Ռազմական ինստիտուտում սպանության գործով 4 զինվոր է ձերբակալվել
18:31, January 30, 2015 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք | Զինված ուժերԵրևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում երեկ տեղի ունեցած սպանության գործով 4 զինվոր էձերբակալվել, «Ազատության»-ը փոխանցեց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը՝ հավելելով, որ 20-ամյա Հայկազ Բարսեղյանի սպանության մեջ կասկածվում են նրա ծառայակիցները՝ Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանը, Գնել Թևոսյանը և Նորիկ Սահակյանը: Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից սպանության հատկանիշներով։
«Ձերբակալվել են չորս անձ, ովքեր սպանվածի համածառայակիցներն են և չորսն էլ կասկածվում են սպանության մեջ», – փոխանցում է Տռուզյանը։
Առայժմ պաշտոնապես չի հաղորդվում վարկածների մասին, չի հաղորդվում նաև՝արդյո՞ք սպանությունից առաջ զինվորի նկատմամբ բռնություն է գործադրվել։ Ըստ Տռուզյանի, դա կպարզի դատաբժշկական փորձաքննությունը։
Ռազմական ինստիտուտի զինծառայող Հայկազ Բարսեղյանը հայտնաբերվել էր երեկ լուսաբացին զորամասի մարզահրապարակում՝ պտտաձողի վրա պարանով կախված։
Իրավապաշտպանները մտահոգիչ են համարում հատկապես այն հանգամանքը, որ դեպքը տեղի է ունեցել ապագա սպաներ պատրաստող ռազմական կառույցում։ Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով, այս դաժան սպանությունը մեկ անգամ ևս վկայում է Զինված ուժերում գոյություն ունեցող բարքերի մասին։
«Ուղղակի դաժան սպանության մասին է խոսքը։ Մեր ապագա սպաների պատրաստման գործում բավական լուրջ խնդիրներ կան հենց ռազմական ինստիտուտից սկսած, որովհետև մենք դրա մասին իհարկե իմանում ենք նաև զինվորական ծառայության ընթացքում մահացության դեպքերի, ոչ կանոնակարգման հարաբերությունների խախտման փաստերի հիման վրա, որովհետև դրանցում անմիջականորեն պատասխանատվություն ունեն հենց սպաները», – ասում է Սաքունցը։
Իրավապաշտպանն այս գործում մեղադրում է ոչ միայն անմիջական հանցագործություն կատարողներին, այլև նրանց վերադասին, ովքեր, փաստորեն, ըստ Սաքունցի, դաս չեն քաղել ոչ վաղ անցյալում՝ մոտ երկու տարի առաջ նույն ինստիտուտում տեղի ունեցածսպանությունից։ Դեպքից հետո ինստիտուտի ղեկավար կազմում փոփոխություններ էին արվել, սակայն, դա, ըստ Սաքունցի, էական փոփոխության այդպես էլ չի բերել։
Աղբյուրը՝ www.azatutyun.am