Հայկ Կյուրեղյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը մերժվեց
16:52, November 30, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն2015թ. նոյեմբերի 30-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ՝ Ս. Չիչոյանի, քննության առնվեց Հայկ Կյուրեղյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը: Դատական նիստին ներկա էին ամբաստանյալ Հ. Կյուրեղյանը և Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ Վահե Ասատրյանը: Գործով տուժողները և Հ. Կյուրեղյանի պաշտպան Անժելյա Հոբոսյանը չէին ներկայացել դատական նիստին: Նշենք, որ Հ. Կյուրեղյանը դատական նիստին ներկայացել էր «Կեցցե Հայաստանը, որ վաղն է գալու» կարգախոսը կրող գրառմամբ:
Դատավարության մասնակիցները դատարանի կազմին բացարկի միջնորդություններ չներկայացրեցին: Դատարանը փորձեց ճշտել, թե արդյոք Հ. Կյուրեղյանն անհրաժեշտ է համարում դատական նիստին իր պաշտպանի մասնակցությունը, վերջինս նշեց, որ ինքը բազմիցս, նույնիսկ գրավոր դիմումով հրաժարվել է հանրային պաշտպանի ծառայությունից, քանի որ դատարանն իրավական համակարգ չի համարում, ուստի անհրաժեշտ չի համարում իրավական պաշտպանություն իրականացնել:
Դատարանի հարցին, թե արդյոք կողմերը մինչ դատաքննությունն սկսելն ունեն միջնորդություններ, Հ. Կյուրեղյանը նշեց, որ միջնորդում է փոփոխել իրեն առաջադրված մեղադրանքի բովանդակությունը, քանի որ ըստ նրա՝ այն որևէ իրավական ձևակերպում չուներ: Դատարանը նշեց, որ այդ հարցերին Հ. Կյուրեղյանը կարող է անդրադառնալ վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների շրջանակներում, և միջնորդությունների բացակայության պայմաններում, անցավ գործի քննությանը:
Դատարանը հրապարկեց դատավճռի բովանդակությունը և վերաքննիչ բողոքի էությունը, որից հետո վերաքննիչ բողոքի հիմքերը և հիմնավորումները ներկայացնելու համար խոսքը տրվեց բողոքաբեր Հ. Կյուրեղյանին, վերջինս նշեց, որ ըստ իրեն, մեղադրանքի տեքստն անգրագիտություն է, քանի որ դրանում նշվել է, որ ինքը հանրության նկատմամբ իր գերակայությունը ցույց տալու համար է բարձրացել ավտոմեքենայի վրա, ապա հետաքրքրվեց, թե ինքն ինչում է մեղադրվում՝ հասարակական կարգը խախտելու՞, թե՞ հասարակության մեջ իր գերակայությունը ցույց տալու համար:
Նախագահող դատավոր Ս. Չիչոյանը նշեց, որ Հ. Կյուրեղյանի կողմից բավականին գրագետ շարադրված բողոք է ներկայացվել և հարցրեց, թե արդյոք Հ. Կյուրեղյանը չի ցանկանում հրապարակել այն: Ի պատասխան՝ Հ. Կյուրեղյանը նշեց, որ կանդրադառնա բողոքի առավել կարևոր հանգամանքներին՝ նշելով, որ իր վարքագիծը դրսևորվել է միայն համարժեք պատասխան տալու համար և որ անկախ նրանից՝ դատարաններն իրեն կարդարացնեն, թե ոչ, ժողովուրդն իրեն արդարացրել է: Մեկ անգամ ևս նշելով, որ դատական համակարգն իրավական չի համարում՝ Հ. Կյուրեղյանն ավելորդ համարեց՝ անդրադառնալ բողոքի իրավական հիմնավորումներին:
Նախագահող դատավոր Ս. Չիչոյանի այն նկատառմանը, որ Հ. Կյուրեղյանը վերաքննիչ բողոքում անդրադարձել է նաև պատժի խստությանը, իսկ վերաքննիչ բողոքի պահանջի մասում դրան չի անդրադարձել, Հ. Կյուրեղյանը պատասխանեց, որ իր միակ պահանջն է՝ արդարացնել իրեն:
Մեղադրող Վ. Ասատրյանը, օրինական և հիմնավորված համարելով դատարանի դատավճիռը, ողջամիտ համարեց նշանակված պատժաչափը՝ գտնելով, որ այն ուղղված է սոցիալական արդարության վերականգնմանը և խնդրեց մերժել ներկայացված վերաքննիչ բողոքը:
Դատարանի հարցին, թե արդյոք կողմերն ունեն լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու միջնորդություն, Հ. Կյուրեղյանը նշեց, որ ստորադաս դատարանի կողմից իրեն չեն տրամադրվել գործի նյութերում առկա տեսագրությունները, որոնցից էլ կախված է նոր ապացույց ներկայացնելու անհրաժեշտությունը: Այնուամենայնիվ, Դատարանն արձանագրեց, որ նոր ապացույց ներկայացնելու միջնորդություն Հ. Կյուրեղյանը չունի, որից հետո, ավարտված համարելով գործի քննությունը, հեռացավ խորհրդակցական սենյակ: Քիչ անց հրապարակված որոշմամբ Դատարանը մերժեց Հ. Կյուրեղյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը:
Հավելենք, որ չնայած նրան, որ դատական նիստի սկզբում նախագահող դատավոր Ս. Չիչոյանը պարզաբանեց ոտքի կանգնած դատարանին դիմելու կարգը, սակայն գործի քննության ընթացքում Հ. Կյուրեղյանը ոտքի չկանգնեց: Այդ մասով Դատարանը Հ. Կյուրեղյանի նկատմամբ որևէ դատավարական սանկցիա չկիրառեց:
Տես նաև՝ iravaban.net