ՔԿՀ-ում մահացած Անզոր Կարապետյանի ինքնասպանության գործով բողոք է ներկայացվել դատարան
17:27, July 5, 2017 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ 2017 թ. հուլիսի 6-ին՝ ժամը 16:00-ին, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Արմավիրի նստավայրում կքննվի 2016 թ. հունվարի 4-ին Արմավիր ՔԿՀ-ում մահացած Անզոր Կարապետյանի գործով բողոքը:
Հարուցված քրեական գործի շրջանակում նշանակված դատահոգեբանական փորձաքննության արդյունքերով, ի թիվս այլ հանգամանքների, արձանագրվել էր, որ Ա. Կարապետյանի անհատական հոգեբանական առանձնահատկություները չէին կարող այնպիսի ազդեցություն ունենալ նրա վարքի վրա, որը կհանգեցներ ինքնասպանության: Այս հանգամանքը հաշվի առնելով՝ Ա. Կարապետյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը դիմել էր վարույթն իրականացնող մարմնին դրանք քննության առարկա դարձնելու հարցով:
ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունից հայտնել էին, որ 2016 թ. սեպտեմբերի 14-ին կասեցված քրեական գործի վարույթը վերսկսվել է և միջնորդությունը դարձել է քննության առարկա: Դրանից շուրջ հինգ ամիս անց միայն լրացուցիչ հարցումների արդյունքում պարզ էր դարձել, որ էական հանգամանքներ վարույթն իրականացնող մարմինը չի պարզել:
Ներկայացված բողոքով Ա. Չատինյանը պահանջում է պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին վերացնել քրեական գործի վարույթը կասեցնելու որոշմամբ թույլ տրված տուժողի իրավահաջորդի իրավունքների խախտումները: