ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մ. Հակոբյանը «պարզաբանել է», թե ինչու չի մաքրվում աղբը զորամասի տարածքից
10:08, July 7, 2017 | Նորություններ, Սեփական լրատվություն | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժեր2017 թ. մայիսի 4-ին Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում տեղակայված ՀՀ ՊՆ զորամասերից մեկում զինծառայող Հովհաննես Պետրոսյանի մահվան փաստով քրեական գործի շրջանակում նշանակված քննչական փորձարարության մասնակցելու ժամանակ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը նկատել է, որ քննչական փորձարարության իրականացման տարածքում մեծ քանակությամբ աղբ է կուտակված:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը տարածքը աղբից մաքրելու հարցով 2017 թ. հունիսի 6-ին գրությամբ դիմել է ՀՀ Պաշտպանության նախարարություն և ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն՝ նշելով, որ տարածքում աղբի առկայությունը զգալիորեն բարդացնում և տհաճ է դարձնում մարտական հերթապահություն և ծառայություն իրականացնելը:
Արձագանքելով գրությանը՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մ. Հակոբյանը 2017 թ. հունիսի 26-ի իր պատասխանում «պարզաբանում է», թե տարածքում մարտական հերթապահություն չի իրականացվում և դրանով «հիմնավորում» զորամասի տարածքում աղբի կուտակումները չմաքրելու հանգամանքը:
«Այն [տարածքը] առաջնագծից գտնվում է 1.5-2 կմ հեռավորության վրա [….] և մարտական հերթապահության համար նախատեսված տարածք չի համարվում», – նշված է Մ. Հակոբյանի պատասխանում:
Այո, աղբակույտերով լցված վայրը առաջնագծից 1.5-2 կմ հեռավորության վրա է գտնվում, բայց հենց աղբակույտերով լցված տարածքով են զինծառայողներն անցնում՝ մարտական հերթապահության վայր հասնելու համար:
Բացի դրանից՝ հենց այն հանգամանքը, որ աղբակույտերով լցված է քննչական փորձարարության տարածքը, վկայում է այն մասին, որ տարածքում որոշ գործողություներ են իրականացվել և իրականում զինվորների տեղաշարժ կա, ինչպես լուսանկարներից երևում է, նաև ռազմական մեքենա է կայանած:
Աղբը մաքրելու կամ դրա ուղղությամբ որևէ գործողություն իրականացնելու մասին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պատասխանում նշված չէ: Բայց կենցաղային աղբակույտերից ամառվա այս շոգ եղանակին տարածվող գարշահոտության պայմաններում զինծառայողների տեղաշարժը ամենևին էլ հաճելի չէ ոչ ոքի համար:
ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը հայտնել է, որ տարածքը «գույքագրված և անձնագրավորված» աղբավայր է: Ըստ Նախարարության հավաստիացումների՝ այն նախատեսվում է վերացնել մինչև տարեվերջ, քանի որ տարածքի մեծության պատճառով ավելի վաղ հնարավոր չէ կազմակերպել: