Վարդան Հարությունյան․ «Սահմանադրական փոփոխություններ կոչված այդ գործընթացը համարում եմ անտեղի»
10:55, August 31, 2015 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Սահմանադրական փոփոխություններՔաղաքացիական հասարակության մի խումբ ներկայացուցիչներ հայտարարում են, թե նախագահականից հրավեր ստանալու դեպքում անգամ չեն մասնակցի Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը՝ սահմանադրական բարեփոխումների շուրջ։
Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը հինգշաբթի օրը հայտարարել էր, թե սահմանադրական բարեփոխումների շուրջ կուսակցությունների հետ եռօրյա հանդիպումներից հետո նախագահ Սերժ Սարգսյանը մտադիր է հանդիպել նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին։ Առայժմ հստակ չէ, թե ինչ ձևաչափով են լինելու հանդիպումներն ու մասնավորապես Հայաստանի մոտ 5,000 հասարակական կազմակերպություններից որոնք են արժանանալու Սերժ Սարգսյանի հրավերին։
Կիսելով նախագահի հրավերը մերժած ընդդիմադիր «Ժառանգություն» ու Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դիրքորոշումը, թե սահմանադրական բարեփոխումներն արվում են Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրության համար, «Իրավունքի և ազատության կենտրոնի» նախագահ, իրավապաշտպան Վարդան Հարությունյանը պնդում է. – «Սահմանադրական փոփոխություններ կոչված այդ գործընթացը համարում եմ անտեղի: Կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության խնդիրները Սահմանադրությունից չեն բխում, այլ քաղաքական կամքի բացակայությունից, այդ պատճառով էլ այդ կարգի քննարկումներին մասնակցել չեմ ցանկանում»:
Նախագահական գնալու հնարավորությունը մերժում է նաև իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։ Նա պնդում է՝ գործող Սահմանադրությունը տարիներ շարունակ ոտնահարվել է հենց իշխանությունների կողմից ու դրա շուրջ որևէ նախաձեռնություն ի սկզբանե մերժելի է, քանի որ, նրա խոսքով, Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանի հետ միասին, անմիջականորեն պատասխանատվություն է կրում սահմանադրական բոլոր նորմերի խախտման համար և պետք է պատասխանատվություն կրի «սահմանադրական կարգը բռնի զավթելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սահմանադրական իրավունքները խախտելու համար»:
«Այս մարդիկ իրենց գործունեությամբ ոչնչացրել են սահմանադրությունն ու հիմա հանդես են գալիս այն կատարելագործելու դերում: Դա ուղղակի աբսուրդ է», – ասում է իրավապաշտպանը և թվարկում իշխանությունների ձախողումները․ – «Որպես իրավական պետություն՝ ամբողջ արդարադատության համակարգը կախման մեջ է նախագահականից և միայն իրենց հրամանների, ցուցումների հիման վրա են որոշում կայացնում: Որպես սոցիալական պետություն՝ ամբողջովին սոցիալական անապահովության մակարդակի են հասցրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, որոնք ստիպված են որպես փրկության միակ միջոց արտագաղթել: Որպես ինքնիշխան պետություն՝ վերացրել են ինքնիշխանությունը հենց Սերժ Սարգսյանի որոշմամբ և Ռոբերտ Քոչարյանի որոշումներով՝ հանձնելով տնտեսության, պետական բոլոր ատրիբուտները Ռուսաստանի Դաշնությանը»:
Կիսելով գործընկերների տեսակետները՝ «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կազմակերպության ղեկավար Ստեփան Դանիելյանը ասում է, որ Սարգսյանի հետ հանդիպումները շոու են, ոչ ավելին․ – «Վստահ եմ, որ հանդիպողները բազմաթիվ կլինեն, հարյուրավոր կազմակերպություններ կգնան, կմասնակցեն, իրենց առաջարկները կներկայացնեն և իրենց համար էլ, բնականաբար, էական չի լինի՝ այդ առաջարկությունները կանցնեն, թե ոչ: Սա շոու է դրսի համար՝ միջազգային գործընկերներին ցույց տալու համար, որ ամեն ինչ վերահսկվում է, ամբողջ հասարակությունը միահամուռ կերպով մասնակցում է սահմանադրական փոփոխությունների քննարկումներին»:
Որոշ հասարակական կազմակերպություններ, այսուհանդերձ, նախագահին ասելիք ունեն։ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» կազմակերպությունը կգնա նախագահական, եթե ի սկզբանե տեղյակ լինի հանդիպման ձևաչափի մասին և իրենց առաջարկությունները ընդունվեն։
«Բայց ներկա պահին ես չեմ կարծում, որ այդ հանդիպումը այն ֆորմատն է, որը ապահովելու է [առաջարկությունների ընդունումը]», – ասում է կազմակերպության ղեկավար Հայկուհի Հարությունյանը՝ միաժամանակ ընդգծելով՝ մինչև հիմա քաղաքացիական հասարակության տեսակետները մասնագիտական հանձնաժողովը ո՛չ քննարկել է, ո՛չ էլ ներառել նախագծում։
Քաղաքացիական հասարակության ինստիտուտի տնօրեն Արման Դանիելյանն էլ իր հերթին մտահոգություն է հայտնում, որ բարեփոխումների գործընթացը սխալ ուղղությամբ տարվեց: – «Պետք է հավաքեին մարդկանց ու հարցնեին, թե Սահմանադրությունը ո՞ր կետում է խնդիր հարուցում ու լուծեին այդ խնդիրը։ Անկյունաքարային խնդիրները լղոզված են, և արդեն դժվար է քննարկել», – ասում է նա։
Ի տարբերություն գործընկերների, Դանիելյանը դեռ չգիտի՝ գնա՞լ նախագահական, թե՞ ոչ։ Հարցը կքննարկեն հրավեր ստանալուց հետո։