Սա ընդամենը նախընտրական առևտուր է
10:45, August 31, 2015 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Սահմանադրական փոփոխություններՍահմանադրական փոփոխությունների նախագծի շուրջ Սերժ Սարգսյանի մոտ այս օրերին կուսակցությունների մասնակցությամբ անցկացվող քաղաքական խորհրդակցություններ ասվածն ընդամենը պալատական հանդիպումներ են: Lragir.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ նշելով, որ փորձ է արվում այս գործընթացը ներկայացնել որպես քաղաքական երևույթ:«Ես ժամանակին ասել եմ, որ Սահմանադրության փոփոխությունը միտված է փղերի նախաճաշն օրինականացնելուն: Սա սահմանադրական փոփոխությունների անվան տակ նախընտրական առևտուր է, ըստ էության»,- ասաց նա:Սաքունցի խոսքով՝ կան հանցագործություններ, որոնք վաղեմության ժամկետներ չունեն, և մասնավորապես դա վերաբերում է 2008 թվականի մարտի 1-ի դեպքերին, երբ պետական ռեսուրսների ու զինված ուժերի ապօրինի կիրառմամբ սպանվեց 10 մարդ, լայնածավալ քաղաքական հետապնդումներ իրականացվեցին ամբողջ հանրապետությունում:«Այդ հանցագործության կատարմանն անմիջականորեն մասնակցել են ԲՀԿ-ն , ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը, որոնք ոչ միայն աջակցել են, այլ նաև քվեարկել են ԱԺ պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու օգտին՝ բավարարելով Գլխավոր դատախազի միջնորդությունը: Անցել է 7 տարի, և այդ նույն քաղաքական ուժերը վերստին հայտնում են իրենց համերաշխությունը Սերժ Սարգսյանի սահմանադրական փոփոխություններին: Իսկ Սերժ Սարգսյանը 2008-ի իրադարձությունների ժամանակ գործող վարչապետ ու նախագահի թեկնածու էր»,- նշեց նա:Արթուր Սաքունցի խոսքով՝ այն կուսակցությունները, քաղաքական ուժերն ու անձինք, որոնք նույնն են մնացել 2008-ից հետո, այսքան տարի հետո բացարձակապես որևէ պահանջ չդնելով Մարտի 1-ի հանցագործությանն իրավական գնահատական տալու ուղղությամբ, հիմա հրապարակավ աջակցում են Սերժ Սարգսյանի սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությանը:«Սա հանդիսանում է հանցագործության շարունակություն, որովհետև մարդիկ, ովքեր սահմանադրական կարգը բռնի զավթելու գործողությանը մասնակից են դարձել, բացարձակապես որևէ իրավունք չունեն կպնելու այդ Սահմանադրությանը, որովհետև Սահմանադրությունն իրենք են ոչնչացրել: Սա ես գնահատում եմ որպես հանցագործության կոծկման անթաքույց գործողություն»,- ընդգծեց նա:Սաքունցի խոսքով՝ այն նոր ուժերը, որոնք ի հայտ են եկել 2008-ի մարտի 1-ից հետո և վերստին միանում են այս գործընթացին, իրենք նույնպես մեղսակից են դառնում Մարտի 1-ի հանցագործության կոծկման գործընթացին: Այսինքն, ըստ նրա, ունենք հետևյալ իրավիճակը՝ մի կողմում Հայաստանի Հանրապետության քաղաքացին է, որի նկատմամբ կատարվել է պետական ահաբեկչություն, սպանություն, մյուս կողմում քաղաքական ուժեր են, որոնք իրականացրել են այդ ահաբեկչությունը, և նաև ուժեր, որոնք այդ պետական ահաբեկչության սատարողներ են հանդես գալիս: Եվս մեկ անգամ արձանագրվեց, որ քաղաքական վերնախավ ասվածն իր գերակշիռ մեծամասնությամբ, բացառութամբ մեկ-երկու քաղաքական ուժի, որևէ ընդհանրություն, առնչություն ու կապ չունի ՀՀ քաղաքացու խնդիրների հետ:“Այս պարագայում սահմանադրական փոփոխությունների նախաձեռնության սկսումն ու դրա աջակցումը ուղղակի հանդիսանում է սեփական հանցագործությունը կոծկելուն ուղղված գործողություն, որովհետև միանշանակ է, որ Սերժ Սարգսյանը և հանցագործության կատարման մասնակիցները իրապես որևէ վստահություն չունեն մեկ այլ անձի նկատմամբ, որը կարող է նախագահի պաշտոնը վերցնել և իրենց պատասխանատվության ենթարկել: Այսինքն՝ մեզ մոտ ունենք անպատժելիության հետևանքով գործող Սահմանադրության ճգնաժամ: Ոչ թե Սահմանադրության մեջ է ճգնաժամը, այլ խնդիրների չլուծման մեջ”,- ասաց նա:
– See more at: http://www.lragir.am