Ադրբեջանի հետ Կրեմլի հարաբերությունների զարգացման ֆոնին Բաքուն շատ ավելի անպատժելի է իրեն պահում. Սաքունց
15:48, December 31, 2016 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԱդրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումներն ու սահամանային վիճակի սրումը նորություն չէ և կարծես օրինաչափություն է ստացել հատկապես վերջին երեք տարիների ընթացքում: Lragir.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
«Վերջին երեք տարիների այդ փոփոխությունը պայմանավորված է Հայաստանի իշխանությունների դիրքորոշումներով, եթե չասեմ անհամարժեք գործողություններով, դիվանագիտական, արտաքին քաղաքական բնագավառում իրականացրած քաղաքականությամբ: Եվ վերջին երեք տարիներին ՀՀ արտաքին քաղաքականության բնագավառում նախաձեռնողականությունը սահմանափակվել է Կրեմլի հսկողության մեծացմամբ»,- ասաց Սաքունքը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանի հետ Կրեմլի հարաբերությունների զարգացման ֆոնին ստացվում է, որ Ադրբեջանի իշխանությունները շատ ավելի անպատժելի են իրենց պահում և շատ ավելի անպատասխանատու մոտեցում ունեն: Դա դրսևորվում է հռետորաբանությամբ, որն ավելի շատ ռազմականացված բնույթ ունի, բնորոշվում է անկառավարելի սպառազինությունների մրցավազքով, որը ոչ մի կերպ չի կասեցվում:
«Ջանք էլ չի գործադրվում, որպեսզի դա կասեցվի հենց առաջին հերթին Մինսկի խմբի համանախագահներից մեկի՝ Ռուսաստանի կողմից: Եվ կարծես թե ՌԴ-ն անընդհատ Ադրբեջանի իշխանությունների հետ հարաբերություններն օգտագործում է լարվածությունը թեժ պահելու համար: Եվ Մինսկի խմբի դերի աստիճանաբար նվազեցումը՝ Ռուսաստանի միակողմանի ու ագրեսիվ գործողություններով պայմանավորված, հանգեցնում է անպատժելիության մեծացմանը, մի կողմից Ադրբեջանի, մյուս կողնից էլ Հայաստանի իշխանությունների անտրամաբանական պասիվ գործելակերպով»,- ասաց նա:
Անդրադառնալով ՀԱՊԿ արձագանքին՝ Արթուր Սաքունցը նշեց, որ ՀԱՊԿ-ը համարում է արտաքին քաղաքականության ինստիտուտներից մեկը, որին ՀՀ-ն անդամակցել է: «Երբ ասում եմ՝ անտրամաբանական ու անհամարժեք պահվածք, նկատի ունեմ առաջին հերթին հենց ՀԱՊԿ-ին, որի հիմնադիր անդամ պետություններից է ՀՀ-ն, և որը կոչված է անդամ երկրի անվտանգության խնդիրները լուծելու կամ գոնե համարժեք արձագանքելու: Բայց մենք համոզվում ենք, որ ՀԱՊԿ-ն իր դիրքորոշումները պայմանավորում է անդամ երկիր չհանդիսացող երկրների՝ մի կողմից Ադրբեջանի, մյուս կողմից՝ Թուրքիայի հետ իր ունեցած խնդիրներով:
Այսինքն՝ առավել քան ակնհայտ է դարձել, որ ՀԱՊԿ-ը դարձել է գործիք Կրեմլի արտաքին քաղաքականության շահերի սպասարկման տեսակետից: Եվ այդ կառույցում անդամ երկրների անվտանգության խնդիրները չեն հանդիսանում օրակարգային, կա միայն մեկ հարց՝ ՌԴ արտաքին խնդիրների հետ կապված հարց կա, թե՞ ոչ»,- նշեց նա:
Մյուս կողմից էլ, ըստ Սաքունցի, ՀՀ-ն՝ հանձինս իր դիվանագիտական ներկայացուցիչների, հանձինս Սերժ Սարգսյանի ու քաղաքական ուժերի, որոնք Ազգային ժողովում ներկայացված են, չեն խոսում այս անտրամաբանական ու անարժանապատիվ կարգավիճակի մասին, որի հետևանքով ունենում ենք զոհեր:
Ըստ Սաքունցի՝ 2013 թվականի սեպտեմբերից հետո հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի ավելացման, նաև դրանց հետևանքով զոհերի ու վիրավորների թվի բարձրացման ուղղակի պատասխանատվությունն ընկնում է ինչպես Հայաստանի իշխանությունների քաղաքական ներկայացուցիչների վրա՝ Կրեմլին հպատակվելու ու չքննադատելու գործելակերպի համար, այնպես էլ Կրեմլի վրա՝ Ադրբեջանի իշխանությունների սերտ հարաբերությունների հետևանքով առաջացած Ադրբեջանի անպատիժ գործողությունների համար:
Մյուս կողմից էլ, Սաքունցի խոսքով, այս իրավիճակին նպաստում է միջազգային խաղաղարար ուժերի դերի նսեմացումը, ինչը նույնպես պայմանավորված է Ռուսաստանի նպատակային ու թիրախային գործելակերպով, որպեսզի այդ կառույցների դերը նսեմացվի:
Նա նկատում է, որ քանի դեռ Հայաստանը բանակցում էր ԵՄ Ասոցացման համաձայնագրի շուրջ, դա զսպող դեր ուներ հրադադարի ռեժիմի խախտմանն ուղղված գործողությունների համար: Բայց երբ մեծացավ Ռուսաստանի դերակատարությունը, լարվածությունն աճեց: Եվ այս ռուսական՝ լարվածությունն անընդհատ մեծացնող գործոնի վերաբերյալ որևէ կարծիք ու դիրոքորոշում չարտահայտելը, ըստ Սաքունցի, դարձել է ոչ միայն ՀԱՊԿ կամ Կրեմլի դիրքորոշումը, այլ նաև Հայաստանի իշխանությունների և քաղաքական ուժերի դիրքորոշումը:
«Արձանագրելով Բաքվի, Երևանի և Կրեմլի ուղղակի պատասխանատվությունը հրադադարի ռեժիմ խախտումների առումով՝ միանշանակ ցավակցում եմ բոլոր զոհվածների հարազատներին, որոնք դարձել են այս հակամարդկային քաղաքականության զոհերը: Եվ միանշանակ է, որ հետագա կարգավորումը պետք է իրականացվի ոչ թե զոհերի թվի միջև պայքարի ճանապարհով, այլ իրենց քաղաքացիների անվտանգության առջև պատասխանատվության գիտակցումով: Հետևաբար, բոլոր այն գործոնների վերացման ուղղությամբ պետք է քայլեր արվեն, որոնք կհանգեցնեն նման ելքերով իրավիճակների բացառմանը»,- ասաց նա: