300 քաղաքացիներից 93-ը մերկասառույցի պատճառով են վնասվել
14:25, February 8, 2013 | ՆորություններՄինչ Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժնից Aravot.am-ին վստահեցնում են, որ նախորդ տարվա դեկտեմբերի 1-ից մինչեւ այս տարվա փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում քաղաքում առկա ձնածածկույթը պատշաճ մաքրվել ու զուգահեռ իրականացվել են աղատրման աշխատանքներ, հանրապետական ու տեղական մամուլը մասնավորապես 2013 թվականի 8-10-ը ընկած ժամանակահատվածում ողողված էր Վանաձորում տեղացած առատ ձյան ու մաքրման աշխատանքների ոչ պատշաճ կատարման թեմաներով:
Հակառակ սրան`Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժնի պետ Լյովա Մելիքյանը մեզ հետ զրույցում նշում է, որ արել են ամեն հնարավորը`մասնավորապես այդ օրերին քաղաքը կարգի բերելու համար:
«Այդ օրերին անընդմեջ ձյուն եկավ: Քաղաքը մաքուր պահելու համար անընդհատ ձյունամաքրման եւ աղատրման աշխատանքներ են կատարվել: Ընդամենը, քանի որ ձյուն էր անընդհատ գալիս, մի փողոցը մաքրում էինք, մինչեւ մտնում էիք հաջորդը, արդեն կարծես նախորդը մաքրած չլինեինք: Հենց ձյունը դադարեց, բոլոր ճանապարհները մեկ օրվա մեջ մաքրվեցին»:
Նրա փոխանցմամբ`այս տարվա հունվարի 8-9–ը ընկած ժամանակահատվածում փողոցներում ցանվել է 7 տոննա աղ, իսկ 10-20-ի ընթացքում` կես տոննա աղ, բոլոր ճանապարհներն էլ մաքրվել են գրեյդերներով:
«2013 թվականի համար բյուջեով նախատեսված է 5 միլիոն դրամ, հունվարի մեկից տասը ծախսվել է 590.000 դրամ, 10-20-ն էլ ծախսվել է 1 միլիոն 376 հազար դրամ»,-կատարված աշխատանքների ու դրանց համար հատկացված ֆինանսավորման մասին է պատմում Լյովա Մելիքյանը:
Հակառակ սրան`այդ օրերի մամուլն իր մի քանի անդրադարձով նկատում է, որ ձյան գալուն զուգահեռ՝ դադարեցվել է քաղաքի մի շարք երթուղիների աշխատանքը: Վարորդները խուսափել են հենց այդ օրերին աշխատել` պատճառաբանելով, որ ճանապարհները սառած են, փողոցներն էլ աներթեւեկելի:
«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»-ից Aravot.am –ին հայտնում են, որ Վանաձորի քաղաքապետարանից կազմակերպության հարցերին գրավոր անդրադարձի մեջ նշվում է, որ 2012 թվականի դեկտեմբերից մինչեւ 2013 թվականի հունվարն ընկած ժամանակահատվածում իրականացվել են աղատրման եւ մեքենամեխանիզմով ձյան մաքրման հետեւյալ աշխատանքները.
«2012 թվականի դեկտեմբերի 14-17-ի ընթացքում կատարվել է 13 տոննա աղատրում, 206 557 քմ ձյան շերտի մաքրում մեխանիզմով, դեկտեմբերի 14-ին կատարվել է 2 տոննա աղատրում, դեկտեմբերի 15` 6.5 տոննա աղատրում, ձյան մաքրում մեխանիզմով, դեկտեմբերի 16` 4 տոննա աղատրում, դեկտեմբերի 17` 0.5 տոննա աղատրում, դեկտեմբերի 18-24`8.6 տոննա աղատրում, 93442 քմ ձյան շերտի մաքրում մեխանիզմով, մասնավորապես, դեկտեմբերի 18 եւ 19 –ին կատարվել է 3.5 տոննա աղատրում, դեկտեմբերի 21-ին` 5.1 տոննա աղատրում, դեկտեմբերի 24-ին կատարվել է ձյան շերտի մաքրում մեխանիզմներով»:
Մեզ հետ զրույցում Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժնի պետ Լյովա Մելիքյանը տեղեկացրեց, որ վերոնշյալ աշխատանքների համար դեկտեմբեր ամսում ծախսվել է 1 միլիոն 250 000 դրամ:
Բացի այդ` ՀՔԱՎ-ն ՀՀ ճանապարհային ոստիկանությանն ուղղված հարցմանն ի պատասխան` ստացել է գրություն, որի համաձայն` 2012 թվականի դեկտեմբերի 1-ից մինչեւ 2013 թ. հունվարի 17-ն ընկած ժամանակահատվածում Վանաձոր քաղաքի վարչական տարածքում տեղի է ունեցել 48 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնցից 10-ը` ճանապարհային ծածկույթի բարձր սահելիության պատճառով (20.12 12` 2 դեպք, 22.12.12 , 24.12.12 , 25.12.12, 26.12.12, 28.12.12, 09.01.13, 10.01.13, 14.01.13):
ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձորի բաժնին` կազմակերպության ուղղված հարցմանն ի պատասխան էլ ստացված գրությամբ պարզվում է, որ 2012 թվականի դեկտեմբերի 1-ից մինչեւ 2013 թ. հունվարի 17-ն ընկած ժամանակահատվածում Վանաձորի բժշկական կենտրոնից ոստիկանության Վանաձորի բաժնում ստացվել է 300 քաղաքացիների մարմնական վնասվածք ստանալու վերաբերյալ հաղորդումներ, որից 93-ը մերկասառույցի վրա վայր ընկնելու հետեւանքով:
Աղբյուրը` http://www.aravot.am/2013/02/07/159156/