Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի ապագա պոչամբարը մտահոգությունների տեղիք է տվել
11:33, January 30, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԼոռու մարզի Ճոճկան և հարևան Տավուշի մարզի Այրում գյուղերի 40 հեկտար հողերը կարող են շուտով պոչամբար դառնալ։
Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը դիմել է համայնքների ավագանուն դրանց նշանակությունը գյուղատնտեսականից արդյունաբերական դարձնելու և կոմբինատին հանձնելու խնդրանքով։
Ճոճկանում դեռ լռում են, իսկ Այրումում ավագանու անդամ Օլեգ Դուրգարյանի պահանջով այդ հարցով այսօր հանրային քննարկում ծավալվեց՝ համայնքի բնակիչների, ավագանու ու կոմբինատի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Օլեգ Դուրգարյանը դժգոհ է, որ հարցը կառավարության մակարդակով քննարկելուց և եզրակացություններ ընդունելուց առաջ համայնքը չի տեղեկացվել։
«Բացի այդ համայնքի բնակիչներիս համար այդքան էլ պարզ չէ՝ եթե հանդուրժելու ենք այս պոչամբարը այստեղ, ի՞նչ է լինելու հին պոչամբարի հետ, ի՞նչ անվտանգության նորմեր են ապահովելու, որպեսզի պոչամբարը փակվի, հնարավորինս քիչ վտանգներ ներկայացնի։ Երկրորդ՝ Այրում համայնքը՝ որպես մեկ ամբողջական օրգանիզմ, հինգ տարի է շահագործվելու էդ պոչամբարը, հինգ տարվա կտրվածքով ի՞նչ օգուտ է ստանալու, արդյոք նման բան նախատեսվա՞ծ է»,- ասաց Դուրգարյանը։
Նախագիծը դեռ պետք է փորձաքննության ենթարկվի, որով կթույլատրվի կամ կարգելվի այդ տարածքըպոչամբար դարձնել։ Սակայն մինչ փորձաքննություն անցնելը, կառավարությանն առընթեր հատուկ հանձնաժողովն անցյալ տարեվերջին տվել է իր դրական եզրակացությունը։ Կոմբինատի արտաքին կապերի բաժնի պետ Գագիկ Շահնազարյանը, ով այսօր ներկա էր Այրումի գյուղապետարանում կազմակերպված քննարկմանը, պնդեց, թե մինչև հիմա որևէ հիմնավորում չկա պոչամբարի բացասական ազդեցության մասին։
«Վերջին տարիներին կատարված կենսաբանական կամ այլ կարգի հետազոտությունների հիման վրա կարող ենք ասել, որ մինչև հիմա գոնե այն սանէպիդկայանը, որ ներկա պահին պետական միակն հիմնարկն է, որ պարտավոր է տվյալներ տրամադրել, գյուղի բնակիչների բողոքների պատասխանների ուսումնասիրությունները տվել է նորմայի սահմաններում»,- հայտարարեց Շահնազարյանը։
Մինչդեռ բնապահպանները մտահոգված են։ Բնապահպանական հարցերով փորձագետ Սեյրան Մինասյանը պնդում է, որ Հայաստանի գործող և չգործող պոչամբարների 99 տոկոսն այսօր վտանգավոր են շրջակա միջավայրի համար։ Շահագործումը դադարեցնելուց հետո դրանք չեն մշակվել, ծածկվել կամ մեկուսացվել։
«Ախթալայի կոմբինատին պատկանող նախորդ պոչամբարը ռեկուլտիվացիա արված չէ։ Այսինքն երկու հատ ունի, ռեկուլտիվացիա չի արել, ասում է՝ թողեք երրորդը անեմ, հետո ռեկուլտիվացիա կանեմ։ Թող սրանք աներ, տեսնեինք։ Բոլոր հիմքերը կան պնդելու, որ հերթական խաբեություն է»,- ասաց Մինասյանը։
Սակայն համայնքում շատերը կամ տեղեկացված չեն պոչամբարի հնարավոր վնասների մասին, կամ էլ լռում են՝ ակնկալիքով, թե սոցիալական խնդիրներ ունեցող գյուղում դրանով որոշակի հարցեր կլուծվեն, կոմբինատը ծրագրեր կիրականացնի։ Գյուղում 300 ընտանիք է ապրում, սակայն կոմբինատում ընդամենը 4 աշխատող ունեն։ Հույս ունեն, թե կոմբինատը կավելացնի աշխատող գյուղացիների թիվը։ Ընտանիքները, որոնք հիմնականում անասնապահությամբ են զբաղվում, դժգոհ են գյուղատնտեսությունից ստացվող եկամուտներից։
Աղբյուրը՝ www.azatutyun.am