Ինչու փակվեց ԵԱՀԿ Երեւանի գրասենյակը եւ ինչ հետեւանքներ կունենա
19:46, May 6, 2017 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններLragir.am-ի զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը
Պարոն Սաքունց, ամիսներ առաջ Հայաստանիքաղաքացիական հասարակությունը նամակ էր ուղարկելՎիեննայում գտնվող ԵԱՀԿ գլխավոր գրասենյակ՝մտահոգություն հայտնելով, որ ԵԱՀԿ երևանյանգրասենյակը կարող է փակվել: Փաստացի արդեն ունենքիրավիճակ, երբ Ադրբեջանի պահանջով այդ գրասենյակը փակվում է, սա ի՞նչ է նշանակում:
Հիշեցնենք, որ Հարավային Կովկասում ԵԱՀԿ գրասենյաներ կային նաև Վրաստանում և Ադրբեջանում: Վրաստանում ԵԱՀԿ գրասենյակը փակվեց ռուս-վրացական պատերազմից հետո՝ ռուսական կողմի պահանջով, ռուսական կողմից համաձայնություն չտալու հետևանքով: Հաջորդ քայլով Ադրբեջանի իշխանությունների կողմից պարզապես չերկարացվեց ԵԱՀԿ գրասենյակի մանդատն Ադրբեջանում: Մնացել էր միայն երևանյան գրասենյակը: Ըստ էության, Երևանում ԵԱՀԿ գրասենյակի հետ կապված Հայաստանի իշխանությունները որևէ առարկություն չունեին, ընդհակառակը, շահագրգռված էին, որ այն գործի: Բայց ունենք փաստ, որ մի կողմից Ռուսաստանն իր հարևան Վրաստանում ԵԱՀԿ գրասենյակի փակման գործում իր անմիջական դերակարատարությունն ունի, մյուս կողմից էլ կա փաստ, որ Ադրբեջանի իշխանություններն իրենց երկրում ԵԱՀԿ գրասենյակի փակման նախաձեռնողն էին: Այսինքն՝ այդ երկու երկրները ԵԱՀԿ գրասենյակների փակման հարցում ունեն նույնատիպ դիրքորոշումներ և նման նախաձեռնություն են դրսևորում: Հիմա պետք է ենթադրել, որ Հայաստանում ԵԱՀԿ գրասենյակի փակման հարցում այս երկու պետություններն առնվազն ունեին շահագրգռվածություն:
Սա ի՞նչ հետևանք կարող է ունենալ Հայաստանի համար:
Առաջին հերթին, ԵԱՀԿ-ն՝ որպես միջպետական կառույց, ԵԱՀԿ անդամ երկրներն ունեն փաստացի մարտահրավեր՝ հանձինս Ռուսաստանի և Ադրբեջանի իշխանությունների, որոնք գործում են ԵԱՀԿ գործունեության սահմանափակման ուղղությամբ: Սա առաջին հերթին պետք է մտահոգի հենց ԵԱՀԿ անդամ մյուս երկրներին: Երկրորդ, նման գործողությունը հատկապես Հայաստանի նման պետության համար ունի բացասական այն ազդեցությունը, որ մարդու իրավունքների բնագավառում գործող միջազգային հայտնի կառույցներից մեկի՝ ԵԱՀԿ-ի ներկայությունը ՀՀ-ում ըստ էության փակվում է: Իհարկե, Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՀԿ անդամ այնպես, ինչպես ՌԴ-ն ու Ադրբեջանը, բայց համագործակցությունը որոշակի կդժվարանա, քանի որ գրասենյակի բացակայության պայմաններում ամենօրյա շփման ռեժիմ չի լինի:
Այստեղ հաջորդ հարցը Հայաստանի իշխանությունների պատասխանատվության հարցն է: Երկար ժամանակ ՀՀ-ն ԵԱՀԿ-ում չմիացավ ժողովրդավարական ուղի բռնած այն երկրների դիրքորոշումներին, որոնք պարբերաբար դրսևորվում էին ԵԱՀԿ տարբեր հանդիպումներում, երբ ՌԴ կողմից ակնհայտ քայլեր ու գործողությունների էին արվում, որոնք հակասում էին ԵԱՀԿ-ի սկզբունքներին: Ավելին, պետք է հիշեցնում, որ ժամանակին ԵԱՀԿ անդամ նախկին Խորհրդային միության երկրների մի մասը, այդ թվում՝ Կենտրոնական Ասիայի երկրները, Ադրբեջանն ու ՌԴ-ն նախաձեռնեցին մի հայտարարություն, որը վերաբերում էր ընտրություններին միջազգային դիտորդական առաքելության ոչ նպատակահարմարությանը: Եվ, ցավոք սրտի, դրան միացել էր նաև Հայաստանը: Ավելին, ՀՀ իշխանությունները երկար ժամանակ միանում էին ՌԴ կողմից առաջ բերված այնպիսի նախաձեռնությունների, որոնք ոչ թե ուղղված էին ԵԱՀԿ ինստիտուտների գործողությունների ընդլայնմանը, նրանց հետ համագործակցության էլ ավելի խորացմանը, այլ որոնք ուղված էին ԵԱՀԿ ազդեցության սահմանափակմանը: Այսինքն՝ չէին կարողանում դիմագրավել այն ճնշումներին, որոնք գոյություն ունեին հայ-ռուսական հարաբերություններում: Հիշենք ՀՀ իշխանությունների պահվածքը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում քվեարկությունների ժամանակ, երբ խոսքը վերաբերում էր Ռուսաստանի կողմից Ղրիմի անեքսիային կամ ԵԽԽՎ-ում ՌԴ կողմից Ուկրաինայի Արևելքում ակնհայտ ագրեսիայի վերաբերյալ քվեարկություններին:
Այսինքն՝ ՀՀ իշխանություններն իրենց դիրքորոշումները թուլացրել էին՝ հետ նահանջելով այն սկզբունքներից, որոնք ընկած են այդ միջազգային կառույցների հիմքում, և իրենց դիրքորոշումներն ավելի շատ մոտ էին ավտորիտար բնույթի դիրքորոշում ունեցող իշխանությունների դիրքորոշումներին: Եվ նման մարտահրավերներին, ինչպիսին ԵԱՀԿ գրասենյակի փակման հարցն է, դիմագրավելու համար Հայաստանն իր դիրքերը թուլացրեց: Հետևաբար, այս առումով պատասխանատվության իր չափաբաժինն ունի նաև ՀՀ իշխանությունը:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակումը կարո՞ղ է ինչ–որկերպ ազդեցություն ունենալ նաև ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման վրա:
Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խումբը և երեք համանախագահ երկրները: Հիմա, ցավոք սրտի, այնպիսի մի իրավիճակ է, երբ համանախագահ երկրներից մեկի՝ ՌԴ կողմից արդեն երկար ժամանակ հակամարտության կարգավորման դեմ քայլեր են արվում: Նկատի ունեմ սպառազինությունների մրցավազքը, Մինսկի ձևաչափի դեմ ուղղված քայլերը: Եվ դրան զուգահեռ ունենք ՀՀ իշխանությունների ոչ համարժեք արձագանքն ու գնահատականները ՌԴ կողմից ԵԱՀԿ սկզբունքների դեմ ուղղված ակնհայտ գործողություններին: Դրանք հանգեցրեցին նրան, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ՀՀ-ն հայտնվում է ավտորիտար երկրների շահերի տիրույթում: Եվ այս առումով դուրս է գալիս, որ Հայաստանի իշխանություններն են իրենց քաղաքականությամբ հայտնվել Ղարաբաղյան խնդիրն ուժային մեթոդներով լուծման կողմնակիցների շարքում: Հետևաբար, ՀՀ իշխանությունները հետընթաց են արձանագարում ԵԱՀԿ սկզբունքներից:
Ստացվում է, որ Հայաստանի իշխանությունները չեն հանդիսանում հիմնախնդրի խաղաղ կարգավորման կողմնակիցների՝ ԱՄՆ և Ֆրանսիայի դաշնակիցները: Անտրամաբանական մի վիճակ, երբ Հայաստանի իշխանությունը գտնվում է այն երկրների շահերի տիրույթում, որոնք կամ զինված մեթոդի կողմնակից են, կամ էլ զինված մեթոդների խրախուսման աջակից են՝ հանձինս ՌԴ-ի: Սա է մերկ ճշմարտությունը, որը որքան էլ դիվանագիտական տարբեր հայտարարություններով ու ձևակերպումներով այսօր փորձեն սքողել ՀՀ իշխանությունները, այնուամենայնիվ չեն կարող թաքցնել այն ակնհայտ խնդիրը, որի առաջացմանն իրենք անմիջականորեն նպաստել են: