Խայտառակ զանգվածային բնույթի ընտրակաշառքն այլևս չի լինի
10:34, September 7, 2018 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԸնտրական խախտումների համար պատիժների խստացումը կարող է էապես բարելավել ընտրական գործընթացների որակը, քանի որ պատիժների թույլ լինելը նպաստում էր ընտրախախտումների ծավալմանը: Եվ այսօր իշխանությունը քաղաքական կամք ունի՝ բարեփոխելու ընտրական գործընթացը, Lragir.am-ի հետ զրույցում նման դիտարկում է անում իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունել է Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախագծերի փաթեթը: Այս փոփոխություններով առաջին հերթին առաջարկվում է Վարչական իրավախախտումների օրենսգրքի 40-10-րդ հոդվածով նախատեսված արարքը քրեականացնել: Հոդվածը վերաբերում է հետևյալին՝ նախնական քարոզչության ժամանակ, ինչպես նաև քվեարկության նախորդ և քվեարկության օրը թեկնածուների, կուսակցությունների, դաշինքների կողմից բարեգործության անվան տակ ընտրողներին, ինչպես նաև հանրաքվեի մասնակիցներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք կամ արժեթղթեր, ապրանքներ տալը կամ խոստանալը, կամ բարեգործության հետ միաժամանակ նախընտրական քարոզչություն իրականացնելը:
Այդ արարքն այսօր էլ համարվում է անօրինական, պարզապես դրա համար նախատեսված է վարչական պատասխանատվություն՝ առավելագունը 2.5 մլն դրամ: Բայց կառավարությունը գտնում է, որ այս արարքն իր բնույթով գրեթե նման է ընտրակաշառք տալուն կամ ընտրակաշառք առաջարկելուն: Օրենսդրական նոր նախաձեռնությամբ այս արարքի համար նախատեսվում է 3-6 տարի ազատազրկում:
Փոփոխություններով առաջարկվում է քրեականացնել ոչ միայն ընտրակաշառք ստանալը կամ պահանջելը, այլ նաև այդ կաշառքի առաջարկը կամ խոստումն ընդունելը: Ընտրակաշառք ստանալու համար սահմանվում է 500.000-700.000 դրամ տուգանք կամ 1-3 տարի ազատազրկում, իսկ ընտրակաշառք տալու համար՝ 2.000.000-4.000.000 դրամ կամ 2-6 տարի ազատազրկում:
Այս փոփոխությունների հեղինակը կառավարությունն է, դրանցով նախատեսված կարգավորումները կառավարությունը մտադիր է կյանքի կոչել մինչև սեպտմբերի 23-ը՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով՝ այս փոփոխություններն իրականացվում են՝ ելնելով մեր պրակտիկայից, որն ունեցել ենք ընտրությունների ժամանակահատվածում:
«Եվ բոլոր այն մոտեցումները, թե իբր պատիժները խստացնելով՝ հնարավոր չէ պայքարել, տեղին չեն, որովհետև, ընդհակառակը, հենց պատիժների թույլ լինելն էր նպաստում ընտրախախտումների ծավալմանը: Ինչի՞ համար են այդ պատիժները խստացվում, որպեսզի ընտրությունների կազմակերպման, իրականացման հետ կապված որոշակի գործողություններ համարվեն ծանր հանցագործություն, հատկապես կաշառքների մասով, որպեսզի իրավապահ մարմինները հնարավորություն ունենան իրականացնելու օպերատիվ հետախուզական միջոցառումներ: Դրանից զրկված էին, երբ այդ հանցագործությունները չէին համարվում ծանր հանցագործություններ: Ընտրակաշառքը, որը բավական դժվար հայտնաբերվող հանցագործություն է, այդ ուղղությամբ իրավապահ մարմինները պետք է ունենան օրինական լծակներ, օպերատիվ հետախուզական միջոցառումների իրականացման հնարավորություն՝ կանխելու համար այդ հանցագործությունները», ասաց նա:
Սաքունցի խոսքով՝ պատժի խստացումը նախ և առաջ ունի կանխարգելիչ նշանակություն: «Մենք չենք հավակնում, որ ընտրությունների հետ կապված կաշառք հասկացությունը կվերանա, բայց խստացումն անպայման կունենա կանխարգելիչ նշանակություն: Եվ այն խայտառակ զանգվածային բնույթի ընտրակաշառքը, որն արձանագրվում էր նախկին ընտրությունների ժամանակ, այլևս չի լինի»,- հավելեց նա:
Բայց այս հարցում, ըստ իրավապաշտպանի, շատ կարևոր է, որ առկա է իշխանության քաղաքական կամքը: Կարող էին ընդունվել շատ լավ օրենքներ, սակայն դրանք չէին գործի, եթե չլիներ իշխանության քաղաքական կամքը: