ՀՀ վերաքննիչ դատարանը քաղբանտարկալների գործով շուտով կհրապարակի վճիռ
19:42, January 30, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն | Արդար դատաքննության իրավունք | Շանթ Հարությունյան, Քաղբանտարկյալներ2015 թ. հունվարի 30-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ դատավոր Ա. Խաչատրյանի, շարունակվեց 2013 թ. նոյեմբերի 5-ին կալանավորված Շանթ Հարությունյանի և մյուսների գործով վերաքննիչ բողոքների քննությունը: Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին դատարանն անցել էր լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու միջնորդությունների փուլին, և դատական նիստը հետաձգվել էր դատական կազմի՝ դատավորների ընդհանուր ժողովին մասնակցելու պատճառով:
Դատական նիստի մեկնարկին՝ մինչ միջնորդության ներկայացումը, Շանթ Հարությունյանի շահերի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը հայտնեց, որ իր պաշտպանյալը վատառողջ է և խնդրեց հետաձգել դատական նիստը: Նախագահող դատավոր Ա. Խաչատրյանը հետաքրքրվեց, թե արդյոք Շանթ Հարությունյանն ունի համապատասխան գրություն քրեակատարողական հիմնարկից: Ի պատասխան՝ Շանթ Հարությունյանը հայտնեց, որ քրեակատարողական հիմնարկում իրեն հայտնել են, որ հարցը կլուծվի դատարանում: Նախագահող դատավոր Ա. Խաչատրյանը նախ հայտարարեց, որ Շանթ Հարությունյանի առողջական վիճակի հարցը կքննարկվի միջնորդությունները ներկայացնելուց հետո և հավելեց, որ այս դատական նիստին դատարանը պետք է հեռանա խորհրդակցական սենյակ, իսկ այնուհետև՝ պաշտպանի հորդորներից հետո, քառասուն րոպեով հետաձգեց դատական նիստը՝ շտապօգնություն հրավիրելու համար:
Ընդմիջումից հետո պարզվեց, որ Շանթ Հարությունյանի մոտ շտապօգնության բժիշկները լուրջ խնդիրներ չեն հայտնաբերել, նշել են, որ նրա վիճակը մրսածության հետևանք է: Այդպիսով, դատական նիստը շարունակվեց:
Ինեսսա Պետրոսյանը միջնորդություն ներկայացրեց Կոլումբիայի համալսարանում Սերժ Սարգսյանի կողմից կատարված հայտարարության ձայնագրության վերաբերյալ, որը տրամադրվել էր նաև գործը քննած ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանին: Ի. Պետրոսյանը նշեց, որ ՀՀ նախագահի կողմից խախտվել է ամբաստանյալների անմեղոթյան կանխավարկածը և միջնորդեց, որ նշված ձայնագրությունը հետազոտվի ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում և ճանաչվի ապացույց:
Պաշտպանական կողմը միացավ միջնորդությանը, իսկ գործով մեղադրող Գ. Գևորգյանն առակեց միջնորդության դեմ:
Վերաքննիչ դատարանը, տեղում խորհրդակցելով, գտավ, որ միջնորդությունը ենթակա է մերժման, պատճառաբանելով, որ գործում կան բավարար ապացույցներ վերաքննիչ բողոքները քննելու համար, իսկ կրիչը մեղադրանքը հերքող կամ պատիժը մեղմացնող հանգամանքներ չի պարունակում:
Նշված միջնորդության մերժումից հետո Շանթ Հարությունյանի պաշտպան Ի. Պետրոսյանը ևս մեկ միջնորդություն ներկայացրեց դատարանին, որով, հիմնավորելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից գործով ներգրավված ամբաստանյալների անմեղության կանխավարկածի սկզբունքի խախտումը, միջնորդեց դատարան հրավիրել և որպես վկա հարցաքննել Սերժ Սարգսյանին:
Ամբաստանյալներ Տիգրան Պետրոսյանի և Արմեն Հովհաննիսյանի պաշտպան Արա Զաքարյանը հավելեց, որ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ազդել է առաջին ատյանի դատարանի դիրքորոշման վրա, բայցի այդ, դիմելով դատարանին, նշեց, որ եթե դատարանն անկախ է, պետք է հետազոտի տեսասկավառակը, հակառակ դեպքում, դատարանը չի կարող բողոքի փաստարկներին գնահատական տալ, քանի որ ներկայացված վերաքննիչ բողոքներում հղումներ են կատարվել այդ հայտարարությանը:
Այս անգամ ևս մեղադրող Գ. Գևորգյանն առարկեց միջնորդության դեմ, հայտնելով, որ վերաքննիչ դատարանում գործը քննվում է վճռաբեկության կարգով:
Դատարանը, քննարկելով ներկայացված միջնորդությունը, կրկին որոշեց մերժել այն:
Այնուհետև միջնորդությամբ ցանկացավ հանդես գալ Շանթ Հարությունյանն, ով միջնորդեց բոլոր հոդվածները «հանել և դնել ինքնապաշտպանություն», քանի որ ինքը պայքարել է հայրենիքի դավաճանների դեմ, նշեց, որ «Սերժ Սարգսյանը հայրենիքի դավաճան է»: Դատարանն ընդհատեց ամբաստանյալին, նշելով, որ գործը վերաքննության կարգով քննվում է վերաքննիչ բողոքի և հիմքերի սահմաններում: Շանթ Հարությունյանը փորձեց իր խոսքն ավարտին հասցնել, սակայն դատարանը պարզաբանեց, որ կատարված հայտարարությունը դուրս է լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու միջնորդության բովանդակությունից: Այնուհետև, սկսվեց վիճաբանություն և նախագահող դաատավոր Ա. Խաչատրյանը, մյուս ամբաստանյալներին զրկելով լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու միջնորդությամբ հանդես գալու հնարավորությունից, հայտարարեց, որ դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը կհրապարակվի 2015 թ. փետրվարի 2-ին, ժամը 14:00-ին: