Կայացավ «Հանդուրժողական անտարբերություն» թեմայով հեռուստահաղորդում
11:54, June 30, 2015 | Նորություններ, Սեփական լրատվությունՀելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչներ Մարիետա Թեմուրյանը և Արայիկ Զալյանը հյուրընկալվել էին «Հրազդան» հեռուստաընկերությունում՝ մասնակցելու «Հանդուրժողական անտարբերություն» հաղորդմանը, որը եթեր է հեռարձակվել 2015 թ. հունիսի 25-ին:
Հեռուստահաղորդման թեման էր հոգեկան առողջության խնդիրներ ունեցող և թմրամիջոց օգտագործող անձանց իրավունքների վիճակը Հայաստանում և հասարակության վերաբերմունքը նշված խոցելի խմբերի նկատմամբ:
Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող և թմրամիջոց գործածող անձանց իրավունքների պաշտպանության գործում կազմակերպության փորձը ցույց է տալիս, որ առկա են բազում խնդիրներ, որոնց վերհանմանն ու լուծմանն են ուղղված կազմակերպության կողմից, նշված անձանց իրավունքների պաշտպանությանը նպաստող գործողությունները:
Մասնավորապես՝ կազմակերպության կողմից իրականացվում են տարբեր մշտադիտարկումներ, ուսումնասիրություններ, տրամադրվում է իրավական աջակցություն, կազմակերպվում են մամուլի ասուլիսներ, հանդիպումներ և այլն: Իրականացված ուսումնասիրությունների հիման վրա ներկայացվում են օրենսդրական և պրակտիկայի բարեփոխման առաջարկություններ:
Հեռուստահաղորդման նպատակ էր՝ նպաստել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի բնակիչների իրազեկության բարձրացմանը հոգեկան առողջության խնդիրներ ունեցող և թմրամիջոց գործածող անձանց իրավունքների վիճակի վերաբերյալ՝ առկա խնդիրների, խախտված իրավունքների վերականգնման և պաշտպանության իրավական մեխանիզմների ներկայացման միջոցով:
Հեռուստահաղորդումը կայացել է Բաց Հասարակության Հիմնադրամներ – Հայաստան կազմակերպության ֆինանսական աջակցությամբ՝ «ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո» ծրագրի շրջանակներում:
Հեռուստահաղորդումն այստեղ: