Պատանդներ ու խոստովանություն Ազգային ժողովում
10:35, December 4, 2017 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԻրավապաշտպան Արթուր Սաքունցը Lragir.am-ի հետ զրույցում անդրադարձել է դեկտեմբերի 1-ին Ազգային ժողովում անցկացված «Հայաստան-Եվրամիություն. համապարփակ և ընդլայնված գործընկերություն» թեմայով խորհրդարանական լսումներին:
«Այդ լսումների ժամանակ, բոլոր ելույթներում, անկախ նրանից, թե դա ում կողմից էր հնչում, Եվրամիության հետ համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագիրը դիտարկվում էր միայն զարգացման խնդիրների համատեքստում: Այսինքն՝ չկար որևէ ելույթ, որը հենվում էր այն գաղափարախոսության վրա, որ Եվրամիության հետ համաձայնագիրը հանգեցնելու է Հայաստանի զարգացման կասեցմանը: Նման միտում չի եղել, երբ Ազգային ժողովում քննարկվում էր Եվրասիական տնտեսական միության անդամության հարցը», ասաց Սաքունցը:
Նրա դիտարկմամբ՝ ԵՏՄ անդամակցության հարցի քննարկման ժամանակ խորհրդարանում հնչած ելույթներում հիմնականում այն հարցն էր բարձրացվում, որ այդ միությանն անդամակցելը Հայաստանին անհրաժեշտ է անվտանգության ապահովման տեսակետից: Ասում էին՝ հակառակ դեպքում, եթե չանդամագրվենք այդ միությանը, ապա Հայաստանը վտանգներ կունենա:
«Այսինքն՝ ԵՏՄ-ին անդամագրումը կարծես թե սպառնացող վտանգը չեզոքացնելու նպատակ ուներ: Եվ Հայաստանի անդամակցությունը ստիպողական ու ստիպված քայլ էր՝ իբր թե անվտանգության ապահովման տեսակետից, իսկ վտանգի աղբյուրը հենց հանդիսանում է Կրեմլը», ասաց նա:
Ըստ իրավապաշտպանի՝ Եվրամիության հարցում ոչ թե սպառնալիքների ու անհրաժեշտության մասին է խոսքը, այլ հնարավորությունների:
«Եվ այս պայմաններում, երբ իշխող կուսակցության համակիրները, աջակիցները պնդում են, թե պետք է շարունակել մնալ ԵՏՄ մեջ, ուրեմն նշանակում է նրանք շարունակում են գտնվել պատանդի վիճակում: Եվ առնվազն տարօրինակ է, երբ պատանդի վիճակում գտնվողները խոսում են Եվրամիության հետ այդ համաձայնագրի մասին՝ որպես զարգացման հնարավորություն, որովհետև նրանք նախ և առաջ պետք է պատանդի կարգավիճակից դուրս գան, որ հնարավորություն ունենան զարգացման մասին խոսելու», ասաց Արթուր Սաքունցը: