Սերժ Սարգսյանը հերթով հեռացնում է. Ո՞վ է հաջորդը
18:03, December 8, 2017 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՄեր զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը
Պարոն Սաքունց, ինչպե՞ս եք գնահատում ՊՆ-ում վերջին փոփոխությունները, մասնավորապես օրերս ՀՀ Զինվածուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնիցազատվեց գեներալ լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը՝ իրաշխատանքում թերանալու պատճառաբանությամբ։ Ի՞նչ է տեղի ունենում: Երբևէ նման ձևակերպմամբ որևէ գեներալ չէր ազատվել պաշտոնից:
Ժամանակին, երբ ես անդրադարձա Վիգեն Սարգսյանի պաշտպանության նախարար նշանակվելու հարցին, դա գնահատեցի հետևյալ կերպ, որ միակ ինստիտուտը, որ դեռևս չի հաջողվել Սերժ Սարգսյանին հնազանդեցնել, ՊՆ-ն է, և այդ նպատակով էլ Վիգեն Սարգսյանին նշանակեց պաշտպանության նախարար: Եվ նույնիսկ գնահատական տվեցի, որ ՊՆ-ն ԶՈՒ-ն վերածելու է ազգային գվարդիայի: Վիգեն Սարգսյանը բացարձակապես ոչ քաղաքական գործիչ լինելով և ոչ էլ ԶՈՒ-ին ծանոթ անձ լինելով, նշանակվեց մի տեղ, որտեղ պետք է կատարի այդ առաջադրանքը, և ով, եթե ոչ Սերժ Սարգսյանը, առավել քան լավ գիտի՝ ովքեր են առանցքային դեր ունեցող գործիչները ՊՆ-ում և ԶՈՒ-ում: Խոսքը չի վերաբերում որակին, նկատի ունեմ չկոռումպացված, ազնիվ, անկեղծ, նման հասկացություններ չեն կարող գոյություն ունենալ ՀՀ որևէ կառույցում, խոսքը վերաբերում է քիչ թե շատ ինքնուրույնություն կամ նման կարողություններ ունեցող գործիչներին: Եվ այս գործընթացը վաղուց է սկսվել: Առաջինը եղավ 2008-ին, երբ նախագահական ընտրություններին նախորդած ժամանակահատվածում Ազատության հրապարակում հնչում էր Մանվել Գրիգորյանի անունը, որ նա աջակից է ընդդիմությանը: Համաձայն ենք, թե ոչ, բայց ըստ էության, ՊՆ առանձին գործիչները դիտվում են որպես քաղաքական պրոցեսների վրա ազդեցություն ունեցողներ: Ժամանակի ընթացքում Մանվել Գրիգորյանը, Սեյրան Սարոյանը, Գագիկ Մելքոնյանը, Սեյրան Օհանյանը, այսինքն՝ բոլոր այն գործիչները, ովքեր ղարաբաղյան պատերազմի արդյունքում ձեռք էին բերել որոշակի հեղինակություն և կարող էին այն քաղաքական կապիտալի վերածել, աստիճանաբար հեռացվում են: Այսինքն՝ Սերժ Սարգսյանը հետևողականորեն գնում է միանձնա իշխանության ձևավորման տրամաբանությանը: Կրկնում եմ, խնդիրն այն չէ՝ նրանք ավելի լավն են, քան ինքը, կամ ինքն ավելի լավն է, քան նրանք, կամ ավելի քիչ կոռումպացված, բոլորն են կոռումպացված, բայց խոսքը վերաբերում է որոշակի ինքնուրույնություն ունեցողներին: Այդպիսին էր Հովիկ Աբրահամյանը, ով բավական լուրջ հավակնություններ ուներ և լուրջ ազդեցություն ուներ հենց ՀՀԿ-ի ներսում: Այդպիսի ազդեցություն ուներ Գագիկ Ծառուկյանը, որը ոչ իշխանական ճամբարում էր: Բոլորին հերթով Սերժ Սարգսյանը հեռացնում էր դաշտից:
Իսկ դրանով իր դիրքերն ամրանո՞ւմ են:
Չեմ կարող ասել ամրանում են, թե ոչ, խոսքը վերաբերում է նրան, թե ինչ տրամաբանություն է գործում: Եվ պետք է ասեմ, որ բավական հմուտ օգտագործում է մարդկային թուլությունները, մարդկանց խոցելի կողմերը, ավելին՝ ստեղծում է այնպիսի պայմաններ, որպեսզի մարդիկ հայտնվեն խոցելի վիճակում, կամ թույլ տան սխալներ: Եվ ես կարող եմ ենթադրել, որ հաջորդ գործիչները լինելու են Վովա Գասպարյանը և Աղվան Հովսեփյանը: Սրանք այն եզակի անձանցից են, ովքեր քիչ թե շատ ունեն ինքնուրույնություն, չնայած հրապարակավ հպատակությանը, որ ցույց են տալիս Սերժ Սարգսյանին, բայց այն անձինք ենք, ովքեր գալիս են 80-ականներից: Սերժ Սարգսյանը շարժվում է այս տրամաբանությամբ, որպեսզի հնարավոր բոլոր խոչընդոտները, որոնք կարող են գլխացավանք առաջացնել իր մենիշխանությանը, վերացնի: Այստեղ ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը բավական վատ է սերտել պատմության դասերը, որովհետև որևէ բացարձակ մենիշխանություն երբևէ ամուր չի եղել և չի էլ կարող ամուր լինել, քանի որ այն անբնական է, թեկուզ որոշ ժամանակ էլ գոյատևի, և անարդյունավետ է այնպիսի իրավիճակում, որում գտնվում է ՀՀ-ն՝ սոցիալական, քաղաքական, տնտեսական բավական լուրջ խնդիրների պարագայում:
Անկանխատեսելի զարգացումնե՞ր կարող են լինել:
Անկանխատեսելի իրավիճակներ կարող են լինել՝ թե արտաքին, թե ներքին, որովհետև համակարգի կայունությունը պայմանավորված չի կարող լինել մեկ անձի միջոցով բոլոր հարաբերությունների ձևավորմամբ, այսինքն՝ պետք է երկիրն ունենա մի քանի ազդեցության գործոններ՝ տնտեսական, քաղաքական բազմազանություն, սոցիալական բավական լուրջ բազմազանություն, իսկ հիմա ավելի շատ միատարր է գնում՝ սև և սպիտակ, աղքատներ և ծայրաստիճան հարուստներ: Այն ամբողջությամբ կենտրոնացված է մեկ անձի վրա, իսկ մեկ անձի վրա կենտրոնացված իշխանություն ունեցող պետությունը խիստ խոցելի է: Այդ առումով, Սերժ Սարգսյանը մենիշխանությունն ամրապնդելով՝ թիրախավորում է իրեն:
Հնարավո՞ր է իշխանության ներսում մեկ այլ բևեռի ձևավորում՝ հաշվի առնելով նաև Կարեն Կարապետյանի դիրքերի թուլացումը:
Պետք է ընդունել հետևյալը՝ Կարեն Կարապետյանը Սերժ Սարգսյանի ընտրություն օպերացիան էր, քանի որ ՀՀԿ-ն ընտրազանգվածին առաջարկելու բացարձակ որևէ ծրագիր, գաղափար չուներ: Եվ ինքը բավական լավ մշակված քաղաքական տեխնոլոգիայով նշանակեց Կարեն Կարապետյանին վարչապետ, ով Արփինե Հովհաննիսյանի հետ միասին ՀՀԿ-ի ողջ նախընտրական արշավը ծածկեց արտաքին տվյալներով: Որովհետև չկար ՀՀԿ-ական հրապարակային այնպիսի գործիչ, որ հայտնվեր հանրության առջև և չարժանանար այն գնահատականին, որ Էլեկտրիկ Երևանի ժամանակ տվեցին Արմեն Աշոտյանին: Եվ Արփինե Հովհաննիսյան-Կարեն Կարապետյան տանդեմով այդ բացասական ամբողջ կուտակված էներգիան կանխեցին: Կարեն Կարապետյանն իր ֆունկցիան կատարել է, և նրան միանշանակ պետք է հեռացնել: Այնպես որ, այդ համեմատությունները կամ փորձերը, թե Կարեն Կարապետյանը կարող է լինել այլընտրանք, կամ եթե Կարեն Կարապետյանը նման բան է մտածում, ուրեմն առնվազն միամիտ է, չի հասկացել, թե ինչի մեջ է ներքաշվել և ավելի մեծ իմաստ է տվել իր դերին, քան իրականում տրված է եղել: