«Անպատժելիության մթնոլորտը հուսալքող է». Սաքունցը կդիմի էթիկայի հանձնաժողով
23:27, October 31, 2016 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՀելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի (ՀՔԱՎ) գրասենյակը կդիմի Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով՝ պահանջելով քննել քաղաքապետ Տարոն Մարգարյանի վարքը: ԳԱԼԱ-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց ՀՔԱՎ գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Հիշեցնենք, անցած շաբաթ Երևանի ավագանու նիստում քաղաքապետը հրապարակավ կոպտեց ավագանու «Բարև Երևան» խմբակցության ընդդիմադիր անդամ Անահիտ Բախշյանին՝ ասելով՝ «Ձեր ձենին կարոտ չենք»: Մարգարյանը նաև «անբարոյական» անվանեց այն քաղաքացիներին, որոնց շենքի հետ կապված խնդիրն էր փորձում բարձրաձայնել ավագանու անդամը.
«Ընդհանրապես էթիկայի այդ հանձնաժողովն ընդամենը տալիս է գնահատականը, որը հիմնականում ազդեցություն չի ունենում, բայց մենք բազմիցս նշել ենք, որ դա այն մարմինն է, որը մենք պետք է մշտապես գործի գցենք, մինչև կունենանք ազդեցություն»,- խոսելով սպասելիքներից՝ ասաց իրավապաշտպանը։
Արթուր Սաքունցը նաև այլ տարբերակ է տեսնում, որը, սակայն, պետք է իրականացնի ավագանու ընդդիմադիր անդամ Անահիտ Բախշյանը, խոսքը զրպարտության հիմքով վարչական դատարան դիմելն է։ Անահիտ Բախշյանը, սակայն, դեռևս այս մասին խոսել չի ցանկանում։
Հարկ է նշել, որ այստեղ գործը ոչ այնքան իրավական, որքան քաղաքական հարթությունում է։ Այս վարքագծով քաղաքապետ, իշխող հանրապետականի անդամ Տարոն Մարգարյանը ոչ առաջին անգամ նսեմացնում է ավագանու դերն ու նշանակությունը, այդպիսով, ըստ էության, անտեսելով նաև Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխության և վերջին մի քանի ծրագրային ելույթների հիմքում ընկած փիլիսոփայությունը, որը ենթադրում է բարձրացնել ավագանու դերը, ինչպես նաև ընդդիմադիրներին վերահսկման առավել մեծ հնարավորություն տալ՝ ստեղծելով նոր քաղաքական մշակույթ։ Իշխող հանրապետականում, սակայն, Տարոն Մարգարյանի այս վարքագիծն անգամ քննարկման առարկա չի դառնա։ ՀՀ ԳՄ վերջին նիստում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը «հարցը փակված» համարեց։
«ՀՀ-ում ինչպիսի օրենսդրական, ինստիտուցիոնալ փոփոխություններ էլ կատարվեն, հիմնական խնդիրը, որը դեռևս մնում է չլուծված, անպատժելիության հարցն է։ Այստեղ բավական անելիք ունենք, որովհետև այստեղ ոչ միայն քաղաքական ինստիտուտների պատասխանատվության հարցն է, այլ նաև հասարակության, որովհետև նաև հասարակությունը հետևողական չի լինում այդ քաղաքական պատասխանատվության ինստիտուտի ձևավորմանը։ Իհարկե հասարակությունը շատ ամորֆ մարմին է, ես կառանձնացնեի հասարակական ինստիտուտներին, ՀԿ-ներին, բայց վերջիններիս հնարավորությունները սահմանափակ են, քանի որ իրենք որոշումներ կայացնելու լիազորություն չունեն, ես կարող եմ անընդհատ պահանջել, բայց որոշում կայացնողը՝ ուշադրություն չդարձնել, և այդ անպատժելիության մթնոլորտը հուսալքող է»։