Լիա Միսակյանի գործով վերաքննիչ բողոքների քննությունը հետաձգվեց
17:07, August 31, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն2015 թ. օգոստոսի 31-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ դատավոր՝ Գ. Ավետիսյանի, 2 տարեկան երեք ամսական Լիա Միսակյանի մահվան գործով նշանակված էր դատական նիստ: Հիշեցնենք, որ սույն գործով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էին ներկայացել ինչպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ Արթուր Սաքունցը և Տաթևիկ Սիրադեղյանը, այնպես էլ ամբաստանյալներ Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի պաշտպաններ Գիվի Հովհաննիսյանն ու Երեմ Սարգսյանը:
2015 թ. օգոստոսի 31-ի դատական նիստը, սակայն, չկայացավ, քանի որ դատական նիստին չէին ներկայացել գործով մեղադրող Դավիթ Կարապետյանը և Զ. Այվազյանի պաշտպան Ե. Սարգսյանը: Չնայած որ նախորդ դատական նիստին մեղադրող Դ. Կարապետյանը տեղյակ էր պահել արձակուրդում գտնվելու մասին և հայտնել, որ իր փոխարեն դատական նիստին կներկայանա մեկ այլ դատախազ, սակայն Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունից այդպես էլ որևէ այլ դատախազ չէր ներկայացել դատական նիստին:
Ամբաստանյալ Զ. Այվազյանը հայտնեց, որ իր պաշտպան Ե. Սարգսյան բացակայում է Հայաստանի Հանրապետությունից, որի պատճառով էլ չի ներկայացել դատական նիստին:
Հաշվի առնելով մեղադրողի բացակայությունը՝ կողմերը միջնորդեցին հետաձգել դատական նիստը: Դատարանը գտավ, որ անհրաժեշտ է հետաձգել դատական նիստը և նշանակել մեկ այլ հերթի: Սույն գործով հաջորդ դատական նիստը նշանակվեց 2015 թ. սեպտեմբերի 8-ին, ժամը 15:00-ին: