ՀՀ Ֆինանսների նախարարությունը կառաջարկի «ԷԼԼՈՏՈ» խաղային տերմինալների վրա ևս տարածել «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքը
17:36, August 7, 2018 | Նորություններ, Սեփական լրատվությունՀՀ Պետական եկամուտների կոմիտեն, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի գրությանն ի պատասխան, տեղեկացրել է, որ առաջիկայում ՀՀ Ֆինանսների նախարարությունը պատրաստվում է օրենսդրական առաջարկություն ներկայացնել՝ «ԷԼԼՈՏՈ» տերմինալների վրա ևս «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքը տարածելու վերաբերյալ: Դրանով «ԷԼԼՈՏՈ» տերմինալների տեղակայման վայրերի սահմանափակումներ կդրվեն:
Վերոնշյալ տերմինալներն այժմ դիտարկվում են որպես վիճակախաղեր, և դրանց տեղակայումն իրականացվում է «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի սահմաններում: Համաձայն դրա՝ վիճակախաղի կազմակերպիչը վիճակախաղը կազմակերպում է իր սահմանած և լիազոր մարմնի հետ համաձայնեցված կանոնակարգին համապատասխան: Իսկ ՀՀ Ֆինանսների նախարարությունն իր համաձայնությունը տվել է «Գուդվին-Բետ» ընկերության ներկայացրած կանոնակարգերին:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին էր դիմել 2018 թ. մայիսի 24-ին՝ հիմք ընդունելով armtimes.com լրատվական կայքի «Երեւան սիթին՝ կրկին խաղամոլության օջախ. Սամվել Ալեքսանյանն ընդառաջեց Շինանյութի Սերգոյին» վերնագրով 2017 թ. սեպտեմբերի հրապարակումը:
Դրանում նշվում էր, որ «Երևան Սիթի» սուպերմարկետում տեղադրվել են «ԷԼԼՈՏՈ» խաղային ապարատները, որոնք, լրատվամիջոցի բնորոշմամբ, խաղատան սաքավորումներից ոչնչով չեն տարբերվում և բավական մեծ տարածում ունեն հատկապես մարդկանց մեծ հոսք ենթադրող վայրերում:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջել էր պատասխանատվության ենթարկել խաղային ապարատների սեփականատեր ընկերությանը, քանի որ խաղային ավտոմատների տեղադրման հստակ սահմանափակումներ է դնում «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքը, իսկ «Երևան Սիթի» սուպերմարկետը օրենքով սահմանված վայր չի համարվում:
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության պետ Կ. Կարապետյանը ՀՔԱ Վանաձորի գրասենյակին տեղեկացրել է, որ այս պահին «ԷԼԼՈՏՈ» խաղային ապարատները գործում են «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի շրջանակներում, որով տեղակայման նման սահմանափակումներ չկան: Միաժամանակ տեղեկացրել էր, որ ՀՀ Ֆինանսների նախարարությունը նախաձեռնել է օրենսդրական փոփոխություն, համաձայն որի՝ վերը նշված սարքավորումների շահագործումը կսահմանվի որպես շահումով խաղի կազմակերպում, և դրանց վրա ևս կտարածվի «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքը: