմնական վնասվածքի հետ եւ հարուցվի քրեական գործ: Հարցին՝ ի՞նչ է հուշում պրակտիկան, կհարուցվի՞ համապատասխան քրեական գործը, թե՞ տեղի կունենա հերթական ծածկադմբոցը՝ Զալյանն արձագանքեց. «Եկեք հեռու չգնանք եւ հիշենք Սարի թաղում բնակիչների նկատմամբ կիրառված բռնությունները: Արդյո՞ք ինչ-որ մեկը դրա համար ենթարկվեց պատասխանատվության, թե՞ ոչ, մեղադրանք առաջադրվե՞ց ինչ-որ ոստիկանի: Իհարկե ոչ»: Կոնկրետ այս դեպքի մասով Խմբի ղեկավարը կանխատեսում անել, գնահատական տալ չշտապեց, սակայն ակնարկեց, որ առկա իրավապրակտիկան, ոստիկանների անպատժելիության փաստը լավատեսություն չի ներշնչում: Նշենք, որԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նույնպես երեկ այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ եւ տեղեկացել, որ «Սասնա ծռեր» խմբի անդամ Արեգ Կյուրեղյանի եւ Արայիկ Խանդոյանի նկատմամբ բռնության փաստը արձանագրվել է ՔԿՀ-ի մատյանում: ՔԿՀ աշխատակիցները հավաստիացրել են, որ այդ մասին արձանագրությունն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն եւ նախաքննությունն իրականացնող մարմնին: Այսինքն, բռնության փաստը արձանագրվել է պաշտոնապես: Հիշեցնենք, որ բռնության ենթարկված՝ «Սասնա ծռեր» խմբի անդամների փաստաբանները ահազանգում են իրենց պաշտպանյալների նկատմամբ կիրառված ֆիզիկակակն բիրտ ուժի՝ ծեծի ու խոշտանգումների մասին: Հարկ է նշել, որ ժամանակ առաջ ԱՆ վերոհիշյալ Խումբը հանդիպել էր Միջազգային բանտային բարեփոխումներ (PRI) կազմակերպության ներկայացուցիչների հետ եւ նրանց ի թիվս այլ խնդիրների ներկայացրել էր նաեւ Խմբի աշխատանքների սահմանափակումները ՀՀ արդարադատության նախարարության կողմից։