ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի Հայտարարությունը Հայաստանի Հանրապետության եւ Եվրամիության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կնքման վերաբերյալ
11:18, November 30, 2017 | Համատեղ, ՀայտարարություններԵՄ Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը ողջունում է Հայաստանի Հանրապետության եւ Եվրամիության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կնքման փաստը։
Ազգային պլատֆորմը վստահ է, որ պայմանագիրն իրատեսական հիմքեր է սահմանում Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ համակողմանի քաղաքական, տնտեսական հարաբերությունների զարգացման եւ մեր երկրում արմատական բարեփոխումների իրականացման համար:
Միեւնույն ժամանակ համոզված ենք, որ Համաձայնագրի ստորագրումը ոչ թե վերջնանպատակ է, այլ երկարաժամկետ եւ ջանքեր պահանջող գործընթացի սկիզբ եւ դրա իրականացման համար պատասխանատվություն` ինչպես համաձայնագրի կողմերի, այնպես էլ Հայաստանի քաղաքացիական հասարակության համար: Այս առումով Հայաստանի իշխանություններից պահանջվում է հետեւողական եւ պատասխանատու մոտեցում փաստաթղթով նախատեսված հանձնառությունների կատարման նկատմամբ, բոլոր շահագրգիռ դերակատարների, այդ թվում եւ քաղաքացիական հասարակության իրական ներգրավվածության ապահովում: Մասնավորապես, հատուկ կարեւորություն ենք տալիս իշխանության եւ քաղաքացիական հասարակության միջեւ արդյունավետ երկխոսության մեխանիզմների ձեւավորմանը, այդ թվում` հատկապես համաձայնագրով նախատեսվող գործողությունների իրականացման նկատմամբ քաղաքացիական հասարակության կողմից արդյունավետ եւ մշտական մոնիթորինգի իրականացման մեխանիզմների հաստատմանը:
Հուսով ենք նաեւ, որ իշխանությունները, անդավաճան մնալով իրենց քաղաքական հայտարարություններին, կապահովեն քաղաքացիական հասարակության լիարժեք մասնակցությունը: ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը, հավատարիմ մնալով վերջին տարիներին հրապարակած իր հայտարարություններում ներկայացված առաջարկություններին եւ պահանջներին, դրանց հասցեատեր համապատասխան պետական կառույցներից պահանջում է վճռական քայլեր մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների, ժողովրդավարական ինստիտւտների ոլորտներում խնդրիների լուծման ուղղությամբ: Դրանով կարտահայտվի երկրի բազմակողմանի զարգացմանը միտված քաղաքական կամքի առկայությունը:
Մենք կոչ ենք անում նաեւ Եվրամիության կառույցներին, ԵՄ անդամ պետություններին՝ Համաձայնագրի շրջանակներում իրականացվելիք բարեփոխումների գնահատման ընթացքում դրսեւորել սկզբունքայնություն եւ հետեւողականություն: Հուսով ենք, որ այդ գործում կապահովվի Համաձայնագրի կատարման վերաբերյալ հաշվետվողականության խստապահանջությունը, անաչառությունը, դրա կենսագործման ամբողջ գործընթացի թափանցիկությանը եւ դրանում քաղաքացիական հասարակության, այդ թվում` ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի կազմակերպությունների ներգրավումը` իրականացվելիք գործողությունների առաջնահերթությունների մշակման, ծրագրերի իրականացման եւ գնահատման, ինչպես նաեւ Համաձայնագրի իրականացման մոնիթորինգի ոլորտներում:
Մենք վստահեցնում ենք, որ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի կազմակերպությունները, գիտակցելով նաեւ իրենց պատասխանատվությունը, ակտիվ մասնակցությունը կունենան եւ հետամուտ կլինեն Համաձայնագրով նախատեսված գործողությունների իրականացմանը։
Հայտարարությունն ընդունվել է ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի տարեկան համաժողովում, 2017թ. նոյեմբերի 28-ին