Իրավապաշտպան Մարինա Պողոսյանի նկատմամբ իրականացվել է ապօրինի օպերատիվ-հետախուզական գործողություն
18:32, September 4, 2017 | Նորություններ, Սեփական լրատվություն2015 թ. սեպտեմբերի 11-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը օրենքի դրույթների կոպիտ խախտմամբ թույլատրել է «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական գործողություն իրականացնել իրավապաշտպան Մարինա Պողոսյանի նկատմամբ:
«Ներքին դիտումը» օպերատիվ-հետախուզական միջոցառումների տեսակ է, որի ընթացքում իրավապահ մարմնի ներկայացուցիչները հետևում են անձին, վերահսկում նրա գործողությունները իր բնակարանում և արձանագրում դիտման արդյունքները: Դա կարելի է իրականացնել ինչպես հատուկ տեխնիկական սարքերի միջոցով, այնպես էլ առանց դրանց:
Ընդ որում՝ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կարելի է իրականացնել միայն այն դեպքում, երբ անձը կասկածվում է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ և անհրաժեշտ տեղեկատվությունն ուրիշ որևէ միջոցով ձեռք բերել հնարավոր չէ:
Մինչդեռ Մարինա Պողոսյանը 2015 թ. օգոստոսի 17-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձանպես խոշոր չափերով խարդախություն կատարելը) հարուցված քրեական գործի շրջանակում որպես կասկածյալ ներգրավված չի եղել: Եվ «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական գործողություն իրականացնելու որոշումից օրեր անց՝ 2015թ. սեպտեմբերի 14-ին, հարցաքննվել է որպես վկա, իսկ շուրջ մեկ ամիս անց` 2015 թ. հոկտեմբերի 19-ին, ՀՀ Քննչական կոմիտեի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ Լ. Յոլչյանը որոշում է կայացրել քրեական գործի վարույթը հանցակազմի բացակայության հիմքով կարճելու մասին:
2016 թ. հուլիսի 28-ին կարճված քրեական գործը վերաբացվել է և Մարինա Պողոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ:
Իր նկատմամբ «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական գործողություն իրականացնելու մասին Մարինա Պողոսյանի՝ 2016 թ. օգոստոսի 17-ի հարցմանը ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի պաշտոնակատար Ա. Ասատրյանը 2016 թ. օգոստոսի 26-ի գրությամբ պատասխանել է, որ 2014 թ. հունվարի 1-ից մինչև 2016 թ. օգոստոսի 26-ը որևէ օպերատիվ-հետախուզական միջոցառում չի իրականացվել, այսինքն՝ տրամադրել է ակնհայտ կեղծ տեղեկություն:
Սակայն համաձայն դատարանի որոշման՝ «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական գործողությունը պետք է իրականացվեր հնգօրյա ժամկետում, այսինքն՝ այն չէր կարող հետաձգվել և պետք է իրականացված լիներ դեռևս 2015 թ. սեպտեմբերին:
Իր նկատմամբ իրականացված գործողության մասին Մարինա Պողոսյանն իմացել է միայն իր նկատմամբ ապօրինի հարուցված քրեական գործի դատաքննության ընթացքում 2017 թ. օգոստոսին:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը կատարվածի վերաբերյալ 2017 թ. հուլիսի 17-ին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ Գլխավոր Դատախազություն: Հանցագործության մասին հաղորդման հիման վրա որոշում կայացնելու փոխարեն ՀՀ Գլխավոր Դատախազությունն այն ուղարկել են ՀՀ Ոստիկանության ներքին անվտանգության վարչություն՝ առանց Կազմակերպությանը տեղեկացնելու:
2017 թ. օգոստոսի 15-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ՀՀ Ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ա. Հակոբյանի ստորագրությամբ գրություն է ստացել, որում վերջինս մեկնաբանում է, թե ինչու է Մարինա Պողոսյանի՝ 2016 թ. օգոստոսի 17-ի հարցմանը ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի պաշտոնակատար Ա. Ասատրյանը 2016 թ. օգոստոսի 26-ին պատասխանել, որ «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական գործողություն նրա նկատմամբ չի իրականացվել:
Ա. Հակոբյանի պնդմամբ՝ դա վերաբերել է ՀՀ Ոստիկանության ստորաբաժանումներից միայն մեկին, իսկ ՀՀ Ոստիկանության ՔՀԳ վարչությունում այլ ստորաբաժանումների վերաբերյալ հաշվառում չի տարվում:
Նկատենք, որ ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի պաշտոնակատար Ա. Ասատրյանի 2016 թ. օգոստոսի 26-ի պատասխանում նշված է ոչ թե մեկ ստորաբաժանման, այլ «ՀՀ Ոստիկանության ստորաբաժանումների» մասին: Հետևաբար՝ Ա. Հակոբյանի այս պնդումը հիմքեր չունի:
Ինչ վերաբերում է կասկածյալի կարգավիճակին, ապա ոստիկանության գնդապետ Ա. Հակոբյանը կարծում է, որ «կասկածյալ» և «կասկածվում է» հասկացությունները նույնը չեն: Եվ վկայի կարգավիճակում գտնվող Մարինա Պողոսյանի նկատմամբ «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական գործողություն իրականացնելը համարում է օրինաչափ:
2017 թ. օգոստոսի 22-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը այս հարցով երկրորդ անգամ է դիմել ՀՀ Գլխավոր Դատախազություն, դիրքորոշում հայտնել այն մասին, որ ՀՀ Ոստիկանությունը այն կառույցը չէ, որ պետք է պատասխաներ ՀՀ Գլխավոր Դատախազությանն ուղղված հաղորդմանը և պահանջել է տրամադրել հաղորդման հիման վրա կայացված որոշումը: ՀՀ Գլխավոր դատախազությունը դեռևս չի պատասխանել: