ԿԸՀ-ն ընտրախախտումներին գնահատական տալու առումով անգործություն է դրսևորել
16:51, March 31, 2017 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Ընտրական իրավունքՄարտի 31-ին տեղի ունեցավ խորհրդարանական ընտրությունները դիտարկող մի քանի քաղաքացիական նախաձեռնությունների համատեղ մամուլի ասուլիսը:
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամ Լուսինե Հակոբյանը նշեց, որ ապրիլի 2-ի ընտրությունների ընթացքը կհսկեն մեծաթիվ դիտորդներ, այդ թվում նաև «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը. «Հայաստանի ողջ տարածքում 1500 ընտրատեղամասում կունենանք 3400 դիտորդ` ծածկելով ընտրատեղամասերի շուրջ 75 տոկոսը։ Կգործի նաև կենտրոն, որտեղ 150 օպերատոր կգրանցեն դիտորդներից եկած ինֆորմացիան», – ասաց Լուսինե Հակոբյանը։
Ըստ Լուսինե Հակոբյանի՝ գործելու է կենտրոն, որտեղ աշխատելու են մոտ 50 հեռախոսային օպերատորներ, որոնք պատասխանելու են դիտորդների զանգերին: Լինելու է նաև իրավական թիմ, որոնց ներկայացվելու են խախտումների վերաբերյալ հաղորդումները. Իրավական թիմն այդ տեքստերին իրավական տեսք է տալու: Խախտումները ներկայացվելու են «Քաղաքացի դիտորդի» քարտեզում, որոնց հիման վրա բողոքները ներկայացվելու են դիմում-բողոքներ համապատասխան ընտրատարածքային հանձնաժողովներ:
«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի անդամ Վարուժան Հոկտանյանը տեղեկացրեց, որ վերջերս իրենց ներկայացրած 176 խախտումների փաստի հետ կապված Գլխավոր դատախազությունը իրենց կենտրոնից խնդրել է դեպքերի մասին ինֆորմացիա, որոնք ուսումնասիրվելու են. «Մեզ համար անակնկալ էր, բայց ուրախացանք»։
Հոկտանյանը ընդգծեց. «Ընտրություն ասելով, մենք չպետք է հասկանանք միայն ապրիլի 2-ի օրը, ապրիլի 2-ը դա ընտրություն չի, դա միայն քվեարկության օրն է, ընտրությունների ամբողջ գործընթացի մեկնարկի պաշտոնական օրը՝ մարտի 5-ը եթե վերցնենք, նույնիսկ դրանից շուտ էլ է սկսել, և այս ընթացքում տեսանք այնպիսի երևույթներ՝ անհավասար պայմաններ, վարչական ռեսուրսի չարաշահում, բռնություններ, ցուցակներ, որոնք այդպես էլ կարգի չբերվեցին, որովհետև օրենքը թույլ չի տալիս:
Այս ամենն արդեն լրջագույն հիմքեր են տալիս ասելու, որ քվեարկությունը նույնպես չի ընթանալու նորմալ ձևով», – ասաց Հոկտանյանը։ «Անկախ դիտորդ» նախաձեռնության անդամ Դանիել Իոաննիսյանը նշեց. «200 դիտորդ կդիտարկի քվեարկության ընթացքը 400 ընտրատեղամասում»։
«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ ներկայացուցիչ Արթուր Սաքունցի գնահատմամբ՝ ԿԸՀ-ն բարձրացված հարցերին բավարար կերպով չի անդրադարձել. «ԿԸՀ-ն ընտրախախտումներին գնահատական տալու առումով անգործություն է դրսևորել»։ Վերջինիս գնահատմամբ՝ ԿԸՀ-ի վարքը հիմք է ընտրությունների արդյունքները կասկածի տակ դնելու համար։