Տարածքային ընտրական հանձնաժողովի զբաղեցրած շինության ներսում Սուրիկ Խաչատրյանի կողմից քարոզչություն իրականացնելը կարող է ազդել Հանձանաժողովի աշխատանքի վրա. ՀՔԱՎ-ը դիմել է ԿԸՀ
14:24, March 30, 2017 | Նորություններ, Սեփական լրատվություն | Ընտրական իրավունքՄամուլով տեղեկություններ են հրապարակվել այն մասին, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ի աջակցություն ՀՀԿ տարածքային ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու Աշոտ Արսենյանի, Գորիսում քարոզչություն է իրականացնում, հանդիպումներ ունենում ընտրողների հետ:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի երկարաժամկետ դիտորդները ՀՀ ԱԺ ընտրությունների քարոզչության մշտադիտարկման ընթացքում արձանագրել են, որ հիշյալ գործունեության շրջանակում Սուրիկ Խաչատրյանը հանդիպումներ է ունենում նաև Թիվ 12 տարածքային ընտրական հանձնաժողովի զբաղեցրած շինության երկրորդ հարկում:
Սա հիմք է տալիս ենթադրելու, որ հիշյալ տարածքը փաստացի օգտագործվում է որպես շտաբ և որպես այդպիսին այն կարող է օգտագործվել նաև քվեարկության օրը՝ ազդեցություն ունենալով Հանձնաժողովի աշխատանքների վրա:
Հիմք ընդունելով ՀՀ Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածը, համաձայն որի՝ ընտրական շտաբները չեն կարող տեղակայվել նաև այն շենքերում, որտեղ գործում են ընտրական հանձնաժողովները, և մտահոգություն հայտնելով, որ դա կարող է վտանգել Թիվ 12 տարածքային հանձնաժողովի գործունեության բնականոն ընթացքը՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը այսօր դիմել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ մատնանշված տեղեկությունները ճշտելու և խախտումները վերացնելու ուղղությամբ գործողություններ ձեռնարկելու առաջարկով: