ՀՔԾ-ի պնդմամբ՝ լրագրող Արփի Մախսուդյանի բնակարան ներխուժած ոստիկանները օրինաչափ են գործել
19:48, July 6, 2017 | Նորություններ, Սեփական լրատվություն | Անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքԼրագրող Արփի Մախսուդյանի բնակարան մուտք գործած ոստիկանների գործողություններում ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը հանցակազմ չի տեսել: Այս մասին տեղեկանում ենք հանցագործության մասին հաղորդման հիման վրա ՀՀ ՀՔԾ՝ 2017 թ. հունիսի 26-ին կայացրած որոշումից:
Հիշեցնենք՝ ոստիկանության աշխատակիցները լրագրողի տուն էին մտել 2017 թ. մայիսի 11-ին՝ 7:30-ի սահմաններում՝ տան անդամների կամքին հակառակ և փորձել խուզարկություն իրականացնել: Պարզելով, որ խուզարկություն իրականացնելու թույլտվություն ոստիկանները չունեն՝ բնակիչները նրանցից պահանջել են հեռանալ բնակարանից, ինչից հետո լարված մթնոլորտ է առաջացել, ոստիկաններն սպառնացել են բաժին տանել Ա. Մախսուդյանի սկեսրայրին, ահաբեկել են տան անդամներին և միայն երբ լրագրողը փորձել է զանգահարել իրավաբանին, սպառնալիքներ հնչեցնելով՝ հեռացել են:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, ոստիկաններն այս գործողությունները մեկնաբանել են նրանով, որ հետախուզման մեջ գտնվող անձի են փնտրել: Հիմնավորումն էլ վերջինիս՝ տվյալ բնակարանում տեղակայված WiFi-ից օգտվելն է եղել: Ինչպես բնակարանում գտնվելու ընթացքում, այնպես էլ հետագայում ոստիկանները հերքել են խուզարկություն կատարելու մտադրությունը և մեկնաբանել են, թե հետախուզվողին կարող էին տեսնել բնակարանում կամ տան անդամների հետ զրույցից զգալ այնտեղ է, թե՝ ոչ՝ առանց խուզարկություն կատարելու:
Հավելվենք, որ օրեր առաջ Ա. Մախսուդյանը հարուցված քրեական գործի շրջանակում իր պաշտպանի՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանի միջնորդությամբ տուժող էր ճանաչվել:
Քրեական գործի վարույթը կարճելու որոշումից պարզ է դառնում, որ վարույթն իրականացնող մարմինը քննության առարկա չի դարձրել այն հանգամանքը, որ լրագրող Ա. Մախսուդյանի բնակարանի ինտերնետից, առանց նրա իմացության, օտար անձանց օգտվելու փաստը կարող է վտանգել լրագրողական աղբյուրների, լրագրողի անձնական խոսակցությունների ու նամակագրության անվտանգությունը, ինչը միջամտություն է նրա անձնական և ընտանեկան կյանքի նկատմամբ: Եվ իրականացրել է միակողմանի քննություն՝ նախապատվությունը տալով ոստիկանների ցուցմունքներին:
Բացի դրանից՝ բացառել է առանց տանտերերի իմացության բնակարանում տեղադրված WiFi-ից ընտանիքից դուրս այլ մարդկանց օգտվելու հանգամանքը այն դեպքում, երբ տարրական գիտելիքներ են անհրաժեշտ հասկանալու համար, որ այս սարքավորման սփռման տարածքը կարող է ընդգրկել ոչ միայն բնակարանը, որտեղ տեղադրված է, այլև հարակից տարածքները և ցանկացած մեկը կարող էր գաղտնաբառը «կոտրելու» միջոցով օգտվել ինտերնետից՝ առանց տվյալ բնակարանում գտնվելու:
Ի դեպ, Մախսուդյանները հայտնել են, որ հարևանը ևս օգտվում է իրենց ինտերնետից:
ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը ոստիկանների գործողությունները հիմնավորել է ՀՀ Կառավարության 26.05.2011 857-ՆԳ որոշմամբ, որով սահմանվում են ՀՀ ոստիկանության կողմից հետախուզական աշխատանքներ կատարելու կարգը, ապա վկայակոչել «Ոստիկանության մասին» և «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքները՝ ժխտելով խուզարկություն կատարելու նպատակը:
Նշենք, որ «Ոստիկանության մասին» օրենքի 19-րդ հոդվածը, որը վկայակոչել է վարույթն իրականանցնող մարմինը, սահմանում է, որ ոստիկանն «իրավունք ունի օրենքով սահմանված կարգով և հիմքերով՝ քաղաքացիներից, պաշտոնատար անձանցից, կազմակերպություններից պահանջելու և ստանալու անհրաժեշտ բացատրություններ, տվյալներ, տեղեկանքներ, փաստաթղթեր և (կամ) դրանց պատճեններ»:
Ինչպես տեսնում ենք, Օրենքը բնակարան մուտք գործելու պարտադիր պայման չի ենթադրում, ավելին՝ պարտադիր է համարում օրենքով սահմանված կարգի և հիմքերի առկայությունը, ինչն այս դեպքում ոստիկանները չեն ունեցել:
Իսկ «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածը, որը ևս վկայակոչված է որոշման մեջ, սահմանում է օպերատիվ հարցում իրականցնելու և օպերատիվ տեղեկությունների ձեռքբերման կարգը, և կրկին ոչ մի խոսք չկա դրանք անձի բնակարանում տեղեկություն ձեռք բերելու անհրաժեշտության մասին:
Այս պարագայում ձեռք բերված ապացույցները վարույթն իրականացնող մարմինը բավարար չի համարել հաստատված համարելու հանցակազմի առկայությունը և հավելել. «[….] այդ առումով նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները սպառվել են, որպիսի պայմաններում [ոստիկանների] գործողություններում բացակայում է ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմը»:
Միաժամանակ բացառել է նաև Արփի Մախսուդյանի և նրա սկեսրայրի՝ «անմեղ անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու» դիտավորությունը, և նրանց արարքում էլ սուտ մատնության հանցակազմ չի տեսել:
Այսպիսով՝ գործի քննության շրջանակում այդպես էլ իրավական գնահատական չի տրվել ոստիկանների՝ Մախսուդյանների բնակարան մուտք գործելու հիմնավորվածությանը և ոստիկանների լիազորությունների գերազանցման փաստին: Այսինքն, քննությունը կրել է ձևական բնույթ և մեղավորներին պարզելու ու պատասխանատվության ենթարկելու նպատակ չի հետապնդել:
Արփի Մախսուդյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը վերոնշյալ հիմքերով արդեն բողոքարկել է քրեական գործը կարճելու վերաբերյալ որոշումը: