4 նմանատիպ ողբերգություն է եղել Վերին Գետաշենում
07:14, May 22, 2013 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք | Զինված ուժերԲանակում զոհվածների ծնողները տարիներով քարշ են եկել դատարաններում, ՊՆ եւ զինդատախազության ղեկավարների դռներն են ընկել, երեխեքի նկարները ձեռքներին լցվել են փողոց, կառավարություն եւ նախագահական, թքել-մրել են վերնախավի ներկայացուցիչներին, պայքարել են՝ ով ինչպես կարող է:
Բայց երբեք դեռ ծնողը չէր հասել այն ծայրահեղության, որ բողոքի իր երեխայի հոգու հանգստության հաշվին, որ պաշտոնյաների՝ զինդատախազի, ոստիկանապետի, պաշտպանության նախարարի դեմքին ոչ թե անեծք նետի, այլ սիրելի որդու դիակը: Իսկ այս դեպքն արտառոց չէ. երկու զինծառայողներ միմյանց վիրավորել են, եւ մեկը կրակել է: Զինդատախազությունն առհասարակ խուսափում է սպանության հոդվածով մեղադրանք առաջադրել, մինչդեռ Լյուքս Ստեփանյանի մահից երեք օր անց գործ հարուցվեց Քրօր. 104-րդ հոդվածի երկրորդ մասի 6-րդ կետով՝ «սպանություն շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով»: Վերջին տարիներին զինվորականների շատ ավելի դաժան մահեր ենք ունեցել, հանցագործություններ, որոնք կատարվել են մութ հանգամանքներում, սպայական անձնակազմի անմիջական մասնակցությամբ, եւ քննիչները ոչ միայն չեն պարզել, այլեւ ամեն ինչ արել են չբացահայտելու, գործերը փչացնելու համար:
Հիշենք Վալերի Մուրադյանի կասկածելի ինքնասպանությունը: Տղային գտել էին Ստեփանակերտի զորամասի սպորտդահլիճում՝ կախված, գլխարկը գլխին եւ ծնկները ծալված վիճակում հատակին: Տիգրան Օհանջանյանի «հոսանքահարման» պատմությունը հեքիաթային է: Ծանոթանալով այս գործերի նյութերին, հասկանում ես, որ կարելի է, օրինակ, մահացած զինծառայողի հագուստներն առգրավել եւ փորձաքննությունների ուղարկելու փոխարեն մի երկու ամիս պահել, մինչեւ որ հետքերը օդի հետ շփվելուց ու այլ ազդեցություններից վերանան։ Իսկ որպեսզի հանկարծ մի չափից դուրս համառ կենսաբանական մասնիկ չպահպանվի, ամիսներ անց լրիվ այլ հագուստ կարելի է բերել դատարան, ընդ որում, շատ ավելի փոքր չափի, քան օգտագործում էր Տիգրանը, որը հաղթանդամ երիտասարդ էր։ Տարիների քննությամբ այդպես էլ չփարատվեց Օհանջանյանների կասկածը, որ Տիգրանին ծեծել էին ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանի թիկնապահները: Կապանի զորամասի շտաբի պետի հետ խնդիրներ ունեցած զինծառայող Տիգրան Համբարձումյանի անկենդան մարմինը գտել էին զորամասից հեռու՝ ամբողջությամբ այլանդակված դեմքով: Ինչ գազան էր հոշոտել տղայի դեմքը, գաղտնի մնաց: Ընդ որում, գազանը միայն դեմքն էր հոշոտել, կարծես, դիտավորյալ, կատաղած շուն պահած լինեին դեմքին: Գործը փակվեց ինքնասպանության վարկածով, սակայն ծնողները չէին հավատում, որ տղան կտրել է երակը, այնքան խորն էր թեւի վերքը:
Չփարատված կասկածներ տարածվեցին, թե հրամանատարն անառողջ հետաքրքրություն ուներ զինվորի նկատմամբ, որն էլ դարձել էր նրա հետ կատարվածի պատճառը: Վայքում 2009-ին դաժանորեն ծեծվել էր 3 ամսվա զինծառայող Արամ Մկրտչյանը, որը մահացել էր մի քանի օրից՝ հիվանդանոցում: Նրան կտտանքների էին ենթարկել վաշտի հրամանատար, կապիտան Անդոք Գալստյանը եւ հրամանատարի տեղակալ Մամիկոն Վարդանյանը: Հետագայում երկուսի մեղադրանքն էլ մեղմացվեց: Ի դեպ, Արամ Մկրտչյանը նույն Վերին Գետաշեն գյուղից էր, որտեղ բնակվում էր նաեւ վերջին զոհը՝ Լյուքս Ստեփանյանը:
Ըստ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի, արդեն 4 նմանատիպ ողբերգություն է եղել գետաշենցիների հետ: Պատահական չէ, որ հենց այստեղ ծնվեց դիակը Երեւան տանելու մտահղացումը, որը ցնցեց Հայաստանը: «Այն քրեական գործերով, որոնց տեղյակ եմ, կարող եմ ասել, որ բազմակողմանի լիարժեք օբյեկտիվ քննություն տեղի չի ունենում: Կարող եմ նաեւ ենթադրել, որ Վերին Գետաշենին առնչվող նախորդ դեպքերում էլ պատշաճ քննություն չի եղել, անվստահություն է ժամանակի ընթացքում ձեւավորվել: Այս իմաստով վերջին պոռթկումը չպետք է ընկալել որպես ամպրոպ պարզ երկնքում»,- ասաց իրավապաշտպանը: Խաղաղ պայմաններում հրազենի օգտագործման դեպքերով լուրջ չեն զբաղվում, ոչ ոք քրեական պատասխանատվություն չի կրում. «Նախաքննության ոչ մի մարմին համարժեք իրավական գնահատական չի տալիս հրամանատարի պատասխանատվության հարցին՝ այն պատճառների, հանգամանքների առաջացման մեջ, որոնց հետեւանքով տեղի են ունենում դեպքերը: Բավարարվում են միայն կամ զորացրելով, կամ նկատողությամբ, կամ մեկ այլ տեղ տեղափոխելով»:
Սաքունցը նկատել է, որ նախաքննությանը զուգահեռ տարվող ծառայողական քննությունները ֆորմալ բնույթի են: Դրանք ինչ-ինչ խնդիրներ են բացահայտում, ծանուցվում են զորամասերը, եւ հարցը փակվում է: «Եթե ծանուցում են, բայց էլի կրկնվում է, նշանակում է, սա արդյունավետ մեխանիզմ չի: Չեն ենթարկվում պատասխանատվության, ասենք, գումարտակի կամ կորպուսի, կամ գնդի հրամանատարը, մինչդեռ իրավական գնահատականը հստակ է՝ անգործություն, պաշտոնեական անփութություն»: Բանակում փոխվում է 18 տարեկան տղաների սովորական վարքագիծը, այլ նորմեր են գործում. «Այդ նորմերը ձեւավորողը գեներալն է, գնդապետը, փոխգնդապետն է, մայորն է, կապիտանն է, բայց այս հարցին ոչ ոք չի անդրադառնում: Դրա համար մենք ասում ենք, որ պաշտպանության նախարարն է պատասխանատուն, ոչ թե զուտ պաշտոնի բերումով, այլ հենց այդ մթնոլորտի, արժեքային համակարգի ձեւավորման տեսակետից, որն ինքը պետք է իրականացնի եւ պահպանի որպես ստանդարտ՝ սպաների միջոցով»,- ասում է Սաքունցը:
Աղբյուրը՝ http://www.hraparak.am/126568/