Խաղաղություն, ազատություն, երջանկություն, հույս, հավատ ու սեր
16:12, December 31, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ«Հայաստան24»-ը ներկայացնում է քաղաքական գործիչների և իրավապաշտպանի մաղթանքները՝ ուղղված հայաստանցիներին:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյան
Ամենակարևորը, որ որպես քաղաքացի պարտավոր ենք ցանկանալ և ոչ միայն ցանկանալ, այլև մեզանից կախված ամեն ինչ դրա համար անել՝ խաղաղությունն է: Դրա համար անհրաժեշտ է, որ գտնենք ղարաբաղյան հակամարտության լուծման բանալին: Այլ ճանապարհ չունենք: Ցանկանում եմ, որ զինվորի կորուստ չունենանք, զինվորները խաղաղ ծառայեն և վերադառնան: Դա ամենամեծ ցանկությունն է իմ և ձեր երեխաներին, բոլորին: Ամենածանրն այսօր զինվոր կորցրած մոր վիճակն է: Մխիթարանք բոլորին, ովքեր ապրիլյան պատերազմի ժամանակ կորցրեցին իրենց տան ճրագներին: Ես ի պաշտոնե պարտավոր եմ եղել նայելու ապրիլյան պատերազմում զոհված մեր զինվորների դիերի նկարները՝ Եվրոպայի խորհրդում ներկայացնելու համար:
Որքան ժամանակ է անցել, իսկ իմ աչքի առաջ այդ երեխաներն են: Դրա համար բոլոր քաղաքական ուժերը՝ կարևոր չէ իշխանություն, թե ընդդիմություն, բոլորս միասին պետք է կարողանանք համատեղել մեր ուժերը, ջանքը, կամքը, խիզախությունը, համարձակությունը և իմաստնությունը ղարաբաղյան խնդրի խաղաղ հանգուցալուծումը գտնելու համար: Առջևում խորհրդարանական ընտրություններն են: Մի բան եմ ցանկանում մեր ժողովրդին: Քաղաքական այն ուժերի հետ միասին, որոնց նպատակն արդար ընտրությունների միջոցով այս իշխանություններին բարի ճանապարհ մաղթելն է, ամուր կանգնեն մեր թիկունքին և կարողանանք մեր երկրում անցկացնել ազատ ընտրություններ, քանի որ ևս մեկ կեղծված ընտրություն և երկիրն ուղղակի դատապարտված է: Եվ այստեղ ինչքան պատասխանատվություն ունեն քաղաքական ուժերը, դրա գոնե կեսի չափ պատասխանատվություն ունի նաև ժողովուրդը:
Խաղաղություն, երջանկություն բոլոր ընտանիքներին, թող ոչ մի ընտանիք չմտածի երկիրը լքելու մասին, իսկ դա կլինի միայն մեկ դեպքում՝ եթե ունենանք լեգիտիմ ընտրված իշխանություն և եթե մեր երկրում բոլորն օրենքի առաջ լինեն հավասար և չլինեն մարդիկ, որոնք ոչ միայն օրենքից, այլև Սահմանադրությունից վեր են:
«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունց
Առաջին հերթին բոլոր քաղբանտարկյալներին մաղթում եմ ազատություն, առանց հիմքերի մեղադրվածներին ու ազատազրկվածներին նույնպես ազատություն, որովհետև ոչ միայն քաղբանտարկյալներն են ապօրինի ազատազրկված: Ամենից կարևորն իրենց ազատությունն է: Երկրորդ հերթին Հայաստանի Հանրապետության բնակիչներին, գոնե մեծ մասին, մաղթում եմ, որ իրենք դառնան քաղաքացի: Մեկ օր քաղաքացի լինելու դեպքում այսօրվա իրավիճակը կտրուկ կփոխվի: Ես բացարձակապես ոչ մի կասկած չունեմ: Եվ, իհարկե, ցանկանում եմ նաև խաղաղություն, որ ընդհանրապես պատերազմ չլինի և բոլոր հարցերը լուծվեն միայն քաղաքակիրթ, խաղաղ ճանապարհով:
ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյան
Մաղթում եմ երջանկություն, հաջողություն և շատ ու շատ դրական լիցքեր գալիք տարում:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյան
Մաղթում եմ հույս, հավատ և սեր: Հույս, որ ավելի լավ օր ենք ունենալու, հավատ սեփական ուժերի և սեր միմյանց նկատմամբ, որ կարողանանք միասնական ջանքերով դուրս գալ այս իրավիճակից: