2018 –ին ցնցումները, բողոքի ցույցերն անխուսափելի են, որովհետև լուծումներ չեն տրվում խնդիրներին. իրավապաշտպաններ
12:41, January 7, 2018 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՔաղհասարակության պայքարը ընդհանրապես շատ կարևոր է Հայաստանում, Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:
Անցնող 2017 թվականին էլ իրավապաշտպանի խոսքով եղան բազմաթիվ քննարկումներ, մասնավորապես ընտանեկան բռնության, քաղբանտարկյալների հարցի հետ կապված և այլ տարբեր հարցերի:
«Բայց, քանի որ Հայաստանում մարդու իրավունքների խախտումները համակարգային բնույթ են կրում, քանի որ Հայաստանում իշխանության տարանջատում չկա, եթե ասում ենք քաղհասարակության հաջողությունները, դրանք կարող են լինել մասնակի հաջողություններ, բայց ոչ համակարգային փոփոխություն, խնդիրը սա է»,-ասաց Իշխանյանը:
Իրավապաշտպանի խոսքով անցած տարվա մարդու իրավունքների ամենաաղաղակող խախտումը դատարանում ամբաստանյալների նկատմամբ հաշվեհարդարն էր:
«Այդ ծեծը, դա աննախադեպ երևույթ էր գուցե նաև համաշխարհային պատմության մեջ , որովհետև նման դեպք, հավանաբար եղել է , բայց ես չգիտեմ, իսկ Հայաստանի պատմության մեջ անկախ պատմության մեջ դա առաջին դեպքն է: Խնդիրն այն է, որ այդպիսի դեպքից հետո նորից որևէ մեկը պատիժ չստացավ և ավելին ասեմ, եթե Հայաստանում դատարանները լինեին պատշաճ մակարդակի վրա, դատավորներն ունենային արժանապատվություն, անկախ լինեին, եթե այդպիսի դեպք տեղի ունենար դատարանում, ապա այդ դատարանի ամբողջ կազմը պետք է հրաժարական տար, որովհետև սա ոչ այնքան նվաստացուցիչ էր ամբաստանյալների նկատմամբ, քանի որ մեղադրյալների, կասկածյալների, ամբաստանյալների նկատմամբ Հայաստանում միշտ էլ վատ վերաբերմունք եղել է, սա նվաստացում էր հենց դատարանի նկատմամբ ` «այ դուք այսպիսին եք դատարաններ, ինչ կուզենք` կանենք»,-ասաց իրավապաշտպանը:
Ավետիք Իշխանյանի խոսքով ընդհանրապես անպատժելիությունը ծնում է հետագա բռնություններ:
«Երբ իրավապահ մարմնի աշխատողներն անպատիժ են մնում, ապա դա նրանց ավելի է թևեր տալիս հետագա անօրինականությունների համար, դա շատ պարզ հասկացություն է»,-ասաց նա:
Քաղաքացիական հասարակության տեսակետից, եթե դիտարկենք, ապա հիմնական զարգացումների հիմքում ընկած էր հետևյալ տրամաբանությունը` լայն չափով կրճատել քաղաքացիական հասարակության գործունեության դաշտը, այս մասին Tert.am-ի հետ զրույցում, ամփոփելով անցած 2017 թվականն, ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
«Այսինքն` մասնակցային գործընթացի, որոշումների կայացման մեջ քաղաքացիական հասարակության դերի ազդեցության առումով ակնհայտ հետընթաց եմ գնահատում, որովհետև ամենատարբեր օրենսդրությամբ քաղաքացիական հասարակության մասնակցության և գործունեության նկատմամբ սահմանափակումները մեծացան, խոսքը վերաբերվում է թե՛ ընտրական գործընթացներին, դիտորդական առաքելության իրականացմանը., թե՛ ԶԼՄ-ների թվի սահմանափակմանը, նաև քաղաքացիական հասարակության կողմից առաջարկների, դիտարկումների հաշվի առնելուն ընդունվող որոշումներում»,-ասաց իրավապաշտպանը:
Ընդունված որոշումներից որպես ամենաթարմ օրինակը իրավապաշտպանը նշեց դատական վերջին օրենսգրքի հետ կապված կամ նույն հկ-ների մասին օրենքում արված փոփոխությունները, որն ըստ նրա, ակնհայտորեն հակասում է նույնիսկ ՍԴ` դեռևս 2010 թվականի դիրքորոշմանը` դատարաններում որպես պատշաճ հայցվոր հանդես գալու սահմանների կրճատման առումով, որովհետև ՍԴ –ն ճանաչել էր հասարակական կազմակերպության իրավասությունը հանրային շահի` որպես ներկայացուցիչ հանդես գալու հարցում:
