«Մարտիկ» հիմնադրամի գործով որպես մեղադրյալ պետք է ներգրավվել Սերժ Սարգսյանին․ Սաքունց
15:50, September 3, 2018 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ«Մարտիկ» հիմնադրամի գործով պետք է հարցաքննվեն զինծառայողներն ու սպաները, իսկ որպես մեղադրյալ պետք է ներգրավել ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին։ Armdaily.am-ի հետ զրույցում Հելսինկյան քաղաքացիական ասամբլիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցն ասաց, որ տեղին ու հիմնավոր է համարում քրեական գործի հարուցումը։ Նրա խոսքով՝ մտահոգիչ է, ոչ թե պաշտոնական անձանց կողմից հիմնադրամի ստեղծման փաստը, այլ կան հստակ տեղեկություններ, որ այդ անձիք չարաշահելով իրենց դիրքը՝ համալրել են հիմնադրամի եկամուտները։ Այս պատճառով պետք է ուշադրություն դարձնել երկու հանգամանքի վրա։ Առաջինը՝ հավաքված միջոցներն ի՞նչ նպատակների համար են օգտագործվել, և երկրորդը՝ ոչ պակաս կարևոր՝ ինչպե՞ս են այդ գումարները հավաքվել։ «Եթե նայենք այդ գումարների աղբյուրներին, ապա կտեսնենք, որ հիմնականում դրանք տրամադրվել են զիծառայողների կողմից։ Վերջիններս ՊՆ և նրա գլխավոր գերագույն հրամանատարի՝այս դեպքում Սերժ Սարժսյանի, ուղիղ ենթակայության տակ են գտնվել»,- ընդգծեց իրավապաշտպանը՝ ուշադրություն հրավիրելով նախ պաշտոնական դիրքի չարաշահման, ապա այդ միջոցների նպատակին օգտագործման հետ կապված հարցերի վրա։ «Հավաքագրումը կամավորականության հիմունքներով չի եղել՝ մարդիկ վճարել են պարտադրված»,- նշեց նա։
Սաքունցի կարծիքով՝ «Մարտիկ»-ի նախագահի դեմ քրեական գործ պետք է հարուցվեր դեռևս 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո։ Հիմնադրամի կանոնադրության մեջ նշված էին կարևոր խնդիրներ՝ զինծառայողների սոցիալական, առողջապահական աջակցություն, ինչպես նաև վիրավորվածներին ու մահացածների ընտանիքներին օգնության տրամադրում։ Եթե կա հիմնադրամ, ինչու՞ պատերազմի մասնակիցները, զիվորական ծառայության ընթացում տարբեր խնդիրներ ունեցածները կամ ժամկետից շուտ զորացրվածները պատշաճ օգնություն չեն ստացել։ «Թավշյա հեղափոխությունից հետո, երբ գործադիր իշխանությունը սկսեց հակակոռուպցիոն միջոցառումների քաղքականությունը՝ կարևոր օղակներից մեկը «Մարտիկ» հիմնադրամն էր»,- ասաց նա։
Սաքունցը նշեց նաև՝ երբ 2011 թվականին Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դատի էր տվել «Մարտիկ»-ին և Արդարադատության նախարարությանը, նշելով տեղեկատվություն ստանալու ՀՀ քաղաքացիների իրավունքի խախտումներ ու պահանջելով, որ նախարարությունը պատասխանի, թե ի՞նչ գործունեություն է իրականացրել հիմնադրամը՝ նախարարությունը պատասխանել էր, որ չունի նման տեղեկություններ՝ չնայած պարտավոր էր։ Իրավապաշտպանի խոսքով՝ առաջին ատյանի, վերաքննիչ ու վճռաբեկ դատարանները ևս չեն բավարարել իրենց՝ լրիվ օրինակ պահանջը։ Իսկ ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ տեղեկություն պահանջել էին, քանի որ հիմնադրամի հիմնադիրներն այդ տարիների ՊՆ նախարար Սերժ Սարգսյանն ու նրա առաջին տեղակալը՝ Արթուր Աղաբեկյանն էր, ինչը հիմք էր մտածելու և պնդելու, որ դա կոռուպցիոն ռիսկեր է պարունակում։
«Մինչ այդ, երբ այս հարցը բարձրացնում էինք, քչերն էին ուշադրություն դարձնում՝ մեկ-երկու լրատվամիջոց, իսկ 2016 թվականի ապրիլից հետո, երբ Արթուր Աղաբեկյանը հայտարարեց, որ այնտեղ 1 միլոն 200 հազար դոլարի չափ գումար կա և հիմնադրամն ունի ութ հոգի անձնակազմ, որոնք վարձատրվում էին «Մարտիկի» միջոցներով՝ շատ ավելի մեծ աղմուկ բարձրացավ»,-ավելացրեց իրավապաշտպանը։
Սաքունցը տարօրինակ է համարում նաև Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի այն հայտարարությունը, որ իրենք պատրաստ են վճարել այն գումարը, որի մասին խոսվում է, ինչը ուղղակի վկայություն է, որ իրոք ինչ-որ գումարներ մսխվել են, և հիմա փորձում են փոխհատուցման միջոցով քրեական հետապնդումից ազատել Արթուր Աղաբեկյանին։
Նշենք, որ օգոստոսի 29-ին մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Արթուր Աղաբեկյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով վատնում։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։ Առերևույթ չարաշահումներն արձանագրվել են 2012-2016թթ. ընթացքում, որոնց հետևանքով՝ վատնման եղանակով հիմնադրամին պատկանող միջոցներից հափշտակվել է, նախնական գնահատականով, 54.083.860 մլն ՀՀ դրամ։ Քրեական գործով պարզվել է, որ նշված ժամանակահատվածում հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ է հանդիսացել Արթուր Աղաբեկյանը, ով ունեցել է հիմնադրամի աշխատակազմի գործունեությունն անմիջականորեն ղեկավարելու իրավասություն և փաստացի միանձնյա տնօրինել հիմնադրամի գույքը։ Բավարար տվյալներ են ձեռք բերվել նաև առ այն, որ հիմնադրամի միջոցների մի մասը ծախսվել են այն հանգստյան գոտու ռեստորանում, հյուրասիրությունների կազմակերպման համար, որի բաժնետոմսերի 40 տոկոսը պատկանել է Արթուր Աղաբեկյանին։
Նշենք, որ «Մարտիկ» հիմնադրամում առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել է՝ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի դիմումի հիման վրա, 2018 թվականի հուլիս ամսին։ Արթուր Աղաբեկյանը նույն օրն արձագանքել է իրեն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ՝ նշելով, չընդունելով մեղադրանքը կշարունակի համագործակցել քննչական մարմինների հետ։ Նախաքննությունը շարունակվում է։