Ցուցարար Արմեն Միքայելյանի գործով հակընդդեմ հայց ներկայացվեց
14:48, November 30, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն2016 թ. նոյեմբերի 30-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Մ.Մելքումյանի, կայացավ «ՀՀ Ոստիկանությունը՝ ընդդեմ Արմեն Միքայելյանի» գործով դատական նիստը: Դատարան ներկայացված հայցով ՀՀ Ոստիկանությունը պահանջել է Ա. Միքայելյանին վարչական պատասխանատվության ենթարկել ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 11-րդ և 15-րդ կետերի պահանջներով:
Նախնական դատական նիստին մասնակցում էին հայցվոր ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչ, ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնի ավագ իրավախորհրդատու Սոնա Մելիքյանը, պատասխանող Ա. Միքայելյանը, վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը:
Մինչ դատաքննությունն սկսելը Տ. Սիրադեղյանը հակընդդեմ հայցադիմում ներկայացրեց ՀՀ Վարչական դատարան՝ ՀՀ Ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով՝ նշելով, որ տվյալ դեպքում պատասխանող կողմը պետք է հնարավորություն ունենա օգտվելու հակընդդեմ հայց ներկայացնելու իր իրավունքից, քանի որ ՀՀ Սահմանադրական դատարանը ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներին հակասող է ճանաչել ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 87-րդ հոդվածով նախատեսված ՝ մինչև գործով դատաքննություն նշանակելը հակընդդեմ հայց ներկայացնելու դրույթը:
Միաժամանակ, Ա. Միքայելյանի ներկայացուցիչը դատարան ներկայացրեց նաև հայցի վերաբերյալ գրավոր առարկություն:
Հաշվի առնելով, որ հակընդդեմ հայցի վարույթ ընդունման հարցը պետք է լուծվի առանձին դատական ակտով՝ դատարանը որոշեց դատական նիստը հետաձգել: Սույն գործով հաջորդ դատական նիստի մասին կողմերը կծանուցվեն լրացուցիչ:
Հիշեցնենք, որ Ա. Միքայելյանը 2016 թ. մարտի 24-ին մասնակցել է Գևորգ Սաֆարյանի կալանքի ժակետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդության քննարկմանն ընդառաջ կազմակերպված հավաքին, որի ընթացքում հավաքի որոշ մասնակիցներ, պառկելով Մաշտոցի պողոտայի երթևեկելի հատվածում և շղթայի միջոցով իրենց ամրացնելով ասֆալտին, փակել էին փողոցը: Այնուհետև հավաքի մասնակիցները ֆիզիկական ուժի գործադրմամբ բերման էին ենթարկվել և տեղափոխվել ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին, որտեղ նրանց նկատմամբ իրականացվել էր վարչական վարույթ՝ հավաքի մասնակցի կողմից իր պարտականությունները չկատարելու ու հավաքի խաղաղ և բնականոն ընթացքի ապահովման վերաբերյալ ոստիկանության` օրենքով սահմանված պահանջները չկատարելու հիմքով:
Տես նաև՝ aravot.am