«Փաստաբանական կորպուսի նկատմամբ ճնշումները, սահմանափակումները, ցավոք, նաև պալատի վիճակը, նպաստեց այս հետապնդումներին` լրագրողների նկատմամբ բռնությունների փաստերով պատշաճ քննության չիրականացումը, մեղավորներին պատասխանատվության չենթարկելու հանգամանքը: Ընդհանրապես քանակի մասին չէ խոսքը, այլ որակական հետընթացի: Ամենից խայտառակությունը դատարանի շենքում մեղադրյալների նկատմամբ բռնությունն էր Ոստիկանության կողմից: Դա ուղղակի իշխանության վերաբերմունքն էր դատական իշխանությանը` որպես անկախ մարմնի»,-ասաց Արթուր Սաքունցը:
Անդրադառնալով 2017 թվականին անցկացված հասարակական բողոքի տարաբնույթ ակցիաներին, իրավապաշտպանը նկատեց, որ հանրության շրջանում իրավիճակի դժգոհության մակարդակը ակնհայտ է, որը դրսևորվում է առանձին բողոքի ցույցերով, ակցիաներով, բայց խնդիրը հետևյալն է, որ որոշումների վրա ազդեցություն չունենալու, այդ բողոքի միջոցով բարձրացված հարցերին իշխանությունների կողմից ուշադրություն չդարձնելու վարքագիծը հանգեցնում է հիասթափության:
«Այսինքն` նույն զինապարտության և զինվորական ծառայության մասին օրենքում փոփոխությունները կատարվում են կամ այդ օրենքը քննարկման է դրվում առանց հաշվի առնելու այդ նույն ժամանակ բողոքողների կարծիքները, սա առաջ է բերում խորը հիասթափության և իրապես այստեղ գալիս է խնդիր՝ լավ էլ ի՞նչ ձևեր կան: Առաջարկները ներկայացվում են, մտահոգությունները ներկայացվում են, օրենսդրական նախագծերի վերաբերյալ համապատասխան մոտեցումները ասվում են, բողոքի ցույցերը անցկացվում են, բայց այս ամենը հաշվի չեն առնում, առաջ է գալիս որոշակի ապատիա: Եվ այդ ապատիան չպետք է դիտարկել որպես սոցիալական շարժումների արդյունավետության նվազում, ավելի շատ պետք է խոսել իշխանությունների կողմից քաղաքական կամքի բացակայության մասին, որևէ փոփոխություն կատարելիս հաշվի առնել հանրային կարծիքը, բայց հետաքրքիրն ինչն է, հանրային կարծիքին հղում են կատարում ըստ իրենց շահերի»,-ասաց իրավապաշտպանը`ավելացնելով, որ օրինակ, եթե ընտրությունների արդյունքների վերաբերյալ չկա հանրային բողոք, ասում են տեսեք, քանի որ բողոքներ չկա, հետևաբար օրգանական է արդյունքները:
«Իսկ երբ որ կան բողոքի ցույցեր, ասում են` գիտեք դրանք որևէ նշանակություն չունեն, որովհետև փոքրամասնություն են: Այստեղ ըստ շահերի, ըստ քաղաքական նպատակահարմարության հղում կատարել հանրության վերաբերմունքին կամ ընդհանրապես հաշվի չառնել այդ հանրության կարծիքը դարձել է այդ ընտրողական մոտեցում ասածի տիպիկ դրսևորում, որը հանդիսանում է իշխանության գործելակերպի տրամաբանություն: Եվ այս պարագայում, իհարկե, ցավում եմ , որ իշխանությունը չի ընկալում կամ չի գիտակցում իր նման պահվածքի տխուր հետևանքները»,-ասաց Սաքունցը:
Ըստ նրա իշխանությունը պետք է հաշվի առնի այսպես կոչված քաղաքական խավի կարծիքը. մարդկանց, որոնք օppinion maker-ներ են, այսինքն` դիրքորոշումներ ձևավորողներ:
Իրավապաշտպանի կարծիքով այս առումով ակնհայտ հետընթաց կա Հայաստանում մարդու իրավունքների ռազմավարության, գործողությունների պլանի հետ կապված: Իսկ խոսելով արդեն 2018 թվականի մասին, Արթուր Սաքունցը նշեց. «2018 թվականին մենք, ցավոք սրտի, կունենանք ինստիտուցիոնալացված ավտորիտարիզմ, որի շրջանակում ցնցումները, բողոքի ցույցերն արդեն անխուսափելի են, որովհետև լուծումներ չեն տրվում խնդիրներին և միակ մեթոդը մնալու է դրանք ճնշելը, դրանց լռեցնելը և դրանց կառավարումը»: