Սա ինտեգրում է Ռուսաստանի հետ. Միգրանտների վերաբերյալ նոր փոփոխություն՝ նոր ռիսկեր
10:31, September 7, 2017 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՍեպտեմբերի 1-ից ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված քաղաքացիները պարտավոր են սոցիալական ծառայության համապատասխան ստորաբաժանում ներկայացնել ընտանիքի բացակա անդամի գտնվելու վայրի մասին տեղեկանք: Այսպիսով, պետությունը ցանկանում է պարզել, թե արդյոք նպաստ ստացող ընտանիքի անդամներից որևէ մեկը մեկնե՞լ է արտագնա աշխատանքի, և նպաստ ստացող ընտանիքն ի՞նչ եկամուտ է ստանում:
Սահմանված կարգի համաձայն՝ ընտանիքի այդ անդամի բացակայության 3-րդ ամսում ընտանիքի անդամների կողմից պետք է պարտադիր դիմում ներկայացվի, թե որքան է կազմում արտերկրից ուղարկվող եկամուտը:
Այս նոր փոփոխությունը մի քանի օր է՝ բուռն արձագանք է ստացել հանրության շրջանում: Այն մեկնաբանվում է որպես «ժողովրդի բերանից կտրելու և բյուջեն լցնելու հերթական անհաջող փորձ»: Կարծիքներ են հնչում, որ առանց այդ էլ պետությունը ոչնչով չի թեթևացնում իր քաղաքացու բեռը, մի բան էլ փորձում է եղածը ձեռքից վերցնել:
Բացի այդ, իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով՝ իրականացման տեսանկյունից լուրջ խոչընդոտներ և դժվարություններ կառաջանան, քանի որ որևէ տեղ արտագնա աշխատանքի մեկնողների գրանցում չի իրականացվում, իսկ նրանց ընտանիքները միանշանակ կարող են հստակ գումարի չափ չնշել: Դրանից հետո պետությունը կարող է բանկերի հաշվեհամարների միջոցով փորձել պարզել միգրանտի՝ Հայաստան ուղարկած գումարի չափը, բայց դա էլ լուծում չէ, քանի որ նախ՝ այս դեպքում խնդիր է առաջանալու բանկային գաղտնիքի հետ, և հետո՝ այդ ժամանակ արդեն միգրանտները կխուսափեն բանկերի միջոցով գումար ուղարկելուց: Նրանց կողմից կընտրվեն գումարը Հայաստան ուղարկելու շատ այլ ճանապարհներ:
«Այդ նորմի իրականացումը լուրջ իրավական ընթացակարգերի հետ է կապված, և լուրջ խոչընդոտներ կառաջանան: Բայց խնդիրը դա չէ, խնդիրն այն է, որ պետությունը փորձում է իր շարքային քաղաքացու եկամուտների վրա հսկողություն սահմանել և դրանով պայմանավորված՝ օպտիմալացնել սոցնպաստները: Իրենք գնում են ոչ թե իրենց ծախսերի օպտիմալացման, ասենք՝ Տարոն Մարգարյանին չեն ասում՝ 500 շիշ կոնյակ մի գնիր, այլ օպտիմալացնում են քաղաքացիների եկամուտները»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Սաքունցը:
Իրավապաշտպանի խոսքով՝ այստեղ կա մեկ այլ շատ կարևոր խնդիր, որի վրա ուշադրություն չի դարձվում: «Այս նորմի կիրառման ժամանակ մեր պետական մարմինները պետք է տեղեկություններ ճշտեն ռուսական համապատասխան մարմիններից: Այսինքն՝ այստեղ գործ ունենք դեռևս չասվող, բայց տրամաբանությունից բխող ևս մեկ ինտեգրացման հետ՝ Ռուսաստանի Դաշնության հետ: Խոսքը ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիների աշխատավարձերի, եկամուտների հսկողության, վերահսկողության ինստիտուտի մասին է, որը լրացուցիչ մեխանիզմ է տալիս, գործիք է տալիս ՌԴ իշխանություններին իրենց տրամաբանությամբ ՌԴ-ում ապօրինի գտնվողների նկատմամբ հսկողություն իրականացնելու, Ռուսաստանում անօրինական միգրացիայի դեմ պայքարելու համար: Այսինքն՝ սա առաջին հայացքից Հայաստանում սոցիալական նպաստի բաշխման արդյունավետության բարձրացման մեխանիզմ է, սակայն իրականում այն ուղղված է Ռուսաստանի Դաշնության միգրացիոն ծառայությունների աշխատանքային տեսչության գործառույթն իրականացնող մարմինների աշխատանքի դյուրացմանը»,- նկատեց իրավապաշտպանը:
Մեր զրուցակցի խոսքով՝ իշխանությունները նման նորմեր, կարգավորումներ սահմանելուց առաջ պետք է անձեռնմխելիությունից հանեն իրենց մոնոպոլիաները, դրանք չանտեսեն և սկսեն զբաղվել մի կերպ իրենց գլուխը պահող, այլ երկրներում եկամտի աղբյուրներ փնտրող քաղաքացիների եկամուտներով: «Սա տրամաբանությունից դուրս, արատավոր գործելաոճ է: Սոցիալական նպաստի ոլորտը վերահսկելու, իրապես կարիքավորներին ցանկում ներառելու համար բազում այլ մեխանիզմներ կան: Իսկ քանի որ դրանք չեն ընտրվել, կարելի է հետևություն անել, թե իրականում ինչ նպատակով է այս նորամուծությունը, որի մասին արդեն խոսեցի»,- եզրափակեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը: