Մեղադրյալը՝ Էրեբունու փոխոստիկանապետին. «Ձեր չհիշելու պատճառով ես մի տարի է՝ բերդում եմ»
18:55, May 5, 2017 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Սասնա Ծռեր«Հիշեք, որովհետեւ ձեր չհիշելու պատճառով ես մի տարի է՝ բերդում եմ ու չգիտեմ, թե դեռ ինչքան կմնամ»,- սա Սարի թաղի բնակիչ Ժորա Ավետիսյանի հորդորն է Էրեբունու փոխոստիկանապետ Արմեն Գալստյանին եւ գործով անցնող մյուս վեց ոստիկաններին: Ժորա Ավետիսյանն արդեն տեւական ժամանակ է՝ կալանավայրում է:
Ժորա Ավետիսյանը, Հրաչյա Բոյաջյանը եւ Արման Ադամյանը, հիշեցնենք, մեղադրվում են ՀՀ Քրեական օրենսգրքի 316 հոդվածի երկրորդ մասով եւ 329- հոդվածի առաջին մաս`ոստիկանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառել: Նրանց եւ այս գործով կալանավորված Սարի թաղի այլ բնակիչներին ընդհանուր մեղադրանք է առաջադրվել`անցյալ տարի «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից ՊՊԾ գնդի գրավումից հետո, հուլիսի 19-ին տեղի ունեցած իրադարձությունների համար: Հասցեական, անհատական մեղադրանքներ չկան:
Հիշեցնենք նաեւ, որ ՊՊԾ գնդի գրավման օրերին տարածքի բնակիչները զրկված էին հոսանքից, գազից, տրանսպորտից, ինչը բնակիչների դժգոհությունն էր առաջացրել: Արդյունքում, ոստիկանների հետ բախում էր եղել: Շատերը պնդում են, որ բնակիչները նպատակ ունեին ճեղքել ոստիկանական պատը եւ մտնել ՊՊԾ գնդի տարածք`միանալ զինված խմբին: Ժորա Ավետիսյանը, Հրաչյա Բոյաջյանը եւ Արման Ադամյանը այսօր դատարանում հայտարարեցին, որ չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքները: Առհասարակ, չեն էլ հասկանում մեղադրանքի էությունը: Այս փաստը վիճարկում են նաեւ նրանց պաշտպանները:
«Ես գիտակցել եմ, թե ինչ եմ արել եւ հասկանում եմ, որ իմ արածի համար ոնց ա կպել ինձ էդ հոդվածը: Չեմ հասկանում դնողը ոնց ա դրել»,- դատարանում հայտարարեց Հրաչյա Բոյաջյանը:
Դատարանն այսօր լսեց ոստիկանության Էրեբունու բաժնի պետի տեղակալ Արմեն Գալստյանին: Վերջինս գլխի պատռվածք է ստացել`ենթադրում է, որ քարի հարվածից: Կրծքավանդակի հատվածում էլ է հարված ստացել: «Վստահաբար չեմ կարող ասել`քարով են ինձ հարվածել, թե այլ առարկայով, այդ պահին շատ քարեր էին գալիս»,- դատարանում ասաց տուժող ոստիկանը: Մեղադրյալների հետ կոնկրետ ծանոթ չէ, բայց նրանց դեմքերը ծանոթ են իրեն: Ասում է`հավանաբար տարածքից:
«Դրանից ավելի վիրավորված եմ, որ մեր Էրեբունու տարածքում նման դեպք ա լինում, կանգնեցի`մտածելով որեւէ մեկը կճանաչի, կասի տղերք, էսի Գալստյան Արմենն ա… ով որ մտել ա իմ կաբինետ, օգնել եմ»,- դատարանում ասաց տուժողը:
Նա պատմեց, որ հուլիսի 19-ին գնացել են Որմնադիրների փողոց՝ բնակչության հետ խոսելու, բացատրելու, որ ՊՊԾ գնդի տարածքում պարբերաբար կրակոցներ են լինում, հրավառություն, ինչը անհանգստացնում է բնակիչներին, ուստի խնդրում էին, որ տարիքով մարդիկ, երեխաները, հղի կանայք մի քանի օրով, հնարավորության դեպքում, գնան մեկ այլ տեղ ապրեն, որպեսզի «քյոռ գյուլլ ա, չգա կպնի մեկին»:
Ժողովրդի հետ խոսելիս Գլինկա փողոցի կողմից աղմուկի ձայներ են լսել: «Գնացինք`տեսանք բախում մոտ 30-35 քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ: Շրջանցել ենք համ քաղաքացիներին, համ ոստիկաններին, կանգնել ենք բոլորի հետնամասում, որ պատկերացնեմ, թե ի՞նչ է կատարվում, համ էլ հույսով, որ որեւէ մեկն ինձ կճանաչի, քանի որ երկար տարիներ այդ տարածքում եմ աշխատել: Թեւերս փռել եմ քաղաքացիների եւ ոստիկանների մեջտեղը, փորձել եմ հանգստացնել, որ ավելորդ միջադեպեր չլինեն: Մի պահ, ոնց որ ժողովուրդն ուզում էր հետ գնար, բայց ինձանից դեպի ձախ ավելի բուռն միջադեպ տեղի ունեցավ: Մոտեցա էնտեղ, որ հանգստացնեմ, մի ակնթարթ ոնց որ լռության տիրեց, ոստիկանները հետ քաշվեցին, մեկ էլ հարվածը բնականաբար չզգացի, աչքերիս դեմը խախտվեց, ձեռս տարա`արյուն էր: Գործընկերս օգնեց, նստեցինք ոստիկանական մեքենայի մեջ, բայց քարերի հարվածները եկան դեպի ոստիկանության մեքենան: Գործընկերս մեքենայից հանեց, ոտքով իջել ենք Խորենացի փողոց»,- պատմեց տուժող ոստիկանը: Ճանապարհին նա հրաժարվել է շտապօգնության մեքենա նստել: Ասաց նաեւ`«կրակոցների ձայներ լսեցի`չիմանալով դա Սասնա ծռերի կողմից է, թե ինչ»:
Նա պնդում է, որ ծառայություն իրականացնող ոստիկանները ոստիկանության համազգեստով են եղել, քաղաքացիական հագուստով ոստիկանների չի տեսել, չի տեսել նաեւ զենքը հանող կամ կրակելու փորձ անող ոստիկանի, նաեւ`քաղաքացու:
«Քաղաքացիների կողմից հայհոյանքներ կային, ընդհանուր շատ բուռն խոսակցություն էր`բարձրանաք վերեւ անվադողեր այրենք, գլորենք, սենց խոսակցություններ լսել եմ»,- ասաց նա`հավելելով, որ չգիտի`այդ սպառնալիքներն իրականացվե՞լ են, թե`ոչ:
Նա պնդում է, որ ոստիկանության աշխատակիցները քաղաքացիների նկատմամբ բռնություններ չեն կիրառել, փորձել են սառը դատել, հանգստացնել ժողովրդին. «Բայց ժողովուրդը չէր հանգստանում, հայհոյանքներ էին հնչում: Իրանց միջից էլ մարդ կար, որ փորձում էր հանգստացնել: Ասել եմ`ժողովուրդ ջան, պրովոկացիա ա, հանգստացեք: Մոտ հինգ րոպե եմ այնտեղ եղել, միջանկյալ խոսակցություններ կային`ճանապարհը բացելու, ՊՊԾ գունդ իջնելու մասին, բայց չգիտեմ`ոստիկան է եղել ասողը, թե՞ քաղաքացի»: Կրակոցներ էլ է լսել ՊՊԾ գնդի հատվածից. «Արդեն սովորել էինք էդ կրակոցներին»: Տուժողի մոտ տպավորվել է, որ առավել ագրեսիվ էր «դեղին մայկայով» մեկը. «Ակտիվ հայհոյանքներ էր տալիս, ակտիվ էր, էլի»: Նրա արտաքինը չի կարող նկարագրել, դեմքը չի տպավորվել, տեսաձայնագրությամբ հավանաբար կվերհիշի: Դեպքի ժամանակ քաղաքացները սթա՞փ էին, թե`ոչ, տուժողը չի կարող ասել. վիճակը շատ լարված էր, բերաններից էլ հոտ չի քաշել:
Տուժողը ասում է`«որեւէ մեկին չեմ կարա ասեմ, հարազատներս էլ էնտեղ լինեին, չէի հիշի», ուստի, կոնկրետ ասել, թե մեղադրյալներից որեւէ մեկն է իրեն խփել կամ հայհոյել`չի կարող: Մեղադրյալներից նյութական պահանջներ էլ չունի: Դատավորը հետաքրքրվեց`եթե այդ բախման արդյունքում քաղաքացիները «կոտրեին» ոստիկանական պատը, կարո՞ղ էին անցնել ՊՊԾ գնդի տարածք: «Ոչ»,- ասաց տուժողը: «Հաց բերողը չանցա՞վ, ուզենային կանցնեին էլի»,- հեգնեց դատավորը:
Նա նաեւ տարակուսեց. «Քարը շպրտել են, կպել ա ձեր գլխին, մեկը կարող ա չնկատեք, երկրորդը…»: «Հանգիստ, հանդարտ պիտի լինեիր, որ հասկանայիր, տեսնեիր, ընենց խառնաշփոթ էր, հնարավոր չէր հասկանալ»,- ասաց տուժողը:
Նիստը կշարունակվի մայիսի 26-ին, 14. 30-ին: Դատարանը կլսի մյուս վկաների ցուցմունքները: