Մի քանի առաջարկ Հանրային նոր օրակարգի վերաբերյալ
14:30, June 30, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ
Մեր զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը
Օրերս համաժողովրդական շարժման մեկնարկի համար նոր Հայեցակարգ առաջարկվեց՝ ինչ և ինչպես-ի համադրմամբ: Ինչպե՞ս անել, որ յուրաքանչյուրը հասարակական կյանքի կտրուկ փոփոխության մեջ տեսնի իր շատ կոնկրետ ու որոշակի շահը, իր իրավունքների գործնական հաստատումը:
Տևական ժամանակ է, որ մենք վերլուծում ենք իրավիճակը տարբեր չափումներով և մոտեցնումներով: Կարծես թե ամեն ինչ պարզ է՝ մենք խորը ճգնաժամ ունենք՝ մտքի ճգնաժամ, ինստիտուցիոնալ ճգնաժամ բոլոր բնագավառներում: Հիմա ելքեր են փնտրվում, որից մեկը Արա Նեդոլյանի առաջարկած մոտեցումներն են: Ինձ համար առավել կարևոր է մի հիմնարար խնդիր՝ սեփականության իրավունքը: Սեփականության զգացումը հասարակության համար ֆունդամենտալ նշանակություն ունի: Օրինակ՝ գնչուների մոտ մի փոքր ուրիշ է, պետականություն չունեցող մարդկանց հանրույթը մի տարածքում ամրապնդվում է, մեկուսանում շրջապատից և մեկուսի կյանքով ապրում: Հայաստանում խնդիրն այն է, որ մենք աշխարհից ենք մեկուսանում, որը սահմանափակում է առաջացնում: Ինձ համար այս պահին շատ ավելի կարևոր հարց կա. մենք ի՞նչ ենք ուզում Հայաստանի քաղաքացու համար: Եթե ուզում ես ապահով կյանք, և սեփական երկրում դրա երաշխիքները չունես, միշտ ընտրում ես որևէ այլ ապահով համակարգերում տեղավորվելու, իրացվելու տարբերակը: Հայաստանում ինչ ուզելը արդիական չէ, տեսնելով հնարավորություն չկա, մարդը չի էլ փորձում այդ հնարավորությունը ստեղծել: Ինչպե՞ս անել, որ Հայաստանը մարդու համար դառնա սեփականության տիրույթ, սա ֆունդամենտալ խնդիր է: Մենք ունենք ռեսուրսների վերագնահատման հարց:
Այս առումով, ես ունեմ մի քանի առաջարկություն. Առաջին՝ հասարակությունը պետք է հասկանա, որ ամենամեծ սեփականատերը երկրում երկուսն են՝ իշխանության վերնախավն ու եկեղեցին: Իշխանության սեփականության հիմքը հանդիսանում է ոչ միայն օլիգարխների, այլև ՀՀԿ սեփականությունը: Մենք ունենք մոնոպոլ սեփականատերեր՝ հանձինս ՀՀԿ-ի և նրա անդամների և հանձինս եկեղեցու: Մինչև մենք սա չճանաչենք որպես խոչընդոտող գործոն, մնացած բոլոր քայլերը դատապարտված կլինեն ձախողման: Խոսքն այն սեփականությունների մասին է, որոնք իրենց ծագումով և կարգավիճակով դեմ են հասարակության բնականոն վիճակին: Նման կենտրոնացվածությունն անթույլատրելի է: Սրանք են Հայաստանի երկու հիմնական ֆեոդալները: Եվ կարևոր է այդ երկու սեփականատերերի օրինականության հարցը: Եթե ես այդ սեփականության օրինականության հարցը չդնեմ, երկրում օրինականության ամրապնդման կամ ձևավորման ուղղությամբ քայլ չեմ կատարի:
Հաջորդը սահմանների հարցն է՝ մեզ մոտ անընդհատ փորձ է արվում սահմանների դերին շատ ավելի մեծ նշանակություն տալ, քան սահմանների բովանդակությունը փոխելուն: Սահմանները հանդես են գալիս ոչ թե կապող, համագործակցության համար միավորող, այլ անջրպետող և մեկուսացնող: Ես սահմաններ ասելով նկատի ունեմ թե ներքին, թե արտաքին սահմանները: Սահմանները դիտարկվում է ես-ի և օտարի ինստիտուտ, ոչ թե կապող օղակ:
Երրորդ խնդիրը մեր և այլոց տարանջատումն է, որը տանում է մեկուսացման ու լճացման, որում հիմա գտնվում ենք: Եթե վերցնենք Հայաստանի պատմության դրվագներից, ապա զարգացման ամենալավ հնարավորությունը եղել է այն ժամանակ, երբ աշխարհի համար թափանցիկ ենք եղել: Աշխարհից մեկուսանալով՝ մեր զարգացման տեմպերն ենք հետ մղում: Թշնամիներ և հակառակորդներ փնտրելու փոխարեն աշխարհի հետ գործընկերներ փնտրելու տեսակետից պետք է հարաբերվել: Մենք մեզ մեծ աշխարհի մաս պետք է տեսնենք, ոչ թե մեծ աշխարհից կտրված:
Հաջորդը սեփական բացառիկությունից հրաժարվելու խնդիրն է: Այն մտայնությունը, որ մենք՝ հայերս, բացառիկ ենք, այս ենք, այն ենք, ոչ մի տեղ չի տանում: Իմիջիայլոց, գերմանացիները, որոնք քաղաքակրթության, մշակույթի, տնտեսության և գիտության առումներով շատ ավելի հզոր էին, ստիպված եղան Երկրորդ համաշխարհային պատերազմում կրած խայտառակ արհավիրքից հետո իրենց զարգացման երաշխիքը տեսնել նաև սեփական բացառիկությունից հրաժարվելու մեջ: Դրանով նրանք չնսեմացվեցվին և շարունակեցին ներդրում ունենալ ժողովրդավարության մեջ, նոր որակներ բերել, քանի որ հրաժարվեցին իրենց բացառիկության սինդրոմից:
Սրանք երեք կարևոր խնդիրներն են, առանց որոնց ցանկացած այլ տեքստ, այլ փիլիսոփայություն կլինի շատ վերացական, իրականությունից կտրված և որևէ արմատական փոփոխության չի կարող հանգեցնել:
Հնարավո՞ր է՝ եվրաինտերգրման ճանապարհից հրաժարվելը պայմանավորված էր նրանով, որ մենք այդպես էլ չէինք հստակեցրել՝ ինչ ճանապարհ ենք ուզում Հայաստանի համար:
Մենք պետք է արձանագրենք հետևյալը, անկախ նրանից՝ դա կվերաբերեր Եվրոպական Միության արևելյան գործընկերության ասոցացման համաձայնագրին որպես մոդել, թե եվրասիական միությանը որպես համակարգ, երկու դեպքում էլ հանրային իրազեկում կամ գիտակցված ընտրություն քաղաքացու կողմից չկար, կար ընկալում որոշակի խմբերի տիրույթում: Երկու խմբերն էլ բարոյական թիրախ չունեն բոլորի անունից հանդես գալու, քանի որ բոլորի կողմից այդ հավանությունը չունեն: Դրա համար էլ երկուսի առաջարկներն էլ հանրության համար վերացական են: Դրա համար Եվրասիական տնտեսական միության դեպքում, իր բնույթից ելնելով, այն պարտադրանքի ուժ ունի: ԵՄ ասոցացման դեպքում այդ պարտադրանքի գործիքները չկան, այն ունի միայն համոզելու, բացատրելու, հասկանալի դառնալու բնույթ, դրա համար էլ պարտվում է: Ցավոք սրտի, երկար ժամանակ վատնվեց այն իմաստով, որ հանրությանը այն տեղ հասցնելու ժամանակ չեղավ: Եվ պետք է ինքնաքննադատությամբ մոտենալ, քանի որ մենք էլ այդ աշխատանքը պատշաճ չենք կատարել՝ չնայած զրկված ենք եղել այն հնարավորություններից, որոնք կարևոր նշանակություն ունեն հասկանալի դարձնելու համար: Որևէ քաղաքական ուժ այդ առաքելությունը իր վրա չէր վերցնում, քանի որ չունենք եվրոպական համակարգի արժեքներն անվերապահ ընդունող քաղաքական ուժեր: Մեզ մոտ քաղաքական ուժերը իրենց դրվածքով ավտորիտար են, շատ ավելի հեշտությամբ տեղավորվում են Եվրասիական տնտեսության մոդելի տրամաբանության մեջ, քանի որ այստեղ մոդելը ոչ թե բացատրելու կամ հասկանալի դառնալու հիման վրա է, այլ նաև պարտադրանքի: Բարոյական որևէ աջակցություն ունենալու համար, պետք է նախ բացատրել, հասկանալի դարձնել եվրաինտեգրման բովանդակությունը, որը չէր արվել: Դրա համար սեպտեմբերի 3-ը սահուն անցավ, և միայն մի փոքր հանրույթի կողմից դժգոհություն առաջացրեց, որն էլ հանրային աջակցություն չստացավ:
Եթե քիչ առաջ իմ նշած երեք հիմնարար խնդիրների լուծումը չդնենք խնդիրների լուծման հիմքում, ցանկացած տեքստ լեգիտիմ և հասկանալի չի լինի: Եթե դիսկուրսը այդ մակարդակում չտանենք, ապա որոշումը, որը կվերաբերի տեքստի բովանդակությանը և տեքստի ֆորմատին, կդառնա շատ վերացական: Իմ խորին համոզմամբ, այդ երեք խնդիրների լուծման արդյունքում է, որ ստեղծված տեքստը կընդունվի որպես մանիֆեստ: Դա ինքը լինելու է եվրոպական տարածության ու համակարգի մեջ:
Ես այստեղ տեսնում եմ մի քանի կարևոր գործողություններ. Նախ, Եվրոպայի սահմանը հասել է մեզ՝ հանձին Վրաստանի, և դա շատ կարևոր է, բայց մենք դեռ չունենք այն հոգեբանությունը և միտքը, որ գտնվենք այդ սահմանի մյուս կողմում: Այսինքն, Եվրոպան այնքան հեռու չէ, որքան շատերը կարծում էին, և մենք հնարավորություն կունենանք Եվրոպան տեսնելու Վրաստանում՝ այն փոփոխությունների տեսքով, որոնք այնտեղ տեղի կունենան: Երկրորդն այն է, որ ք Հայաստանն ու Ադրբեջանը 2001-ին միասին անդամագրվեցին Եվրոպայի խորհրդին, և դա շատ կարևոր է, որպեսզի մենք հնարավորություն ունենանք Լեռնային Ղարաբաղի կնճռոտ հարցը բոլորովին այլ հարթությունում տեսնելու, որին այսօր, ըստ էության, խոչընդոտում է Ռուսաստանը: Բացի այդ, իմ կարծիքով, Հայաստանը և Թուրքիան պետք է ներգրավվեն եվրոպական ինտեգրման գործընթացում: Թուրքիայի ԵՄ անդամակացության գործընթացին կնպաստի Հայաստանի ներգրավումը եվրոպական ասոցացման մեջ: Նաև սա պետք է լինի մեր անելիքներից մեկը արտաքին աշխարհի հետ հարաբերվելիս և վերջապես, ինչպես ժամանակին ԵՄ-ն ինքն էր առաջադրել ասոցացման հմաձայնագրի նախագծի տեքստը, հիմա էլ պիտի առաջադրի նախորդ տարվա վերջին Վիլնյուսում Հայաստան-ԵՄ հռչակագրում ամրագրված խնդիրների վերաբերյալ տեքստի նախագիծը: Այսինքն՝ այն նեղացկոտ վարքագիծը, որ հիմա ԵՄ-ն դրսևորում է, որ մենք սպասում ենք Հայաստանի իշխանությունների կողմից առաջարկի, կարծում եմ, արդարացի չէ, քանի որ ասոցացման պայմանագրի դեպքում էլ դու չէիր սպասում Հայաստանն առաջարկի, դու էիր առաջարկում քո տեքստը: Մեր մյուս խնդիրն այն է, որ ԵՄ-ի կողմից առաջարկվող տեքստը երկկողմանի լինի, որի բովանդակության մեջ մենք՝ քաղաքացիներս, պետք է լիարժեք մասնակցություն ունենանք:
Աղբյուրը` www.lragir.am