Ի՞նչ է նշանակում՝ գտեք դոնորներ, որ ֆինանսավորեն տեսախցիկներով նկարահանումները տեղամասերում, սա խայտառակություն է». Սաքունց
10:20, March 30, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Ընտրական իրավունքԱզգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը հայտարարել է, որ իշխանությունը սկզբունքորեն կողմ է ԸՕ-ի նախագծի վերաբերյալ ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության ներկայացրած հինգ կետանոց պահանջներից առնվազն մեկին, այն է՝ ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրումը: Սակայն Սահակյանը չի պատկերացնում ուղիղ եթեր հեռարձակումները՝ համարելով դրանք ճնշում ՀՀ քաղաքացիների նկատմամբ:
Բացի այդ, տեսախցիկների տեղադրումն ու նկարահանումները, ըստ Հովհաննես Սահակյանի, ոչ թե պետական ծրագրի բաղկացուցիչ են լինելու, այլ շատ լավ կլինի, որ փնտրվեն դոնորներ, որոնք կֆինանսավորեն գաղափարը եւ կաջակցեն, որ տեսախցիկներ տեղադրվեն եւ ընտրական գործընթացը նկարահանվի տեղամասերում: Հիշեցնենք, սա ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության պահանջներից մեկն է միայն:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, ով անմիջական մասնակցություն է ունեցել պահանջների կազմման եւ իշխանություններին ներկայացնելու գործում, ԳԱԼԱ-ի հետ զրույցում հիշեցնում է, որ եթե հինգ կետանոց պահանջներից առանձնացնեն մեկը, ապա դա ոչինչ չի կարող տալ ՀՀ քաղաքացիներին. «Մեր կողմից հինգ պահանջ է ներկայացվել, ոչ թե միայն այդ պահանջը՝ տեսախցիկներով նկարահանում, եւ որեւէ մեկ պահանջի կատարումն առանց մյուս պահանջների կատարման չի կարող լիարժեք համարվել: Դրանք այն հինգ կետերն են, որոնք ամբողջության մեջ եթե իշխանությունն ընդունի եւ ներառի օրենքում, ապա նոր կարելի է խոսել վստահության մթնոլորտի կիրառման սկզբի մասին: Քանի որ շատ կարեւոր է ոչ միայն ընտրական օրենսգրքով սահմանելը, այլ դրանց իրականացումն ապահովելը»:
Ինչ մնում է Հ. Սահակյանի առաջարկին՝ որոնել ֆինանսավորող դոնորներ եւ պահանջել, որ տեղամասերում տեսախցիկներով գաղափարն ի կատար ածվի, համարում է խայտառակություն: «Սա նշանակում է բեռը գցել իրենց վրայից եւ դնել քաղաքացիական հասարակության վրա: Պետությունն ինքը պիտի երաշխավոր լինի: Պետությունն ինքը պիտի շահագրգիռ լինի, ինքը պիտի կազմակերպի այդ գործընթացը: Ես չեմ պատկերացնում՝ սա ինչ է նշանակում՝ գտնել դոնորներ: Դա ակնհայտ որակվում է որպես խուսափում պատասխանատվությունը կատարելուց, որովհետեւ քաղաքացիական հասարակությունն արդեն իսկ իր հարկերով վճարել է պետական բյուջե:
Եվ ակնկալում է պետության կողմից պարտավորությունների կատարում:Նման կերպ հարցին անդրադառնալը համարում եմ պետության կողմից իր պարտավորությունների կատարումից խուսափում եւ բեռի անհամաչափ տեղափոխում քաղհասարակության եւ քաղաքացիների վրա, որոնք արդեն իսկ վճարել են: Ընդամենը քաղաքական կամքի բացակայության մասին է խոսում, իսկ նման ձեւակերպումներն ընդամենը վկայում են առաջարկությունների եւ իշխանությունների պարտավորությունների կատարման բովանդակային խեղաթյուրում»,- ասաց Սաքունցը: