Պատրաստ ենք անշարժ գույք գրավադրել. ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվողը մեղադրանքը չի ընդունել
16:32, September 30, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Սասնա ԾռերՈստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու եւ զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ մեղադրվող Գագիկ Միքայելյանն այսօր` սեպտեմբերի 30-ին, Վերաքննիչ դատարանում հայտարարել է, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Անի Չատինյանը:
«Դատարանին մենք ասացինք, որ պատրաստ ենք անգամ անշրաժ գույք գրավադրել: Գագիկը ելույթ ունեցավ եւ ասաց, որ Խորենացի փողոցում ցույցին մասնակցելով իրացրել է խաղաղ ցույցերին եւ երթերին մասնակցելու իր իրավունքը, երբ ոստիկանները սկսել են լուսաձայնային պայթուցիկներ գործադրել, ինքը սկսել է պաշտպանվել: Նա նաեւ նշեց, որ ունի մանկահասակ երեխա, որը խնամքի կարիք ունի»,-ասաց փաստաբանը:
Պաշտպանը նշեց, որ Վերաքննիչ դատարն բողոք էր ներկայացրել առաջին ատյանի որոշման դեմ, որը մերժել էր գրավի դիմաց իր պաշտպանյալին ազատ արձակել. «Մենք գրավի չափ ենք առաջարկել` 1 միլիոն դրամ, նաեւ պատրաստ ենք անշարժ գույք գրավադրել»:
Որոշման հրապարակումը կլինի վաղը:
Գագիկ Միքայելյանը մեղադրվում է ոստիկանության աշխատակիցների նկատմամբ քարեր նետելու մեջ: Ըստ փաստաբանի` իր պաշտպանյալը հուլիսին Խորենացի փողոցում մասնակցել է խաղաղ հավաքների եւ որեւիցե մեկի նկատմամբ բռնություն չի գործադրել: