«Առավել դաժան բռնապետությունները ձևավորվել են հենց պառլամենտական կառավարման համակարգերում». Արթուր Սաքունց | Helsinki Citizens' Assembly Vanadzor Office
Սերժ Սարգսյանի կողմից պառլամենտական կառավարման և սահմանադրական սկզբունքների կոպիտ խախտումներով Արմեն Սարգսյանին ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու փաստը, բացահայտում է ուշագրավ մի քանի այլ հանգամանքներ։
Նախ, ՀՀԿ֊ն լինելով առնվազն 23 տարի ԱԺ մեծամասնություն հանդես եկող կուսակցություն, կրելով կադրային լուրջ, արմատական փոփոխություն, իրականացնելով իշխանություն, իր «ներսում» այդպես էլ չի կարողացել «պատրաստել», աճեցնել մարդկային ռեսուրսներ, որպեսզի ներկայացնի թեկնածություն ԱԺ նախագահի և ՀՀ նախագահի պաշտոնների համար։ Ոչ Բաբլոյանը, ոչ Ա. Սարգսյանը ՀՀԿ֊ի քաղաքականության արդյունքները չեն հանդիսանում։ Այսինքն, Սերժ Սարգսյանը իր առաջադրումներով արձանագրում է, որ ՀՀԿ֊ն այդպես էլ պիտանի կադրեր չի պատրաստել։
Եթե ՀՀԿ֊ն նույնիսկ պատրաստել է այդ կադրերը, ապա Սերժ Սարգսյանը չի վստահում այդ կադրերին։
Բայց ՀՀԿ֊ն էլ առանձնապես վստահ չի իր կադրային բանկի կարողության վրա, հակառակ պարագայում, կներկայացներ որպես այլընտրանք Սերժ Սարգսյանի առաջարկներին։
Ինչևէ, ակնհայտ է Սերժ Սարգսյանի՝ ՀՀԿ֊ի նախագահի և ՀՀԿ֊ի միջև լուրջ անվստահությունը, Սերժ Սարգսյանի կողմից բացարձակ միանձնյա որոշում կայացնելու փաստը։
Այս պատկերում ՀՀԿ-ն որպես կուսակցություն նույնիսկ ձևական իմաստով այլևս գոյություն չունի։
Դա իհարկե իրենց խնդիրն է, և հանդիսանում է տրամաբանական արդյունքը իրենց այսպես կոչված զարգացման։
Բայց ակնհայտ է, Սերժ Սարգսյանը պառլամենտական կառավարմանն անցնում է առանց ՀՀԿ֊ի և առանց կուսակցությունների, վերջիններիս օգտագործելով որպես արտահագուստ, դիմակ։
Սերժ Սարգսյանը բացառիկ քայլերով բովանդակազրկում է նաև պառլամենտական կառավարումը ՀՀ-ում։
Հիշենք, առավել դաժան բռնապետությունները ձևավորվել են պառլամենտական կառավարման համակարգերում՝ Հիտլերը՝ Գերմանիայում, Լենին֊Ստալինը պառլամենտական Ռուսաստանում՝ պետդումա, սահմանադիր ժողով, ժողովրդական պատգամավորների սովետ անցումների ժամանակ։