«ՀՔԱՎ-ը՝ ընդդեմ ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վ. Սարգսյանի» գործով դատաքննությունը ավարտված է
10:44, March 31, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն | Տեղեկատվության եւ խոսքի ազատություն
2016 թ. մարտի 30-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ Ա. Ավագյանի, սկսվեց «ՀՔԱՎ-ը՝ ընդդեմ ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վ. Սարգսյանի» գործով դատաքննությունը:
Հիշեցնենք, որ սույն հայցով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջել է պարտավորեցնել ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վ. Սարգսյանին՝ տրամադրել Կազմակերպության՝ 2015 թ. հունիսի 29-ի տեղեկատվության հարցմամբ պահանջված ամբողջական տեղեկատվությունը, մասնավորապես՝ տեղեկատվություն այն մասին, թե 1992-1998թթ. ընթացքում ՀՀ Նախագահի կողմից քանի անձ է պարգևատրվել զենքով և 1992-2015 թթ. ՀՀ Նախագահի կողմից զենքով պարգևատրված անձանց տվյալները (անուն-ազգանունները):
Դատական նիստը կայացավ հայցվորի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Անի Չատինյանի մասնակցությամբ, որը չառարկեց գործը պատասխանողի բացակայությամբ շարունակելու դեմ:
Դատարանը որոշեց դատական նիստը շարունակել պատշաճ ծանուցված պատասխանողի բացակայությամբ:
Ա. Չատինյանը պնդեց ներկայացված հայցը և հանդես եկավ բացման խոսքով: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչը նշեց, որ պատասխանողի կողմից պահանջված տեղեկատվության չտրամադրելը հանգեցնում է Կազմակերպության՝ ՀՀ Սահմանադրությամբ, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով ու «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով երաշխավորված տեղեկատվություն ստանալու իրավունքի խախտման:
Միաժամանակ, հաշվի առնելով, որ պահանջված տեղեկատվությունը մերժվել էր անձնական կյանքի վերաբերյալ տեղեկություններ պարունակելու հիմքով, Ա. Չատինյանը հիմնավորումներ ներկայացրեց նաև այն մասին, որ պահանջված տեղեկատվության տրամադրումը որևէ կերպ չի կարող խախտել զենքով պարգևատրված անձանց անձնական կյանքի գաղտնիության իրավունքը, քանզի Կազմակերպության կողմից պահանջվել է տրամադրել միայն զենքով պարգևատրված անձանց անուն-ազգանունները, ինչի հրապարակումը արգելված չէ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով: Ավելին, Ա. Չատինյանը նշեց, որ դատարան ներկայացված ԶԼՄ հրապարակումները, որոնք տեղեկություններ են պարունակում զենքով պարգևատրումների վերաբերյալ, հավաստում են, որ այդ տվյալների հրապարակումը որևէ կերպ չի խախտում անձանց անձնական կյանքի գաղտնիության իրավունքը: Միաժամանակ, Ա. Չատինյանը նշեց, որ չտրամադրելով 1992-1998 թթ. զենքով պարգևատրված անձանց քանակական տվյալները, պատասխանողը որևէ կերպ չի մեկնաբանել տեղեկատվության թերի տրամադրման պատճառները: Այդպիսով, Ա. Չատինյանը խնդրեց բավարարել Կազմակերպության կողմից ներկայացված հայցադիմումը:
Դատարանն անցավ գործով ներկայացված ապացույցների հրապարակմանը, որի ավարտից հետո սկսվեց դատական վիճաբանությունների փուլը: Ա. Չատինյանը պնդեց ներկայացված հայցը և խնդրեց բավարարել այն:
Դատարանը, գործի դատաքննությունը համարելով ավարտված, նշանակեց վճռի հրապարակման օր:
Սույն գործով վճիռը կհրապարակվի 2016 թ. ապրիլի 20-ին, ժամը 17:50-ին: